Սերժ Սարգսյան. Շանտաժով Հայաստանից ոչ մի զիջում չեն կարող կորզել
ՀՀ Գործաղ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այս մասին հայտարարեց հունվարի 30-ին Վանաձոր քաղաքում ` ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականցված մահափորձից հետո գործող նախագահի խոսքերը վերընթերցման անհրաժեշտություն ունեն:
<Շանտաժի միջոցով Հայաստանից ոչ մի զիջում չեն կարող կորզել: Մեր արտաքին քաղաքականությունը պետք է շարունակվի նույն ոգով եւ տրամաբանությամբ: Դա այն ոլորտը չէ, որտեղ թույլատրելի են լուրջ փոփոխություններ: Մենք պետք է ամրապնդենք միջազգային ասպարեզներում մեր շահերի առաջմղման մեր հնարավորությունները: Պետք է ուժեղ լինենք մեր գործընկերների, բարեկամների ու թշնամիների աչքում: Դուք բոլորդ լավ պատկերացնում եք, թե ինչ մարտահրավերի ենք դիմագրավում. Ադրբեջանի եւ Թուրքիայի թշնամական դիրքորոշում, փակ սահմաններ: Թուրքիայի նախապայմանները, Ադրբեջանի ագրեսիվ, ցինիկ եւ ռասիստական կոչերը էլ ավելի են լարում իրավիճակը տարածաշրջանում: Բայց ուզում եմ ձեզ հայտարարել, որ ինչին մենք հավատում ենք, նույն բանին ստիպված է լինելու հավատալ նաեւ մեր հակառակորդը: Շանտաժի լեզվով մեզանից զիջումներ չեն կարող կորզել: Միեւնույն է, Թուրքիան չի կարող փոխել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, դրա դատապարտումը, ինչպես նաեւ սեփական հասարակությունում հնչող հարցերը, որոնք ավելի ու ավելի սուր են դրվում: Ուժի սպառնալիքով չի կարելի ծնկի իջեցնել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, կոտրել սեփական երկրում ազատ ապրելու արցախցու ձգտումը»,-ասել է նա:












