Եթե Հայրիկյանը ընտրությունները չհետաձգեց, նշանակում է՝ միավորվելու կոչը PR քայլ է
Եթե Պարույր Հայրիկյանն իսկապես ընտրությունները երկշաբաթյա ժամկետով երկարաձգելու համար դիմի Սահմանադրական դատարան, ապա կարծում եմ՝ միավորվելու նրա կոչը կարող է ընկալվել, այլապես պարզից էլ պարզ է, որ 10 օրվա ընթացքում նման նպատակի իրականացման որևէ հնարավորություն չկա: Նման կարծիք է հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված միավորվելու կոչին:
«Եթե սա լուրջ մտադրություն է և ոչ PR քայլ, ապա սպասենք վաղը Պարույր Հայրիկյանի հայտարարությանը՝ այն մասին, որ երկուշաբթի ինքը կդիմի Սահմանադրական դատարան՝ ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով: Եթե չդիմեց, նշանակում է՝ իր այդ հայտարարությունը PR քայլ է, որովհետև գործնականում 10 օրից պակաս ժամանակահատվածում նման լուծման հնարավոր չէ հասնել»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:
Հարցին՝ ինչի՞ շուրջ կարող են միավորվել նախագահի երեք թեկնածուները, Հ. Հովհաննիսյանն ասաց. «Նրանց ընդամենը մեկ բան կարող է միավորել՝ բողոքական քվեարկություն կազմակերպելու նպատակը, դրանից բացի՝ երեքն էլ ընդգծված արևմտամետ քաղաքական գործիչներ են, երեքն էլ արտահայտում են Արևմուտքի հետ եվրաինտեգրման ճանապարհով նախընտրելիությունը»:
Մեր այն դիտարկմանը, թե ո՞ւմ շուրջ կմիավորվեն թեկնածուները՝ այն դեպքում, երբ շատ քիչ հավանական է, որ նրանցից որևէ մեկը իր անձը հանուն մյուսի հետ միավորվելու զոհաբերի, քաղաքագետն ասաց. «Ես կարծում եմ, որ եթե կա աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցում միասնական մոտեցում՝ դա արդեն երկրորդական հարց է դառնում, թե կոնկրետ ո՞ր անձի շուրջ տեղի կունենա համախմբումը, ներքաղաքական հարցերում նրանց մոտ կան, իհարկե, տարբերություններ, բայց հիմնական հարցի վերաբերյալ նրանք ունեն միասնական պատկերացումներ»:
1in.am












