Ուրիշի վերքով շագանակներ չեն հանում
Նախագահական ընտրությունների քարոզարշավի խաղաղ ընթացքը ընդմիջարկվեց մի այնպիսի իրադարձությամբ, որպիսին չէր կարող պատկերացնել անգամ ամենավառ երեւակայություն ունեցողը:
Կանխորոշված ելքով ընտրությունների մասին ամենօրյա հայտարարությունների ու «մեկնաբանությունների» ուղեկցությամբ` ժողովուրդը հանգիստ անտարբերությամբ սպասում էր փետրվարի 18-ին: Մի քիչ էլ հուսալով, որ 2018-ին կհասնի ավելի բարեկեցիկ վիճակում: Մանավանդ որ խոստացվում է:
ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկայնի դեմ կատարված մահափորձը, որ, փառք Աստծո, նպատակին չհասավ, եկավ ապացուցելու, որ քաղաքակիրթ ընտրությունների, նորմալ մրցակցության ապահովումը միայն մեր գործը չէ: Ուժեր կան, որոնց մեր նորմալ ընթացքը ձեռք չի տալիս: Քաղաքական ցնցումներ են պետք, որ ինչ-ինչ հետեւանքներ ունենան: Իհարկե, ոչ հօգուտ մեզ:
Վստահաբար կարելի է ասել, որ Պարույր Հայրիկյանի անձը պատահաբար չէր ընտրված, քանի որ նախագահի այս թեկնածուն սկզբից եւեթ, դեռ մի բան էլ առաջ, կանգնած էր Հայաստանի անկախության պայքարի ակունքներում: Եվ գաղտնիք չէ, որ, մասնավորապես, նախագահի ներկայիս թեկնածուներից ոչ մեկը չունի Հայաստանի անկախության համար պայքարի քաղաքական նույն փորձը, ինչ ԱԻՄ նախագահը: Սովետի աքսորավայրերից մինչեւ իրական անկախություն:
Այսինքն՝ ինչ-որ առումով, Հայրիկյանը` մոռացված կամ հիշված, Հայաստանի անկախության պայքարի ապրող եւ գործող խորհրդանիշերից մեկն է: Ուստի նրա դեմ արձակված գնդակը առաջին հերթին այդ անկախության դեմ արձակված գնդակ է: Խորհրդանիշերից մեկը վերացնելու փորձ, «մեզ մեր տեղը ցույց տալու» փորձ: Պետության դեմ կրակոց:
Սա արդեն վտանգավոր է: Սա նշանակում է` կան ուժեր, որոնք չեն ցանկանում Հայաստանում տեսնել նորմալ ընտրություններ, չեն ուզում տեսնել ընտրական քաղաքակիրթ գործընթաց, այլ աշխարհին ցույց տալ Հայաստանում տիրող մի այլանդակ մթնոլորտ, որտեղ ամեն ինչ հնարավոր է. ընդհուպ մինչեւ հանրապետության նախագահի թեկնածուին գնդակահարելը: Նույնն ասաց նաեւ Հայրիկյանը` նշելով, որ այդ կրակոցը Հայրիկյան անհատի դեմ չէր, այլ պետության:
Բայց կա մի հանգամանք, որին կուզենայինք սեւեռել հայերի ուշադրությունը: Վերջին օրերի մամուլը, բնականաբար, լիքն է Հայրիկյանի դեմ մահափորձի մասին տեղեկատվությամբ` շենքի մուտքի պարկուճներից մինչեւ բարեհաջող վիրահատություն եւ հիվանդանոցի վերակենդանացման բաժնի ընդունարանում տրված հարցազրույց: Այս ամենը` նաեւ հեռուստատեսությամբ:
Իսկ հայերս, որ նաեւ պատգամավոր ենք եւ նույնիսկ նախագահի թեկնածու, գենետիկորեն նաեւ խելացի ենք, հետեւաբար, կասկածամիտ: Եվ մինչեւ իրավապահ մարմինների` դեպքի կապակցությամբ արդյունքների հրապարակումը, մեր «ինտուիցիայով» գիտենք, թե ովքեր են, ում պատվերով եւ այլն: Որքան հայ` այնքան վարկած. առանց մտածելու, որ անհիմն կասկածներով կարող ենք վնասել ինքներս մեզ: Ասել կուզի` հասարակական այսօր արդեն լարված մթնոլորտը չի կարելի ավելի եւս շիկացնել ոչնչով չհիմնավորված դատողություններով: Արեւմուտք է, Արեւելք է, ներս է, դուրս է. թողնենք իրավապահներին, որոնց բացահայտումից հետո նոր թող լինեն խորախորհուրդ ասուլիսների շարքեր եւ Նոստրադամուսի հերն անիծելու ջանքեր:
Բայց նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը այլ գեղեցիկ հեռանկար է տեսնում Հայրիկյանի հետ կատարվածի առնչությամբ: Երեկ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ նա ասել է. «Ես կուզեի, որ նա, օգտվելով այդ հնարավորությունից, դիմեր նոր ընտրությունների անցկացման համար: Ես համոզված եմ, որ դա կլինի իր ամենամեծ առաքելությունը: Եթե Հայրիկյանի առաջին առաքելությունը կապում ենք անկախության հետ, ապա երկրորդը կլինի նախագահական ընտրությունների հետաձգումը:
Ամեն դեպքում դա մեզ կտա այն, որ մենք ժամանակ կունենանք հասկանալու, թե ինչ է կատարվում: Միգուցե պետությունը պատրաստ չէր ընտրություններ անցկացնելուն: Բացի այդ, Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը լրանալու է, եւ մրցակցային առումով շատ կարեւոր է, որ թեկնածուներից մեկը գործող նախագահը չի լինում»:
Ասենք միայն, որ այս դեպքում հարկ է հարցնել նաեւ մարդկանց կարծիքը` համաձա՞յն են ընտրությունները հետաձգելու միջոցով սպասել, որ նախագահի թեկնածուներից մեկը հասկանա, թե ինչ է կատարվում: Բա որ երկա՞ր սպասեն ու անընդհատ սպասեն:
Հավանաբար, սրա գիտակցումով երեկ Հայրիկյանը բացառեց նոր ընտրությունների պահանջը` լրագրողներին ասելով. «Նոր ընտրությունների գաղափարը դավադրություն է հայ ժողովրդի նկատմամբ»:
Ուրիշի ձեռքով կրակից շագանակներ գուցե հանում են, բայց ուրիշի վերքով` հաստատ ոչ:
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ












