Գլխավոր » TOP, Լրահոս

«ԿԱՇԽԱՏԵՄ ԱՅՆՊԵՍ ԱՆԵԼ, ՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՀԵՏԱՁԳՎԵՆ»

Փետրվար 2, 2013թ. 19:07

4Հունվարի 31-ի կեսգիշերին մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երեկ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում վիրահատությունից հետո լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց, որ աշխատելու է այնպես անել, որ ընտրությունները չհետաձգվեն. «Իմ միակ ցանկությունն այն է, որ մարդիկ, ովքեր անհանգստացած են ինձանով, իմանան, որ ես լավ եմ եւ շարունակելու եմ աշխատել, ես միշտ աշխատել եմ: Բժիշկները ասում են, որ երկար բուժում պետք է լինի, բայց ես կաշխատեմ այնպես անել, որ ընտրությունները չհետաձգվեն:
Կա ընտրությունների հետաձգման երկու տարբերակ: Մեկը 15 օր, հարկադրված եմ դա անել, որովհետեւ ի վիճակի չեմ: Մյուսը` նոր ընտրություններ կազմակերպել եւս 40 օր անց: Ես պիտի աշխատեմ, որ այդ եւս 40 օրը չլինի, որովհետեւ ես էլ եմ մտածում այն բանի մասին, որ գործընթացի մեջ ենք, ավարտին հասցնենք»:
Հարցին, թե ո՞ւմ է կասկածում իր մահափորձի կազմակերպման մեջ, նախագահի թեկնածուն նկատեց. «Ինչ վերաբերում է կասկածներին, առաջին հերթին, ամենայն անկեղծությամբ ասեմ` կասկածում եմ օտար պետության` ինձ երկար տարիներ հետապնդած գաղտնի ծառայության, ոչ այս պետության` Ռուսաստանի, այլ նախկին, ես կասկածում եմ նրանց գործելակերպի վրա:
Որովհետեւ ես բավական շեշտակի դրեցի, որ մենք այլընտրանք չունենք, որ գնալու ենք Եվրոպա, եւ չբացառեցի, որ նույն այդ դաշինքում մենք երազում ենք տեսնել նաեւ Ռուսաստանին:
Բայց դրան զուգահեռ ասել եմ` մենք գնալու ենք Եվրոպա, Եվրոպան է մեր ապագան: Իմպերիալիստական, կայսերապաշտական Ռուսաստանից ավելի շատ վնաս ենք ստացել, քան օգուտ: Դեմոկրատական Ռուսաստանը արդեն մեր դաշնակիցն է, բնականաբար: Իրապես դեմոկրատականը:
Ես կարծում եմ, որ երբ վերջերս այդ շեշտադրումը կատարեցի, դա ոմանց ուժերն ակտիվացրեց, եւ տեսնելով, որ կա ձայների աճ, նկատելի աճ… Ենթադրում եմ, որ դրա հետ կապված է, որովհետեւ անձնական որեւէ հակառակորդ ես չունեմ»:
Պարույր Հայրիկյանը նաեւ ասաց, որ տեսել է իր վրա կրակողին, եւ եթե նորից տեսնի, կհիշի նրա դեմքը: Նաեւ ներկայացնելով իր հետ կատարվածը, նա ասաց. «Ես տեսա, եթե տեսնեմ, մի քիչ նայեմ, կհիշեմ, որ ինքն էր:
Բայց այստեղ ուրիշ խնդիր կար. պետք էր արագ ելք գտնել, որովհետեւ ես ունեի ընդամենը վայրկյանի տասնորդական մասը, նույնիսկ ավելի պակաս: Ես տեսա, որ ինձ մոտեցած մարդը ոչ թե ձեռք է մեկնում, այլ ինչ-որ լաթի մեջ փաթաթած ձեռքն ուղղում է կրծքիս:
Ես փորձեցի դժվարացնել իր դրությունը, մի կողմից ձեռքով իրեն խանգարել, մյուս կողմից շրջվել… ու կրակոցը եղավ, ես, ինչպես բռնցքամարտի ժամանակ նոկաուտ ստացած մարդը… Բայց հասկանում էի, որ չպիտի կանգնեմ: Իսկ ինքը փորձում էր էլի կրակել… Ես փորձում էի խուսափել, բայց երեւի ինքը գլխիս խփելու այդ վճռորոշ բանն էր ուզում անել:
Ես որ առաջին կրակոցը ստացա, բարձր գոռացի, ու հարեւանները դուրս եկան: Այդ երկրորդ փուլում, երբ ինքը վրա էր տալիս, ես խուսափում էի, միաժամանակ ասում էի` օգնեցեք: Որովհետեւ հասկանում էի, որ վայրկյան առ վայրկյան թուլանում եմ, հիմա այդ առանց երկրորդ կրակոցի էլ պիտի ընկնեմ: Բայց ինքը երկրորդ անգամ կրակեց:
Այդ կրակոցից լուրջ բան չկա` ընդամենը վառած վերք: Բայց երբ հարեւաններս դուրս եկան, գոռգոռացին, այդ մարդը փախավ: Ես հասկացա, որ պիտի տուն հասնեմ: Մտա ներս ու, ներողություն, չեմ հիշում»:
ԱԻՄ առաջնորդը իր դեմ կատարված մահափորձը հերթական փորձություններից մեկն է համարում. «Սա հերթական փորձություններից մեկն եմ համարում: Գիտեմ, որ սա իմ դեմ ուղղված չէ: Ցավոք սրտի: Երանի իմ դեմ ուղղված լիներ: Ուղղված է այն ծրագրերի, գաղափարների դեմ, որ ես կրում եմ ու ուզում եմ դարձնել հայ ժողովրդի սեփականությունը: Բնական է, այդ ծրագրերի դեմ պայքարողները հակառակորդ են:
Իմ գործընկերներից որեւէ մեկին դրան ընդունակ չեմ համարում, նկատի ունեմ այսօր նախագահական ընտրություններին մասնակցող որեւէ մեկին: Որովհետեւ երկու օր առաջ ես հստակ ասացի` նախագահ դառնալու դեպքում ես մենակ ոչինչ անել չեմ կարող, ես պիտի աշխատեմ բոլորի հետ»,- նշեց նա:
Ինչպես հայտնի է, երեկ Պարույր Հարիկյանին տեսակցելու է գնացել երկրի ղեկավարը: Հարցին, թե ինչ են խոսել ինքն ու Սերժ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Նախագահի հետ ես առաջին օրը չէ, որ ծանոթ եմ: Խոսեցինք տարբեր բաների մասին: Ինքը իր ցավն ու վրդովմունքը հայտնեց, ասաց, որ բոլոր միջոցները կձեռնարկվեն:
Ասացի, որ ես ընտրությունները 15 օր հետո 40 օրով հետաձգելու տրամադրվածություն չունեմ: Բայց այդ 15 օրը ակամա կստացվի արդեն: Ուզեմ-չուզեմ` դա կստացվի: Կարծում եմ, որ մինչեւ այդ ես լավացած կլինեմ»:

ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն