ՆԵՐՔԻՆ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ Է
Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակը, ոխերիմ հարեւանների առկայությամբ, բավական բարդ է, ճկուն քաղաքականություն պարտադրող երեւույթ, ուստի, ներքին ամրությունը հրամայական պահանջ է: Այն էլ այնպիսի կարեւորագույն քաղաքական իրադարձության շեմին, ինչպիսին է հանրապետության նախագահի ընտրությունը:
Աշխարհին պիտի ներկայանանք հերթական խեղճությունը գրկա՞ծ, թե՞ «գործի միջի» մարդու ինքնավստահությամբ` մեր ընտրությունն է եւ պահանջելու կարողությունն ու իրավունքը:
Որ թեկնածուն ուզում է, թող ընտրվի, մեր քաղաքացիական իրավունքը բոլորից է բարձր: Ու կլինի բարձր, եթե թմրած ու քնած չէ հասարակությունը: Եթե հիմա էլ քնեց, իրեն առավոտի մեջ ունենալն է դառնում կասկածելի ու տոհմի գիտակցությունը` սկուտեղի վրա դրած, միջազգային ատյաններին որպես նախաճաշ մատուցվող անօգնականություն:
Բանից պարզվում է, Իսահակյանը, ինչպես բոլոր մեծերը, ճիշտ էր. «Գիտցեք` քնում են գետերն ու քամին, սակայն չի քնում երբեք թշնամին»: Ահա այսպես: Մեր օրերում` ներպետական ընդգրկումով: Հայաստանի նախագահի ընտրությունները ստվերելը, այդ ընտրությունների վրա բիծ թողնելը, դրանք չգիտեմ ինչ համարելը հայի գործ չէ, ներսի ու դրսի թուրքի գործ է:
Սերժ Սարգսյանը լավ նախագահ չէ, չընտրենք, մյուս թեկնածուն լավ նախագահ կլինի, նրան ընտրենք: Բայց մեր արժանապատվությունը ո՞ւմ ենք վստահում, այդ ո՞ւմ քաջալերող խոսքին ենք սպասում նախագահի թեկնածուի վրա կրակելով: Ինքներս մեզ ենք կրակում:
Նախընտրական այս քարոզարշավը, որ ընթանում էր համեմատաբար քաղաքակիրթ հունով, դաժանորեն ընդմիջվեց նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքով: Իրավապահները թերեւս կբացահայտեն այս գործը, մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը, բայց պատվիրատուների հարցն է էականը, Հայաստանը արատավորելու նրանց նպատակը:
Չնայած սա էլ պարզ է: Ցեխ չկա, պիտի ստեղծել, պիտի այնպես անել, որ մոլորվածն ավելի մոլորվի, այլապես բաց ճանապարհը մեզ համար է: Ուրիշը դա չի ուզում, որ իր ապուշագույն որոշումները փարոսի տեղ դնենք ու երախտապարտ լինենք:
Չի ստացվելու:
Թող չլիներ այս դեպքը, բայց անիմանալի է ճակատագիրը: ԱԻՄ առաջնորդին իրենց զորակցությունն են հայտնել եւ հայտնում բոլորը, այդ թվում` քաղաքական տարբեր ճամբարներում գտնվող գործիչներ:
ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն ասել է. «Քիչ առաջ ԲՀԿ իմ գործընկերների հետ այցելեցի Պարույր Հայրիկյանին: Մենք հիվանդանոցում եղանք այն պահին, երբ նրան դուրս էին բերում վիրահատարանից: Նա դեռ չէր զարթնել, եւ հնարավորություն չեղավ խոսք փոխանակել հետը: Բժիշկներն ասում էին, որ ամեն ինչ բարեհաջող է ընթացել. Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում: Կատարվածը, իհարկե, զարհուրելի եւ դատապարտելի է: Հայաստանը թեկուզ մի փոքր սիրող մարդը իրեն նման բան թույլ չէր տա, որովհետեւ դա առաջին հերթին վնասում է ազգի ու երկրի հեղինակությանը»:
Անշուշտ:
Նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանն էլ հետաձգեց իր հանդիպումները ընտրողների հետ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Հեռուստաընկերությունների եւ Հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության երեկվա եթերաժամերին եւս Ս.Սարգսյանի քարոզչական հոլովակները չցուցադրվեցին:
Տեղին է հիշել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժայի հայտարարությունը, որն ասել է. «Չեմ կարծում, որ այս դեպքը լրջորեն կապակայունացնի իրավիճակը Հայաստանում»:
Իրավիճակը, իհարկե, չի ապակայունանա, չնայած իրավիճակ մրոտողները իրենց նպատակին ինչ-որ չափով հասան: Առողջություն եւ շուտափույթ ապաքինում Պարույր Հայրիկյանին, բայց որ նա այս պահին դարձավ թեկուզ քաղաքական մրցակիցներին միավորող հանգույց, անժխտելի է:
Քաղաքական պայքարի տասնամյակների փորձ ունեցող այս գործիչը ճակատագրի բերումով արեց ավելին:
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ












