Տիգրանակերտի պեղումների արդյունքում արժեքավոր գտածոներ են հայտնաբերվել
Արցախում Տիգրանակերտ քաղաքի պեղումները շարունակվում են, որն այս տարի վերսկսվել է հունիսի 25-ից: Tert.am-ի հետ զրույցում Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նշեց, որ այս ընթացքում արդեն հասցրել են բավական արժեքավոր գտածոներ ու կառույցներ հայտնաբերել:
Ըստ նրա՝ պեղումներն ընթանում են երեք տեղամասերում.«Առաջինը ամրացված թաղամասն է, որտեղ շարունակվում ենհյուսիսային պարսպապատի պեղումները: Այստեղ նոր շրջանաձև աշտարակ է հայտնաբերվել, որն այդ շարքի մեջ երկրորդն է, տրամագիծը մոտ 9 մետր է, սրբատաշ քարերով, ծիծեռնակապոչ կապերով և այլն»։
Նրա խոսքով՝ երկրորդ տեղամասն անտիկ թաղամասն է, որը հայտնաբերվել է 2010թ-ին և այդ ժամանակ միայն հնագիտական աշխատանքներ են կատարվել։ «Այս տարի լայնածավալ պեղումներ ենք սկսել այդ թաղամասում: Դա կարևոր է նրանով, որ եթե պեղումների մյուս մասերում միջնադարը շատ ավելի հզոր էր և դրա ստորին՝ անտիկ շերտն այդքան էլ լավ չէր պահպանվել, ապա այս թաղամասում անտիկ շերտը մինչև 2 մետր հաստությամբ շատ լավ վիճակում է: Այստեղից հոյակապ նյութ է դուրս գալիս, հատկապես, այդ ժամանակի շատ ընտիր խեցեղեն՝ բավական նուրբ պատրաստված, նույնիսկ կան ժամանակին Տիգրանակերտ ներմուծված խեցեղենի օրինակներ: Մենք հույս ունենք, որ այդ թաղամասի հետազոտությամբ Տիգրան Մեծի կառուցած քաղաքի մասին շատ բան կարող ենք իմանալ»,-ասաց նա:
Իսկ արդեն երրորդ տեղամասն, ըստ Համլետ Պետրոսյանի, կենտրոնական թաղամասն է, որտեղ հետազոտվում են բազիլիկ եկեղեցուն կից հյուսիսային բակը։ «Այստեղ էլ վաղ միջնադարում բավական շատ շինություններ են եղել կառուցված: Հույս ունենք, որ եկեղեցուն կից նոր նյութեր ենք հայտնաբերելու: Ի դեպ, եկեղեցին հյուսիսային երկու մուտք ունի, այն դեպքում, երբ նման եկեղեցիները, որպես կանոն, հյուսիսից կամ մեկ մուտք են ունենում, կամ չեն ունենում»,– բացատրեց նա:
Համլետ Պետրոսյանը հույս հայտնեց, որ այս տարի եկեղեցու հյուսիսային բակում հզոր մի կառույց կհայտնաբերեն, որովհետև հետքերն արդեն նշմարվում են:
Հայտնաբերված կառույցներից նա կարևորեց նաև քաղաքի տարածքում ժայռափոր հնձանի հայտնաբերումը։ «Այդ հնձանը լրիվ ժայռի մեջ է փորված, հատուկ հարթակ է, առագաստ, որտեղ խաղողը ճզմել են, նաև ժայռի մեջ հատուկ փորված տարողություն կա: Հնձանը մոտ կես տոննա խաղողի համար է եղել նախատեսված: Սա շատ հետաքրքիր է, քանի որ մենք այդպիսի ժայռափոր հնձաններ չունենք և, կարծում եմ՝ քաղաքի տնտեսության համար շատ հետաքրքիր է»,– ասաց նա:
Ապա արշավախմբի ղեկավարն անցավ գտածոների թվարկմանը: Ըստ նրա, բացի անտիկ շրջանի շատ լավ պահպանված խեցեղենից, հայտնաբերել են նաև ապակյա ապարանջանների շատ մեծ գտածոններ։ «Շատ հետաքրքիր նոր տիպի անօթներ, որ մինչև այդ Տիգրանակերտում հայտնաբերված չէին, բազմաթիվ դրամներ, դանակների և երկաթի, այլ գործիքների մասեր»,– նշեց նա:
Հնագետը նշեց, որ իրենց հիմնական նպատակներից է հյուսիսային պարսպապատի ամրացված թաղամասի ընդարձակումը, քանի որ մինչև հիմա չգիտեն, թե ամրացված թաղամասի մուտքը որտեղից է. «Այս տարի գուցե մուտքը գտնենք»:
Հնագիտական արշավախմբի ղեկավարը նշեց, որ այս տարվա պեղումներն ընդգրկել են մոտ 700-800 քմ, իսկ ամեն տարի պեղում են մոտ 1000-1200 քմ: «Այսինքն, 1/100 հա չափով, այն դեպքում, երբ քաղաքը 60 հա տարածություն է զբաղեցնում»:
Համլետ Պետրոսյանն ասաց, Արցախի Տիգրանակերտ քաղաքն ամբողջությամբ հետազոտելու համար կպահանջվի մոտ 20 տարի: Ի դեպ, պեղումներն սկսվել են 2006 թվականից:
«Շատ հետաքրքիր է, բայց ամեն տարի գնալով պեղումների համար նախատեսվող միջոցներն ավելի նվազում են: Հիմա հնավայրում աշխատում են 40 բանվոր և արշավախմբից 8 հոգի, իսկ ուսանողները գալիս, գնում են: Պեղումներն այս տարի նախատեսված են 50 օր, այսինքն՝ մինչև օգոստոսի 20-ը»,- եզրափակեց Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
Tert.am
ArmAr.am












