Գլխավոր » Լրահոս

ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում Հայրիկյանն է

Փետրվար 11, 2013թ. 15:30

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ ԳՐԻԳՈՐ ԱՄԱԼՅԱՆԸ հրապարակեց նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուներին հունվարի 21-ից փետրվարի 6-ն ընկած քարոզչական ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից տրամադրված եթերաժամերի մշտադիտարկման արդյունքները:
Եթերաժամերի թվային պատկերը, նրա գնահատմամբ, դրական է` անգամ ամենաքիչ լուսաբանված թեկնածուն մշտադիտարկման ընթացքում միջին օրական ցուցանիշով ունեցել է 74 րոպեից ավելի եթերաժամանակ:
Թեկնածուների օգտագործած եթերային ժամանակի բաշխվածության հարցում, սակայն, իր ազդեցությունն է թողել միջադեպը՝ կապված թեկնածու Պ.Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի հետ: Թեկնածուներից մի քանիսը որոշ ժամանակով դադարեցրել են իրենց քարոզարշավը, որն իր արտացոլումն է գտել մշտադիտարկման արդյունքներում:
«Բնականաբար միջադեպին մեծ արձագանք եղավ նաեւ բոլոր թեկնածուների կողմից: Այդ առումով ցանկանում եմ նշել, որ թեկնածուներից որեւէ մեկի անդրադարձը Պ.Հայրիկյանի հետ տեղի ունեցած միջադեպին կամ նրա գործունեությանը չենք հաշվարկել Պարույր Հայրիկյանի օգտին: Եթերային այդ հատվածը գրել ենք հենց արտահայտվող թեկնածուների քարոզչական բալանսում»,- ՀՌԱՀ-ում հրավիրված ասուլիսում նշեց Գ.Ամալյանը:
Մեկ այլ հանգամանք էլ է հաշվի առնվել. «Հեռարձակված բոլոր նյութերը, որոնցում հեռուստաընկերություններին չի հաջողվել հստակ տարանջատել հանրապետության նախագահի պաշտոնական գործառույթները նախընտրական քարոզչական գործառույթներից, հանձնաժողովը ներառել է հանրապետության նախագահի քարոզչական եթերաժամանակի մեջ՝ դրանք համարելով քարոզչական: Այսինքն՝ հաշվառումն իրականացվել է ի վնաս թեկնածուի»:
Մշտադիտարկումը պարզել է, որ ամենաշատ ժամանակը քարոզարշավի 17 օրերին եթերում տրամադրվել է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին` 6085 րոպե: Նվազագույն ժամանակը` 1246 րոպե, ունեցել է թեկնածու Արման Մելիքյանը:
ՀՌԱՀ-ն այդ ցուցանիշները չի համարում թեկնածուների նկատմամբ դրսեւորված կողմնակալ մոտեցման հետեւանք. «Բնական է, որ կատարվածից հետո լրատվամիջոցները պետք է հետաքրքրություն ցուցաբերեին թեկնածու Պ.Հայրիկյանի նկատմամբ: Նման պարագայում հեռուստաընկերությունների կողմից որեւէ իրավախախտում չենք տեսնում: Իսկ Ա.Մելիքյանի դեպքում եթերաժամանակի նվազագույն ցուցանիշը պայմանավորված է նրա քարոզչության կազմակերպման առանձնահատկություններով»:
Ի դեպ, ոչ բոլոր թեկնածուներն են օգտվել վճարովի եթերաժամանակից: Այդ հնարավորությունից օգտվել են միայն Հրանտ Բագրատյանը` 125 րոպե, Րաֆֆի Հովհաննիսյանը` 1146 րոպե, Սերժ Սարգսյանը` 352 րոպե:
ՀՌԱՀ-ի առաջին մշտադիտարկումն իրականացվել էր հունվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում` ներառելով յոթ քարոզչական օր: Հաջորդ տասն օրերի մշտադիտարկման արդյունքները մշակելիս հաշվի են առնվել արդեն եղած տվյալները, եւ կառուցվել է քարոզչության 17 օրերի ամփոփ պատկերը: Հանձնաժողովը նաեւ համեմատել է առաջին 7 օրերի եթերաժամերի միջինացված օրական ցուցանիշները հաջորդ 10 օրերի միջինացված ցուցանիշների հետ:
Թեկնածուներից, օրինակ, Հ.Բագրատյանը միջինացված օրվա ցուցանիշով անվճար կարգով տրամադրված եթերաժամանակից մշտադիտարկման երկրորդ շրջանում օգտվել է 7,7 տոկոսով ավելի քիչ, քան առաջինում. «Սա կարող է պայմանավորված լինել հանգամանքով, որ նա թեկնածու Հայրիկյանի հետ կատարված միջադեպից հետո հանեց իր քարոզչական հոլովակները: Սակայն վճարովի եթերաժամանակը Հ.Բագրատյանն ավելացրել է 480 տոկոսով՝ նախորդ շրջանի հետ համեմատած: Հաղորդումներում նրա կամ նրա ներկայացուցիչների մասնակցությունն ավելացել է 216 տոկոսով:
Լրատվական թողարկումներում նրա քարոզչական գործունեության լուսաբանումն ավելացել է 20 տոկոսով: Արդյունքում միջինացված մեկ օրվա ցուցանիշը մշտադիտարկման երկրորդ շրջանում նախորդող շրջանի հետ համեմատած Հ.Բագրատյանի դեպքում ունեցել է 73 տոկոս աճ»:
Պարույր Հայրիկյանի պարագայում կտրուկ` 339 տոկոսով, աճել է լրատվական թողարկումներում լուսաբանումների ծավալը: Արդյունքում այդ թեկնածուին տրամադրված եթերային ընդհանուր ժամանակի ցուցանիշը աճել է 252 տոկոսով:
Թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի եթերային ժամանակի բոլոր ցուցանիշները նվազել են: 7 տոկոսով պակասել է անվճար կարգով եւ 60 տոկոսով՝ վճարովի կարգով տրամադրվող եթերաժամանակից օգտվելու ցուցանիշը: 22 տոկոսով նվազել է հեռուստահաղորդումներում նրա կամ նրա ներկայացուցիչների մասնակցությունը: Լրատվական թողարկումներում թեկնածուի գործունեության լուսաբանումը նվազել է 20 տոկոսով: Ընդհանուր առմամբ վերջին 10 օրերին Ր.Հովհաննիսյանին հատկացված եթերաժամանակի միջին ցուցանիշը նվազել է 33 տոկոսով:
Գործող նախագահը 10 տոկոսով ավելի քիչ է օգտվել անվճար, 32 տոկոսով՝ վճարովի եթերաժամանակից: Հաղորդումներում նրա կամ նրա ներկայացուցիչների մասնակցության ցուցանիշը նվազել է 19 տոկոսով: 38,5 տոկոսով էլ նվազել է լրատվական հաղորդումներում նրա քարոզարշավի լուսաբանման ցուցանիշը: Մշտադիտարկման նախորդ շրջանի համեմատությամբ Սերժ Սարգսյանի քարոզչական եթերաժամանակը 34,2 տոկոսով կրճատվել է:
Քարոզչական 17 օրերի համար եթերաժամանակի բաշխումն ունի հետեւյալ պարկերը` Պարույր Հայրիկյան` 6085 րոպե, երկրորդ տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն է` 4215 րոպե, Սերժ Սարգսյանը 3-րդ տեղում է` 3111 րոպե, 4-րդը Հրանտ Բագրատյանն է` 2487 րոպե: Հետո գալիս Է Արամ Հարությունյանը, 6-րդը Վարդան Սեդրակյանն է, 7-րդը՝ Անդրիաս Ղուկասյանը, եւ թեկնածուներից վերջին տեղում Արման Մելիքյանն է:

ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն