Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Մշակույթ, Տարածաշրջան

Թամարա Վարդանյան. ”Ադրբեջանցիներ. մի անավարտ էթնիկ նախագծի պատմություն”

Փետրվար 5, 2013թ. 23:55

Tamara vardanian.WebՄոսկվայում` “Русская Панорама” հրատարակչությունում, լույս է տեսել հայ պատմաբան և ազգագրագետ, ԵՊՀ դասախոս Թամարա Վարդանյանի գիրքը` “Ադրբեջանցիներ. չավարտված էթնո-նախագծի պատմություն” (պատմական-ազգագրական ակնարկ): Գրքում հեղինակը դիտարկում է ադրբեջանական էթնոսի ծագումն իր ժամանակակից տեսքով և հանգում է այն եզրակացության, որ ի տարբերություն ադրբեջանական էթնոսի պատմության պաշտոնական տարբերակի, որն այժմ այդ երկրում բնակվողների ծագումը տանում է դեպի դարերի խորքը, իրականում ադրբեջանցիները շուրջ 100 տարի է, ինչ գոյություն ունեն և շատ երիտասարդ ազգ են համարվում, որի կազմավորման գործընթացը դեռևս չի ավարտվել:

Խորհրդային և հետխորհրդային շրջանում ադրբեջանցի պատմաբանները փորձում են մոգոնել հազարամյակների պատմություն մի հանրույթի համար, որի ձևավորումը համեմատաբար նոր երևույթ է։ Խեղաթյուրելով աղբյուրներն ու փաստերը, նրանք, ինչպես նաև որոշ օտար ադրբեջանամետ հեղինակներ, անվերապահ կերպով կիրառում են “ադրբեջանական էթնոս” կամ “էթնիկ ադրբեջանական տարածք” հասկացությունները նույնիսկ այն դեպքում, երբ նկարագրում են հնագույն շրջանի պատմական դեպքեր: Սակայն հայտնի է, որ Ադրբեջան անվանմամբ պետությունն ի հայտ է եկել միայն 1918թ., իսկ կովկասյան թյուրքերն «ադրբեջանցի» էթնոնիմը ստացել են 1936թ. Ստալինի որոշմամբ:

Պատմաբան Թամարա Վարդանյանի «ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ. մի անավարտ էթնիկ նախագծի պատմություն. Պատմա-ազգաբանական ակնարկ» խորագիրը կրող նոր գրքում քննության են առնված մի շարք արդիական և տակավին համակողմանիորեն չուսումնասիրված հարցեր. արդյո՞ք գիտականորեն հիմնավորված է վերը նշված հասկացությունների կիրառումը, ինքնանույնականացման ի՞նչ կերպեր են գերակայել կովկասյան մահմեդականների շրջանում, ինչպե՞ս է ռուսական տիրապետության պայմաններում ընթացել կովկասյան թաթարների ինքնագիտակցության ձևավորումը և այլն: Նշենք, որ գիրքը լույս է տեսել Մոսկվայում, գիտական խմբագիրն ու առաջաբանի հեղինակն է՝ քաղաքական գիտությունների դոկտոր Ա. Այվազյանը, գրախոսները՝ հումանիտար գիտությունների դոկտոր Ռ. Չեպայտենեն (Վիլնյուս, Լիտվա) և փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ա. Ցուցիևը (Վլադիկավկազ, ՌԴ), տպագրության է երաշխավորվել Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ (տնօրեն՝ պրոֆեսոր Վ. Զախարով)։

Թամարա Վարդանյանն սկզբնաղբյուրների և տեսության հիման վրա քննում է կովկասյան մահմեդականների շրջանում էթնիկ ինքնագիտակցության թույլ արտահայտվածությունը, ավելի ստույգ՝ գրեթե լիակատար բացակայությունը, այնուհետև 19-րդ դարի վերջերից թաթար մտավորականության շրջանում ընթացող ինքնության փնտրտուքը, էթնիկ ինքնագիտակցության առաջին ծիլերն ու հետագա կառուցակցումը: Անկասկած, հայ հեղինակի այս ուսումնասիրությունն արժեքավոր ներդրում է քննվող հարցերի մասին համակողմանի պատկերացումներ ձևավորելու համար: Ուսումնասիրությունը անթերի է գիտական օբյեկտիվության և անաչառության տեսակետից: Պարզ, հստակ ու տրամաբանական շարադրանքը, կիրառվող մասնագիտական եզրույթների հընթացս բացատրությունները այն մատչելի են դարձնում ոչ միայն ակադեմիական հանրույթի, այլև ընթերցողների լայն շրջանակների համար:

coveriksksdՆերկայացնում ենք զրույցը գրքի հեղինակ՝ պ.գ.թ. Թամարա Վարդանյանի հետ.

-Ինչպե՞ս ծնվեց գրքի ստեղծման գաղափարը:

Թ.Վ. – Նշեմ, որ իմ թեկնածուական ատենախոսությունը մասամբ նվիրված էր այս հարցերին, սակայն ժամանակագրությունն ընդգրկում էր միայն 19-րդ դարի վերջերից մինչև 20-րդ դարի սկզբներն ընկած շրջանը։ Մինչդեռ ներկա գրքի ժամանակագրական շրջանակներն առավել լայն են, խնդիրը լուսաբանված ու ներկայացված է սկսած 18-րդ դարի սկզբներից մինչև մեր օրերը։ Այստեղ ներկայացված է ինքնության կառուցակցման ողջ շղթան՝ այդ թվում խորհրդային շրջանը, որն, ըստ իս, արմատական փոփոխություններ մտցրեց նշված գործընթացում։ Որքան էլ որ պարադոքսալ է, կարելի է նկատել, որ ռուսական տիրապետությունը՝ և՛ կայսրության, և՛ խորհրդային շրջանում, մեծապես խթանել է ադրբեջանական էթնոսի կառուցակցման գործընթացը։

-Նախատեսվում է արդյո՞ք գրքի թարգմանությունն ու հրատարակումն այլ լեզուներով։

Թ.Վ. – Գրքի հրատարակումը ռուսերեն լեզվով պայմանավորված էր նրանով, որ վերջին շրջանում ադրբեջանական և ադրբեջանամետ կեղծգիտականությամբ աչքի ընկնող գրվածքներն ի հայտ եկան գերազանցապես ռուսերենով։ Անշուշտ, այս ուսումնասիրությունն անհրաժեշտ է հրատարակել և՛ հայերեն, և՛ անգլերեն լեզուներով, ինչը հնարավորինս կընդլայնի ընթերցողների շրջանակը։ Հուսով եմ, որ կգտնվեն շահագրգիռ կառույցներ կամ անհատներ, ովքեր աջակցություն կցուցաբերեն գրքի հայերեն ու անգլերեն թարգմանության պատրաստման և հրատարակման գործում։

-Ի՞նչ նպատակներ են հետապնդում ադրբեջանցի պատմաբանների կողմից Հայոց և տարածաշրջանի պատմության խեղաթյուրումները:

Թ.Վ. – «Ադրբեջանի» հնարովի, բայց ոչ իրական պատմության շարադրումը փորձում է լայնածավալ ու բազմաշերտ խնդիրներ լուծել։ «Ադրբեջանական էթնոսի» կառուցակցման գործընթացները դեռ ավարտված չեն։ Իսկ նոր ձևավորվող ինքնությանն ուղղակի օդի ու ջրի պես անհրաժեշտ է ներարկել այն մտայնությունը, թե իբր մերօրյա ադրբեջանցիներն ունեցել են ընդհանուր և հին պատմություն, ընդհանուր Հայրենիք, մշակույթ, կրոն, լեզու, ընդհանուր թշնամիներ և այլն։ Այդպիսի պատկերացումները նպաստում են էթնոհամախմբմանը։ Իսկ ադրբեջանցիների պարագայում էթնիկ բաղադրիչների այս սուր պակասը ստիպում է պաշտոնական պատմագրությանը հորինել պատմվածքներ իբր այդ ամենի գոյության մասին և այդ գրվածքներին էլ հաղորդել «գիտական» տեսք։ Օրինակ, ամերիկացի հեղինակ Օ. Ալշտադտը 1992թ. հրատարակել է մի հաստափոր ու ծանրակշիռ (ծանր քաշի իմաստով) աշխատություն, որտեղ ադրբեջանցիների պատմությունը սկսում է շարադրել Ք.Ա. VI դարից, սակայն, եթե ուսումնասիրենք այն, ապա կտեսնենք, որ խոսքը գնում է ընդամենը Իրանական Ատրպատականի տարածքի պատմության մասին, որն էլ որևէ կապ չունի թե՛ մերօրյա Ադրբեջան պետության տարածքի, թե ներկայիս ադրբեջանցիների հետ։ Սակայն հեղինակը գիրքը վերնագրում է՝ «Ադրբեջանական թուրքեր», ինչն անտեղյակ ընթերցողի մոտ կարծիք է ձևավորվում, թե ադրբեջանցիների պատմությունը սկսում է հենց այդ շրջանից։ Այնինչ տարածքի պատմությունը դա ամենևին էլ էթնոսի պատմություն չէ։ Ակնհայտ է, որ կեղծ պատմության կերտումն իր խորքում ունի քաղաքական և նվաճողական նպատակներ։

– Հաշվի առնելով ներկայիս գործընթացները, ի՞նչ կանխատեսումներ ունեք ադրբեջանցիների ինքնության հետագա փոխակերպումների մասին։ Կարող ենք արդյո՞ք նշել, որ այն գտնվում է կառուցակցման ավարտական փուլում:

Թ. Վ. – Այս խնդիրը նույնպես քննարկվում է աշխատության մեջ։ Բանն այն է, որ թեև խորհրդային շրջանում լուրջ քայլեր ձեռնարկվեցին ադրբեջանականությանը էթնիկ բնույթ հաղորդելու ուղղությամբ, սակայն այդ գործընթացը նույնիսկ այսօր ավարտված չէ։ Հետխորհրդային շրջանում ադրբեջանական ինքնությունը թևակոխեց դեգերումների նոր փուլ, այս անգամ էթնիկ թյուրքականության և քաղաքացիական ադրբեջանականության միջև։ Հենց այս հարացույցների միջև պայքարում որևէ մեկի վերջնական հաղթանակն էլ կարող է ավարտին հասցնել ազգակերտման նշված գործընթացը։

Zham.am

Հ.Գ.
Տեղեկացնենք, որ Գիրքը ներկայացվել է Մոսկվայում “Аргументы и Факты” շաբաթաթերթի մամուլի կենտրոնում, այն հայտնվել է Մոսկվայի խոշոր գրախանութներում, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ճապոնիայի ռուսական գրքի կրպակներում: Սակայն տարօրինակն այն է, որ առ այսօր այս կարևորագույն աշխատության հանդեպ որևէ հետաքրքրություն չի ցուցաբերվել Հայաստանի համապատասխան շրջանակներում:


Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Մշակույթ, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն