Պետք է պահպանենք սիրիահայ համայնքը, այն մեր ներկայությունն է Մերձավոր Արևելքում. արաբագետ
Սիրիայի հայ համայնքը լավագույնս կազմակերպված է, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը. «Այլ կարծիք չի կարող լինել և դրա ապացույցն այն է, որ հայ համայնքի դեմ որևէ կոնկրետ գործողություն մինչև օրս չկա, սա ցույց է տալիս, որ հայ համայնքը կարողացել է պահպանել գրագետ չեզոքություն, որը ես անվանում են սիրիամետ դիրքորոշում, ինչի հիմքը Սիրիայում կայունության պահպանումն է»,-ասաց նա:
Ինչ վերաբերվում է սիրիահայերի ներհոսքին, ապա նրա կարծիքով՝ դրանք մասնավոր դեպքեր են. «Այսինքն՝ համայքնի ամբողջական վերաբնակեցման մասին խոսակցություններ նույնիսկ չկան»,-ասաց նա և համոզմունք հայտնեց, որ, համենայն դեպս, այս փուլում, այդ մասին խոսելը սխալ է:
Նա կոչով դիմեց բոլորին, լինել առավել սթափ ու բանականորեն վերաբերվել իրավիճակին: «Այո, գուցե կան հուզական, զգացմունքային դիմումներ, կոչեր, բայց մենք պետք է հասկանանք, ինչպես առանձնացնել մեր շահերը և համակարգել մեր գործողությունները: Մեր բոլորիս՝ թե՛ իշխանությունների, թե՛ Սփյուռքի, և թե՛ հայ համայնքի գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն սիրիահայ համայնքի պահպանմանը, որովհետև այդ համայնքը մեր ներկայությունն է Մերձավոր Արևելքում, Սիրիայում»,-նշեց նա և հիշեցրեց, որ այսօր ամբողջ աշխարհում բոլորը ձգտում են հաստատվել Սիրիայում, և այդ դեպքում ինչո՞ւ հայերը պետք է զիջեն իրենց դիրքերը և տեղափոխվեն Հայաստան կամ ցրվեն աշխարհով մեկ:
« 23 միլիոնանոց Սիրայիում մեր 60 000 համայնքն ունի լուրջ դերակատարություն և ներկայացված է Կառավարությունում: Սա ցույց է տալիս, որ ունենք լուրջ դիրքեր և պետք է մեր գործողություններն ուղղենք, աշխատենք հայ համայնքի պահպանման ուղղությամբ»,-ասաց նա:
Ըստ Արմեն Պետրոսյանի՝ սիրիահայերին այսօր ավելի շատ անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն և նա խորհուրդ է տալիս քաղաքական ուժերին, գնալ և տեղում ծանոթանալ իրավիճակին: «Նման ձևով ոգեկոչելը շատ ավելի ընդունելի է: Քաղաքացիական ակտիվությունը նույնպես ողջունելի է, բայց այնպես անենք, որ անզգույշ հայտարարություններով սեպ չխրենք հայրենքի ու սփյուռքի միջև: Նման հայտարարությունները կվնասեն հայրենիքին, և ոչ թե իշխանություններին, իշխանությունները մի օր կգնան, իսկ հայրենիքը միշտ կա»,- եզրափակեց քաղաքագետը:
Tert.am
ArmAr.am












