Գլխավոր » Hay-turq, TOP, Լրահոս, Վերլուծական

ԼՐԱՑԱՎ ՀԱՂԹԱԿԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ 25-ԱՄՅԱԿԸ

Փետրվար 13, 2013թ. 11:49

ArzaxՆերքաղաքական թոհուբոհի մեջ կարծես մոռացանք, որ լրացավ Արցախյան գոյամարտի 25 տարին: Քառորդ դար, որ լեցուն էր բազում կարեւոր իրադարձություններով, բայց որի վրա ամեն դեպքում կա հաղթանակի կնիքը:
Դա մի ժամանակահատված էր, որ սկզբնավորվեց որպես հանրահավաք ու մասսայական դժգոհություն, բայց հետագայում կիսավայրենի ու վայրենի հարվածների տակ առնականացավ ու ինքնապաշտպանական ու ազգապաշտպան բնազդով դարձավ գոյության կռիվ, վերաճեց իսկական ու ժամանակակից զինատեսակներով մղվող պատերազմի:
Միջազգային բազմաթիվ ատյաններում ու հանձնաժողովներում չարչրկված Արցախյան հարցը ժողովրդի հավաքական բնազդով ու դժվար կենսափորձի շնորհիվ միայն չմտավ փակուղի, որովհետեւ ոչինչ չարժեցող քննարկումների, միջազգային այլեւայլ կազմակերպությունների ընդունած նույնպես ոչինչ չարժեցող որոշումների ու պայմանագրերի փոխարեն ազգը վերցրեց զենքը եւ բարոյազուրկ քաղաքակրթությանը ստիպեց հարգել ընդունված ու գործող միակ օրենքը` ուժը:
Հիշենք. Արցախի պայքարն սկսվեց հիմնահարցի քաղաքակիրթ լուծումներ գտնելու նպատակով, սկսվեց ընդունված բոլոր օրենքներին ու համաձայնագրերին համապատասխան եւ ժամանակին նորմալ հասարակարգի եւ իրոք համաձայնագրեր հարգող աշխարհի առկայությամբ կարող էր լուծվել քաղաքակիրթ ճանապարհով, առանց արյունահեղության:
Արցախը այս առումով արեց ամեն ինչ, արեց ավելին, քան հնարավոր էր` համբերատար սպասելով խնդրի կարգավորմանը:
Այդ ընթացքում էլ սկսվեցին հիմնահարցի միջազգային ծամծմոցը, անընդհատ փակուղում հայտնված հանդիպումներն ու քննարկումները, որոնց զուգահեռ` քաղաքակիրթ ճանապարհով խնդրի կարգավորման իրենց հավատամքն արտահայտող կազմակերպությունների ու միջնորդ պետությունների աչքի առաջ թուրքի լկտիությամբ ու հետեւողականությամբ սկսվեց եւ Արցախի հայաթափումը:
Այլեւս գիտակցված էր կատարված փաստից հետո դրան նվիրված քննարկումների եւ միջազգային ատյանների ընդունած որոշումների «օգտակարությունը»: Դրանք կարող են տեւել տասնամյակներ, որոնց ընթացքում բռնազավթված տարածքներում զավթիչներն աճում ու բարգավաճում են եւ, ի վերջո, աշխարհը մոռանում է այդ մասին: Նախիջեւանը դրա վառ ապացույցն է: Այսօր մենք կարո՞ղ ենք որեւէ մեկին, եթե այդ մեկը հայ չէ, ապացուցել այդ տարածքում մեր երբեմնի գոյությունը, կամ ի՞նչ կտա դա մեզ` շոշափելի ոչինչ:
«Հայկական հարցի» ողբերգությունն էլ շատ առումներով վերոհիշյալի մեջ է` բարոյական չափանիշներ, պատմական իրավունք, բազմադարյան ապացույցներ եւ այդ ճշմարտությունը ուրիշներին պարտադրելու փաստական անկարողություն: Բայց միայն պարտադրելու այդ կարողությունը բավական է, որ ավելորդ դառնան մյուսները: Հակառակ դեպքում հայրենիքիդ ամայացումն ու հայրենակիցներիդ աստիճանական վերացումը աշխարհաքաղաքական այս տարածքում դառնում են անխուսափելի, միայն ժամանակի հարց:
Ճիշտ է, որ յուրաքանչյուր սերունդ նորովի, «առաջին» անգամ է ընկալում աշխարհը, գոյության ու համակեցության կանոնները փորձում մեկնաբանել յուրովի: Բայց ձեւավորված ժողովրդի սերունդները պարտավոր են նաեւ հավաքական գիտակցությամբ արժեւորել ազգի գոյատեւման խորհուրդը, անտեղի ու անիմաստ խրխնջոցով չխլացնել բանականության ձայնը:
Իսկ այն հուշում է ըմբոստը, չենթարկվողը. ծակել իմացողը կարող է տուժել, բայց կուլ չի գնում: Սրան հակառակ, ստույգ մահ է նապաստակի պատրաստակամությամբ վիշապի երախը մտնելը, ավելին` երախի ճանապարհին էլ մյուսներին համոզելը, թե գնում ես քեֆի:
Անցյալ դարասկզբին մեր իրական անկարողության հիման վրա ահագնացած ողբերգությունը հաստատ այդ ընդգրկումն ու տարողությունը չէր ունենա, եթե ծրագրված քաղաքականությամբ ազգը զրկված չլիներ կռվող բազկից, եթե լիներ կազմակերպված դիմադրություն: Անժխտելի է, չէ՞, վերջապես, այն փաստը, որ փրկված բեկորներն էլ փրկվել են ոչ թուրքի ողորմածության, այլ միայն ինքնապաշտպանության շնորհիվ: Թե՞ Զանգեզուրն էլ, Սարդարապատի հաղթանակն էլ մեզ են շնորհվել մեր հլու պահվածքի համար:
Պատմությունից քաղած թուրքի դասը հայտնի է: Արցախի հարցում էլ նա չհրաժարվեց ոչ մի անգամ իրեն հուսախաբ չարած միջոցների գործադրումից: Եվ Սումգայիթից սկսված մղձավանջը շարունակվելու, հասնելու էր Ստեփանակերտ ու չէր ավարտվելու: Մի քանի տարի հետո հայաթափված Արցախի հանդեպ նույնքան իրավունք էինք ունենալու, որքան այսօր Նախիջեւանի:
Բայց Արցախի ճակատագիրն ավելի արյունոտ էր լինելու, որովհետեւ բոլշեւիկյան ծափողջույնների աղմուկի մեջ խեղդամահ անելու փոխարեն նրան ուղղակի դաշունահար էին անելու: Առանց երկմտելու, միջազգային դիվանագիտություն կոչվածի հավատարմությանը վստահ:
Այսօր ինքնիշխան Արցախը պատմական փաստ է, գոյություն ունեցող պետություն, որն ուզեն-չուզեն ճանաչելու են: Կարեւորը մեր ամրությունն է, որի հանդեպ ոչինչ են Բաքվի սպառնալից մլավոցները:
Խաղաղությունը պարտադրվում կամ թելադրվում է հակառակորդին բանակցությունների կլոր-քառակուսի-տձեւ սեղանների շուրջը: Իսկ ինչ-որ զիջումներ անելու պատրաստակամությունը անհրաժեշտորեն ենթադրում է առանց էական կորուստների զիջումներ անելու հնարավորություն: Ուրիշ չափանիշ պարզապես չկա:
Արցախի հաղթանակը ոչ միայն Արցախը հայաթափումից փրկելու, այլեւ հենց Հայաստանը փրկելու միակ եւ արդեն վերջին միջոցն էր, որը նաեւ տալիս է հնարավորություն ունենալու կարելիություն:

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ


Դիտել Hay-turq, TOP, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն