Մեզ անհրաժեշտ են իրական քննարկումներ
Այսօր Խորհրդարանում սկսվել են հայ-թուրքական արձանագրությունների շուրջ լսումները: Խորհրդարանական հիշյալ միջոցառման ընթացքում հնչած կարծիքներից է հիմնականում կախված այն հարցի պատասխանը, թե կվավերացնի՞, արդյոք, Ազգային ժողովը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված վերոնշյալ փաստաթուղթը, թե` ոչ:
Նախաստորագրված արձանագրությունների դրույթներն երեկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկեց նաև Հանրային խորհրդի ընդլայնված կազմի հետ: Իսկ այսօր` հոկտմբերի 1-ին, մեկնարկում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորությունը: Նախագահը մեկ շաբաթով մեկնելու է աշխարհի խոշորագույն հայկական գաղթավայրեր` հանդիպելու համայնքի ներկայացուցիչներին և լսելու նրանց կարծիքները` հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ:
Չնայած այն հանգամանքին, որ այդ փաստաթղթի քննարկմանը հատկացված վեց շաբաթներից չորսն արդեն անցել են, այնուամենայնիվ, հայ հասարակության մեջ այդ հարցի կապակցությամբ դեռևս որոշակիություն գոյություն չունի: Քննարկումների ընթացքը ցույց է տալիս, որ իշխանություններն ամեն կերպ փորձելու են հասնել նախաստորագրված արձանագրությունների ներկայիս տարբերակի ստորագրմանն ու վավերացմանը: Այնինչ, հասարակության ներսում գնալով ավելի են ուժգնանում մերժողական տրամադրությունները: Երևանի փողոցներում հաճախակի են դարձել բողոքի ակցիաները, որոնք, սակայն, մնում են չլուսաբանված:
Միևնույն հարցի վերաբերյալ երկու հակասող կարծիքների առկայությունը նորմալ երևույթ է ցանկացած ժողովրդավարական երկրի համար: Եվ Հայաստանը` բացառություն չէ: Սակայն միանգամայն անընդունելի է այն երևույթը, որ լրատվամիջոցների մեծ մասը հեղեղված են միայն իշխանական դիրքորոշումը հիմնավորող տեղեկատվությամբ, փոխարենը, հակառակ կարծիքն հասու չի դառնում հասարակության լայն զանգվածներին:
Երեկ «Մոսկվայի տանը» կազմակերպվել էր քննարկում, որի մասնակիցները` ավելի քան 80 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանդես են եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը քննադատող միասնական հայտարարությամբ: Չնայած այն հանգամանքին, որ քննարկմանը մասնակցել են մոտ 300 հոգի` դահլիճում ներկա է ընդամենը մեկ հեռուստալրագրող և 2-3 այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նույն օրը տեղի ունեցած մեկ այլ քննարկում, որն Իջևանում կազմակերպել էր «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը», ակտիվորեն լուսաբանվեց գրեթե բոլոր հեռուստաընկերություններով: Պատճառը շատ պարզ է. քննարկմանը հրավիրվել էին նախաստորագրված արձանագրություններից լիովին անտեղյակ քաղաքացիներ, որոնք, սակայն, հիացմունքով էին խոսում հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարի մասին: Ի դեպ, կարծում եմ ավելորդ չէ նաև նշել, որ Հայաստանի մարզերում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացը գովերգելու նպատակով «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը» ԱՄՆ կառավարության կողմից ստացել է 80 հազար (իսկ որոշ տվյալներով` 100 հազար – Կ.Մ.) ԱՄՆ դոլլար արժողությամբ դրամաշնորհ:
Փաստորեն, նախաստորագրված արձանագրությունների քննարկումը վերածվել է բարձրագոչության մրցույթի: Ում ձայնն ավելի լսելի է, նա էլ իրավացի է: Եվ համընդհանուր այս աղմուկի մեջ, ցավոք սրտի, անլսելի է դարձել հայկական Սփյուռքի ձայնը, որը թուրքերի վայրագություններից մեր ժողովրդի ամենատուժած հատվածն է:
Մինչդեռ, հարցն, իսկապես համազգային կարևորություն ունի: Այսօր անհրաժեշտ է համախմբել ողջ ուժերն ու միասնական պատասխան տալ հայկական պետականության և հայ ժողովրդի առջև ծառացած նոր մարտահրավերին: Որովհետև միայն միասնական որոշումն է, որ կարող է զերծ պահել հայերիս նորանոր փորձություններից:
Կամսար ՄԵԼԻՔՅԱՆ












