Գլխավոր » Politics, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան

ԵՐԵՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԷԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐ ԵՆ

Հունվար 31, 2013թ. 21:38

4512_138901Նախագահի հիմնական թեկնածուների արտաքին քաղաքականության ծրագրային դրույթներն ուսումնասիրելիս համոզվում ես, որ սկզբունքային հարցերում նրանց մոտեցումները շատ չեն տարբերվում իրարից, ավելին՝ հաճախ նաեւ նույնանում են:

Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ, համակարծիք լինելով մեր դիտարկմանը, իր հերթին հավելեց, թե այդ երեւույթը ընդհանրապես ներհատուկ է հայաստանյան քաղաքական դաշտին. մեզանում, ի տարբերություն հարեւան Վրաստանի, ուր առկա է կողմնորոշումների սուր տարանջատում, կա գաղափարական համերաշխություն:
Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, բայց միմիայն նախապայմանների բացակայության պարագայում. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում այսպիսին են թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի տեսակետները:
«Մենք պատրաստակամ ենք լինելու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման հարցում` համարելով, որ դրա հիմքում չեն կարող ընկած լինել ո՛չ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից հրաժարվելու, ո՛չ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված եւ ո՛չ էլ այլ նախապայմաններ». նշված է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում:
Հրանտ Բագրատյանն իր հերթին կատարում է հետեւաբար վերապահումը. «ՀՀ-ն Թուրքիայի հանդեպ իր քաղաքականությունը պետք է ձեւավորի ի գիտություն ընդունելով այն հանգամանքը, որ այդ երկիրն առայժմ անընդունակ է Հայաստանի հետ միջպետական փոխհարաբերություններ հաստատել»:
Վերլուծաբան Սերգեյ Մինասյանը թեկնածուների այս շեշտադրումները խիստ իրատեսական է համարում՝ նկատելով. «Այս հարցերում կա մի սահման, որից այն կողմ անգամ արմատական քաղաքական գործիչը չպետք է անցնի: Եվ դա մենք տեսնում ենք Բագրատյանի մոտեցումներում, ինչը ողջունելի է»:
Արցախյան հիմնախնդրի կարգավորումը մշտապես համարվել է հայաստանյան քաղաքական ուժերի արտաքին քաղաքականության հիմնաքարը: Եվ նախագահական ընտրություններին ընդառաջ բնական է, որ այն իր ծանրակշիռ տեղը պետք է ունենա թեկնածուների մոտեցումներում: Այս հարցում եւս հիմնական քաղաքական գիծը նույնն է` Արցախի Հանրապետությունը երբեք չի կարող Ադրբեջանի մաս կազմել, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն այլընտրանք չունի: Հիմնական տարբերությունը հետեւյալ հարցում է` Արցախը տեսնել Հայաստանի կազմո՞ւմ, թե՞ երկրորդ հայկական պետություն:
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, Արցախյան խնդիրը համարելով «Հայաստանի նախագահի գործողությունների կիզակետում», նշում է, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է խարսխված լինի հետեւյալ սկզբունքների վրա. այն է` միջազգայնորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապահովվի Լեռնային Ղարաբաղի բնակչության եւ սահմանների անվտանգությունը, եւ, վերջապես, Հայաստանն ու Ղարաբաղը պետք է ունենան ընդհանուր սահման:
«Սերժ Սարգսյանի մոտեցումներին առավել մոտ են Հրանտ Բագրատյանի մոտեցումները», որը Արցախի անկախության ճանաչումը ընդունելի է համարում միայն Ղարաբաղի իշխանությունների պաշտոնական դիմումի դեպքում։ Նաեւ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում առաջ է քաշում փոխզիջումային տարբերակի մշակումը, որը, ըստ թեկնածուի, հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ բանակցություններն ընթանան Ադրբեջանի եւ Արցախի միջեւ:
«Չնայած Ադրբեջանը դեռ սրան պատրաստ չէ, բայց այն պետք է լինի մեր ռազմավարական նպատակը, եւ Բագրատյանի կողմից դրա առաջքաշումը կարեւոր եմ համարում: Կարծում եմ, որ նույն դիրքորոշման կողմնակիցն է նաեւ Սերժ Սարգսյանը, այն առումով, որ բանակցային կողմեր համարվեն հակամարտության հիմնական կողմերը` Ադրբեջանն ու ԼՂՀ-ն, իսկ Հայաստանը հանդես գա որպես ԼՂՀ-ին սատարող կողմ»,- նկատում է Ս.Մինասյանը:
Մի քիչ այլ են Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումները, այն առումով, որ նա պնդում է, թե Հայաստանը պետք է ժամ առաջ ճանաչի Արցախի ինքնիշխանությունը:
«Իսկ ի՞նչ է մտածում Սերժ Սարգսյանն ու իր գլխավորած կուսակցությունը` ՀՀԿ-ն, մերժելով այս մոտեցումը: Նրանք կարծում են, որ ճանաչումից հետո դժվար թե իրադարձությունները փոխվեն հօգուտ ԼՂՀ-ի: Երկրորդ՝ Ադրբեջանը կարող է դա պատրվակ դարձնել եւ դուրս գալ բանակցային գործընթացից: Երրորդ՝ այն կարող է վտանգել Մինսկի խմբի բանակցային ձեւաչափը: Եվ վերջապես, կա շատ կարեւոր մի հարց. Հայաստանը հայտարարել է՝ եթե հանկարծ Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները, ապա անմիջապես կճանաչի ԼՂՀ անկախությունը»,- հիշեցնում է մեր զրուցակիցը:
Ըստ քաղաքագետի, չհայտարարելով ճանաչման մասին՝ հայկական կողմը դիվանագիտական ճիշտ քայլ է կատարում՝ այն որպես Ադրբեջանին սանձահարող ու զսպող քաղաքական լծակ պահելով իր ձեռքում: «Հակառակ դեպքում, եթե առաջնորդվենք Րաֆֆի Հովհաննիսյանի պնդմամբ ու ճանաչենք Արցախի անկախությունը, կկրակենք վերջին ոսկե փամփուշտը` վտանգելով մեր երկիրը»:
Հայաստանի պետական եւ ազգային ռազմավարական շահերից բխող կարեւորագույն պայման է` հավասարակշիռ եւ կառուցողական հարաբերությունների զարգացում աշխարհի բոլոր առաջատար պետությունների եւ ուժային կենտրոնների հետ. Սա հավասարաչափ ընդունում են երեք թեկնածուներն էլ:
Ըստ քաղաքագետի, եթե այս կարեւորագույն հարցում տարբերություններ էլ կան, ապա դրանք ոչ թե ստրատեգիական, այլ տակտիկական բնույթ ունեն, որը երբեմն դրսեւորվում է` մի քիչ ավել կամ պակաս արեւմտամետ կամ ռուսամետ լինելու մեջ: Այս առումով, երեք թեկնածուներից առավել արեւմտամետ կողմնորոշման գործիչ է համարվում Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լիբերալ ազատական հայացքներ ունեցող Հրանտ Բագրատյանի առնչությամբ Մինասյանն ուշադրություն հրավիրեց հետեւյալ փաստի վրա. «Նա եղել է Ռուսաստանի նախկին վարչապետ Եգոր Գայդարի լավագույն աշակերտներից մեկը եւ կապված է Ռուսաստանի ընդդիմադիր լիբերալ դաշտի հետ, ում հետ կապեր ունի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Սակայն Բագրատյանի գաղափարական արեւմտամետությունը միաժամանակ հակառուսական շեշտադրումներ չի պարունակում:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, քաղաքագետի կարծիքն է` գործ ունենք առավել բալանսավորված քաղաքականություն վարող գործչի հետ. կարեւորելով եվրաինտեգրումը, նա միաժամանակ մեր երկրի անվտանգության խնդիրներից ելնելով, կարեւորում է Ռուսաստանի դերը, մեծ նշանակություն տալով այդ երկրի հետ մեր ռազմաքաղաքական հարաբերություններին:
«Ի տարբերություն Վրաստանի, ուր ռուսամետ-արեւմտամետ բեւեռացումը խորն է արմատացած թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության մեջ, բարեբախտաբար մեր երկրում նման հակադրում գոյություն չունի, եւ դա շատ կարեւոր է Հայաստանի համար»,- արձանագրում է Ս.Մինասյանը:
Այսպիսով կարելի՞ է եզրահանգել, որ Հայաստանի նախագահի երեք թեկնածուներն էլ կոմպլեմենտար քաղաքականության կրողներ են: «Այո, ողջունելի է, որ անկախության առաջին իսկ օրից Հայաստանի քաղաքական էլիտան դա շատ լավ հասկացավ. մի տարածաշրջանում, ուր կա արտաքին ուժերի շահերի բախում, չափազանց վտանգավոր է կանգնել միայն մեկ բեւեռի կողքին` մերժելով մյուսին: Վրաստանը դրա փայլուն օրինակն է, ինչի հետեւանքով նրանք տարածքներ կորցրին»:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Politics, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն