Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

«ՄԻԱԿ ՏՈՒԺՈՂԸ ԵՍ ԵՄ»

Փետրվար 12, 2013թ. 11:07

Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը երեկ կեսօրին՝ ժամը 12:25-ի սահմաններում, դիմեց Սահմանադրական դատարան նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով Պ.Հայրիկյանի դիմումը հետ վերցնելու հարցով:
«Արդեն վերջնական որոշում եմ ընդունել` մենք ընտրությունների օրը չենք փոխում: Ելակետս մնում է նա, որ եղել է ամենասկզբում, որ մենք չպետք է թույլ տանք, որ որեւէ ստահակ ազդի մեր ժողովրդավարական գործընթացների վրա: Այդ գործընթացը զարգացնելը հավասարազոր է ընդառաջ գնալ ահաբեկիչներին»,- երեկ իր դիմումը հետ վերցնելու քայլը այսպես բացատրեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:
Այդ դեպքում, ինչո՞ւ էր նա կիրակի օրը դիմում ՍԴ ընտրությունները հետաձգելու պահանջով, եթե այն հետ էր վերցնելու: Այս հարցի պատասխանն էլ նախագահի թեկնածուն ուներ. «Բայց ես երեկ տվեցի, որովհետեւ եթե երեկ չհանձնեի, այսօր ուզենայի հանձնել, այլեւս չէի կարող: Կար տագնապ, որ եթե հանկարծ պետք լինի, դու այլեւս չես կարող, դրա համար վերջին պահին համենայն դեպս գործը տրվեց, մտածում էինք, որ մի երկու-երեք օր…
Բայց, ի վերջո, վե՛րջ: Ես լրացուցիչ ծախսեր էլ չեմ պատճառի պետությանը:
Այստեղ միակ տուժողը ես եմ, թող այդպիսի բաներում էլ տուժեմ, դա մանրուք է»,- հայտարարեց Պ.Հայրիկյանը:
Պարույր Հայրիկյանը նաեւ տեղեկացրեց, որ կիրակի օրը իրեն է այցելել երկրի ղեկավարը, բայց ընդգծեց, որ առավոտյան մինչ ՍԴ դիմելը, եւ այդ հարցի շուրջ իրենք չեն զրուցել։ «Ինչո՞ւ պիտի խոսեի այդ թեմայով, դա իմ գործն է, ինքը եկել է իմ առողջությամբ հետաքրքրվելու: Բացարձակապես մենք քաղաքական հարցերի մասին չենք խոսել»,- նշեց Պ.Հայրիկյանը, որը, ի դեպ, երեկ հիվանդանոցից դուրս գրվեց:
Այսպես. թե՛ Պարույր Հայրիկյանը, թե՛ նախագահի մյուս թեկնածուները այլեւս չեն կարող Սահմանադրական դատարան դիմել ընտրությունները հետաձգելու պահանջով, քանի որ դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացավ երեկ:
Հիշեցնենք, որ Հայրիկյանը, երբ կիրակի օրը ընտրությունները հետաձգելու պահանջով դիմեց ՍԴ, դրանից հետո հայտարարեց, որ հետ կվերցնի իր դիմումը, եթե առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում միավորվեն նախագահի ընդդիմադիր թեկնածուները: Խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի մասին է:
«Եթե կայանա մեր այդ համագործակցությունը, այդ դեպքում ես կարող է, հաշվի առնելով այն դժվարությունները, որ այդ հետաձգման պատճառով պիտի առաջանան, համարեմ, որ իմ անհավասար մասնակցությունը ընտրապայքարին փոխհատուցվում է նրանով, որ ես այս պահից թիմով եմ ներկայանալու: Եթե ոչ, ես պարտավոր եմ օգտվել սահմանադրությամբ ինձ տրված իրավունքից»,- կիրակի օրը ՍԴ դիմումն անձամբ ներկայացնելուց հետո հայտարարել էր Պ.Հայրիկյանը:
Սակայն նրա այս առաջադրած «պայմանը», կարելի է ասել, հասցեատերերը չքննարկեցին էլ: Ավելի ճիշտ, Րաֆֆի Հովհաննիսյանը որեւէ կերպ չարձագանքեց Հայրիկյանի այս հայտարարությանը, իսկ Հրանտ Բագրատյանն էլ հայտարարեց, թե կգնա այդ քայլին, եթե մյուս երկու թեկնածուներն ընտրություններից հետո «կլինեն ընդդիմություն» եւ չեն ընդունի ընտրությունների լեգիտիմությունը, բացի դրանից Հայրիկյանն ինքը պետք է փոխհատուցի իր՝ Բագրատյանի «քարոզարշավի վրա վատնած գումարները»:
Ինչեւէ, երեկ էլ Բագրատյանը, դեռեւս չիմանալով, որ Հայրիկյանն արդեն հետ է վերցրել իր դիմումը, առավոտյան ասուլիսում ենթադրություն հայտնեց, թե Հայրիկյանը «գործարքի մեջ է իշխանությունների հետ»:
Այնուհետ Հայրիկյանին առաջարկեց, որ ինքը հանի իր թեկնածությունը. «Եթե դու ազնիվ ես քո նկատառումներում, հանիր թեկնածությունդ` հօգուտ ապագա միասնական թեկնածուի»,- հայտարարեց Բագրատյանը՝ նշելով նաեւ, որ միասնական թեկնածուի հարցում «ֆավորիտի մասին խոսք չի եղել»:
Ավելին՝ երեկ Բագրատյանը նաեւ ինչ-ինչ «բացահայտումներ» էլ արեց երեք թեկնածուների ավելի վաղ արած համատեղ հայտարարություն ընդունելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ. «Նրա վրա կրակելուց երկու օր առաջ մենք երեքով ստորագրել ենք թուղթ: Այդ թղթում կա մի շատ կարեւոր կետ ցուցակների վերաբերյալ: Ես կուզենայի, որ երեքը, բացի ինձանից մյուս երկուսը եւս պնդեն, որ հավատարիմ են այդ կետին, եւ հայտարարեն, որ իրենք ընդդիմություն են, որ պաշտոն չեն ստանում եւ չեն շնորհավորելու իշխանության թեկնածուին` եթե նա հաղթի ընտրություններում: Որովհետեւ այդ երկրորդ կետը մյուս օրը չհարգվեց»։
Բագրատյանը նկատի ուներ Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ վերջինս հայտարարել է, որ ինքը կշնորհավորի իշխանության թեկնածուին: Իսկ ցուցակների կետին անհավատարիմ մնալու հանգամանքը թեւերս միայն Բագրատյանին է հայտնի:
Սակայն կրկին ընդգծենք, որ Բագրատյանն այս հայտարարությունները երեկ անում էր՝ չիմանալով, որ Հայրիկյանն արդեն ՍԴ-ից հետ է վերցրել իր դիմումը:
Բագրատյանի տրամաբանությամբ, երբ Հայրիկյանն ընտրությունները հետաձգելու պահանջով դիմում է ՍԴ, նշանակում է «գործարքի մեջ է իշխանությունների հետ»: Նման ենթադրություն անելը, իհարկե, անհեթեթություն է: Բայց երեկ, երբ Բագրատյանը վերջապես տեղեկացավ, որ Հայրիկյանը հետ է վերցրել դիմումը, այլեւս որեւէ մեկնաբանություն չտվեց:
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նույնպես որեւէ մեկնաբանությամբ հանդես չեկավ: Նրա փոխարեն «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենք զբաղված են քարոզարշավով եւ Հայրիկյանի վերջին քայլը գնահատելու ժամանակ չունեն. «Մենք զբաղված ենք Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավով, ոչ թե այլ թեկնածուների քարոզարշավով: Հիմա վերլուծելու ժամանակ էլ չկա, կազմակերպչական, քարոզարշավի օպերատիվ կառավարման կարեւոր խնդիրներ ենք լուծում»:
Իսկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը, անդրադառնալով խոսակցություններին, թե Հայրիկյանի քայլերը ոմանք մեկնաբանում են նաեւ որպես «պաշտոն պոկելու» քաղաքականություն, նկատեց. «Ասեկոսեներ եւ շշուկներ չեմ ցանկանում մեկնաբանել: Ըստ էության, նախագահի թեկնածուն համապատասխան իրավունք ուներ այդ քայլին դիմելու:
Կարեւորն այն է, որ մեզ մոտ ընտրական գործընթացը գնում է ամբողջությամբ Ընտրական օրենսգրքին եւ նորմին համապատասխան, միջազգային չափանիշներով, եւ վստահ եմ, որ հետագայում անելու ենք ամեն ինչ, որ երկրի պատմության մեջ ունենանք ամենալավ ընտրությունները»:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ կարծում է, որ Հայրիկյանը պետք է բացատրություն տա, թե ինչու է վերանայել իր որոշումը։ «Չի կարելի այդ աստիճան անլրջացնել նախագահական ընտրությունների ընթացքում նախագահի թեկնածուների պահվածքը եւ չի կարելի ընդհանրապես պետական ինստիտուտների նկատմամբ նման վերաբերմունք ցույց տալ:
Անհասկանալի է` եթե խոչընդոտը անհաղթահարելի էր, ապա չէր կարող երեկ անհաղթահարելի լինել, այսօր հանկարծ հաղթահարելի դառնալ. մի օր ձեռքը ցավում է, անհաղթահարելի է դառնում, մյուս օրը մի քիչ լավ է` հաղթահարելի է»,- կարծում է Ա.Մինասյանը:

ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն