Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ

ՍԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է՝ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Փետրվար 2, 2013թ. 19:47

Ո՞ւմ էր պետք խաթարել նախագահական քարոզարշավի «խաղաղ արշալույսները» հայրենի քաղաքական խճանկարի թերեւս ամենագունեղ կերպարներից մեկի՝ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ահաբեկչական ակցիայով։ Նախընտրական «անհողմության» մեջ կայծակի պես ճայթած այս միջադեպը արդյոք ծառայե՞ց իր նպատակին։
Մեր հարցերին պատասխանում են ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամներ
Խոսրով Հարությունյանը եւ Արտակ Դավթյանը։

ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՂԹԱՀԱՐԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Համամիտ եմ իմ գործընկերների տեսակետին, որ այս միջադեպը հարված էր նախեւառաջ հայոց պետականությանը։ Համաձայնեք, որ մեր քաղաքական իրականության մեջ, ըստ էության, առաջին անգամ նախագահական ընտրապայքարն ընթանում էր որակապես նոր քաղաքական մշակույթի պայմաններում։ Թեկնածուներն իրենց առավելությունները մրցակիցների նկատմամբ փորձում էին ընդգծել ոչ թե դիմացինին սեւացնելու կամ միմյանց վրա ցեխ շպրտելու, այլ հանրային կյանքի կազմակերպման սեփական տեսլականը ներկայացնելու, հանրությանը ավելի գրավիչ ներկայանալու ճանապարհով։
Այսպիսի կոռեկտ ընտրապայքար երբեւէ չենք ունեցել։ Եթե մտովի տեղափոխվենք 2008 թ., հանրությունը այն ժամանակ երկփեղկված էր, մթնոլորտը՝ ծայրաստիճան շիկացած։ Այսօր, փառք Աստծո, տարբեր թեկնածուների, տեսլականների կողմնակիցները հանդարտ բանավիճում են, հանգիստ հարաբերվում միմյանց հետ։ Սա այն լրջագույն քաղաքական ձեռքբերումն է, որին հասել ենք այս 5 տարիների ընթացքում։
Եվ պետք է ասեմ առանց չափազանցության՝ այս ամենը պիտի վերագրել նույնիսկ ծանր ներքաղաքական ճգնաժամի պայմաններում (նկատի ունեմ հետմարտիմեկյան իրավիճակը) հանրապետության բարձրագույն քաղաքական իշխանության դրսեւորած հանդուրժողական, զուսպ, հավասարակշիռ քաղաքական վարքագծին։
Արդյոք սա խոստանո՞ւմ էր քաղաքական, քաղաքացիական ինստիտուտների կայացման նոր ընթացք։ Կարծում եմ՝ այո։ Արդյոք այս իրավիճակը խոստանո՞ւմ էր ժողովրդավարական ավանդույթների ամրապնդում եւ խորացում։ Անկասկա՛ծ։ Հետեւաբար հարց է առաջանում՝ ո՞ւմ էր ձեռնտու այս միջադեպը։
Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է. ընտրական գործընթացի մասնակիցներից որեւէ մեկին ձեռնտու չէր՝ ո՛չ թեկնածուներին, եւ առաջին հերթին Պարույր Հայրիկյանին, ո՛չ իշխանություններին, նախեւառաջ՝ նախագահ Սերժ Սարգսյանին. թերեւս միայն նրանց, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել, որ մեր պետականությունը, այո, կարող է կայանալ։
Որ, այո, Հայաստանում հնարավոր են ժողովրդավարական զարգացումներ, որ մենք կարող ենք, լինելով տրամագծորեն տարբեր գաղափարաբանական բեւեռներում, միմյանց նկատմամբ թշնամանք եւ թույն չշնչել։ Հավանաբար կան ուժեր, որոնց այս իրավիճակը ձեռ չի տալիս։
-Այդ ուժերին որտե՞ղ փնտրել՝ ներսո՞ւմ, թե՞ դրսում։
-Ոչինչ չեմ բացառում. դա կարող էր լինել նաեւ արտաքին միջամտության հետեւանք։ Ի վերջո, բոլորը չէ, որ հիացած են Հայաստանի կայուն, խաղաղ զարգացման հեռանկարով։ Անկայուն Հայաստանը նշանակում է նույնքան անկայուն տարածաշրջան, հետեւաբար եւ միջամտության շատ լուրջ հնարավորություններ։
Եթե այս միջադեպի «արդյունքում» թեկնածուներից մեկի համար ստեղծվեին անհաղթահարելի խոչընդոտներ, դա կարող էր առիթ դառնալ, որպեսզի ընտրությունները երկու շաբաթով հետաձգվեն։ Ինչո՞ւ չէ՝ հետագայում հնարավոր նոր «անհաղթահարելի խոչընդոտների» անվան տակ բանը կարող էր հասնել 40 օր հետո նոր ընտրությունների անցկացման՝ նոր առաջադրումներով եւ բացարձակապես նոր քաղաքական կոնֆիգուրացիայով։
Գուցե մահափորձի հեղինակներն այդ նպատա՞կն էին հետապնդում։ Համաձայնեք, որ այս մեկնաբանություններն անհիմն չեն։ Բոլոր դեպքերում՝ անկախ շարժառիթներից, մի բան ակնհայտ է՝ սա սադրանք էր թե՛ մեր ժողովրդի, թե՛ ժողովրդավարության, թե՛ պետության, թե՛ առաջին հերթին իշխանությունների դեմ։
-Կարելի՞ է արձանագրել, որ սադրանքը չծառայեց իր նպատակին։
-Որքան գիտեմ, Պարույրը իրեն բնորոշ քաղաքացիական խիզախությամբ դեռ մինչեւ վիրահատությունը ասել է, որ իր հանդեպ որեւէ անհաղթահարելի խոչընդոտ չի տեսնում։ Նման վերաբերմունքը միայն հիացմունք կարող է առաջացնել։
Եթե Պ.Հայրիկյանը չփոխի իր դիրքորոշումը, հանրությանը կներկայանա որակապես նոր վարկով՝ իր կենսագրությանը էլ ավելի կարեւոր քաղաքական կապիտալ ավելացնելով, եւ անկասկած, «շահագրգիռ ուժերի» հաշվարկները ի չիք կդառնան։
Համոզված եմ, որ մեր հանրությունը կհաղթահարի այս փորձությունը, եւ ընտրական գործընթացը կվերադառնա իր բնականոն ընթացքին։ Ավելին՝ վստահ եմ, որ ընտրություններից հետո մեկս մյուսին շնորհավորելու ենք, անկախ նրանից, թե ով հաղթեց՝ թափանցիկ, ժողովրդավարական ընտրությունները լինելու են բոլորիս հաղթանակը։

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԵՆ ՓԱՍՏԸ

ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆ
-Ես կխոսեմ ոչ թե կոնկրետ միջադեպի, այլ երեւույթի մասին։ Այն, ինչ տեղի ունեցավ՝ նախեւառաջ մեր պետության դեմ ուղղված քայլ էր, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով։
Ի՞նչ է կատարվել։ Ընթանում էր շատ նորմալ, կոռեկտ ընտրապայքար, քաղաքական գործընթաց, որը շահեկանորեն տարբերվում էր նախորդներից՝ այն շիկացած մթնոլորտը, որով առանձնանում էին նախկինում անցկացված նախագահական ընտրությունները, երբ առճակատումը հասնում էր կիզակետին, եւ հասարակությունը «կիսվում» էր հակամարտող ճամբարների։
Ինչ-որ մեկին (կոնկրետ անձի նկատի չունեմ) ըստ երեւույթին ձեռ չէր տալիս, որ գործընթացը շարունակվի այս հունով, եւ մի օր վերջ տրվի այն ամենին, ինչը բերում էր թշնամանքի եւ առճակատման։ Բնականաբար պետք է այս ամենից հետեւություններ անենք, փորձենք հասկանալ՝ ում ձեռնտու չէր, որ մենք, ի վերջո, դուրս գանք այդ արատավոր շրջանից եւ հաստատուն, կայուն զարգացման ճանապարհի սկիզբը դնենք. մեր երկիրը ունի շատ բարեկամներ, բայց թշնամիների պակաս էլ երբեւիցե չենք զգացել։
-Այսինքն՝ դուք եւս չեք բացառում, որ այս միջադեպը կարող էր թելադրված լինել արտաքին «ազդակներով»։
-Ոչինչ չեմ ուզում բացառել, սկսած որոշակի արտաքին ուժերի, ոչ բարեկամ երկրների միջամտությունից, վերջացրած անձնական ինչ-ինչ շարժառիթներով. անձնական ասելով՝ իհարկե, նկատի չունեմ, թե ինչ-որ մեկը կոնկրետ թեկնածուի հետ խնդիրներ ուներ։
Մի բան կարող եմ ասել՝ անկախ ամեն ինչից, միջազգային դիտորդներն իրենց եզրակացությունների մեջ նշելու են թեկնածուի նկատմամբ կատարված անընդունելի ոտնձգության փաստը, որպես այդպիսին, եւ դա արդեն իսկ չի կարող դրական լինել մեր երկրի համար։ Կարող եմ ենթադրել, որ սադրիչների նպատակը կամ նպատակներից առնվազն մեկը հենց դա էր. գոնե այդ մասով հասել են իրենց նպատակին։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն