Գլխավոր » Լրահոս

Հայաստանի քաղաքագետների միության հայտարարությունը

Փետրվար 9, 2013թ. 19:34

Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին, ժամը 10 անց 30-ին Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Տիգրան Մեծի փողոց, 23/1 հասցեում, շարունակվելու է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ իշխող վարչախմբի պատվերով հարուցված, սուտ մատնության վրա հիմնվող քրեական գործով դատավարությունը:
Մենք վերահաստատում ենք մեր համոզմունքը առ այն, որ ժողովրդի կամքով պատգամավոր ընտրված քաղաքագետից մանդատը խլելը և մարտի մեկի սպանդի գլխավոր կազմակերպիչներից մեկին հանձնելը, այդ նույն ժամանակ Հմայակ Հովհաննիսյանի դեմ երեք շինծու դատական գործերի հարուցումը ոչ այլ ինչ են, քան դաժան քաղաքական հաշվեհարդար ՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի կազմավորման համար: Այդ հաշվեհարդարը հայրենական քաղաքական դաշտը վերջնականապես այլասեռելու և ամայացնելու ծրագրի իրականացման նախերգանքն էր: Հմայակ Հովհաննիսյանի դեմ սանձնազերծված դատական հալածանքների միջոցով իշխանությունները խոչընդոտեցին մեր մասնագիտական ջանքերով ձևավորված արժեքավոր քաղաքական ավանդույթի շարուանակությունը, կանխելով քաղաքական ուժերի միասնական քայլերը 2013 թվականի նախագահական ընտրությունների օրինականության վերահսկաման կարևորագույն գործում:
Կոչ ենք անում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մտահոգ բոլոր կազմակերպություններին, քաղաքական ակտիվիստներին, միջազգային կազմակերպությունների հումանիտար ծրագրերի իրականացման համար պատասխանատուներին, Հայաստանում իրավական հասարակարգի ձևավորմամբ հետաքրքրված բարեկամ պետությունների դեսպաններին ուշադիր հետևել Հմայակ Հովհաննիսյանի դեմ իրականացվող դատավարություններին, որոնք ակնհայտորեն բացահայտում են ավտորիտար վարչախմբից դատաիրավական համակարգի կախվածության հրեշավոր անատոմիան:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն