Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Նախընտրական քարոզարշավը վերածվել է տրագիկ կոմեդիայի

Փետրվար 12, 2013թ. 09:37

Քեռյան<Հայոց Աշխարհ>-ի հարցազրույցը քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի հետ

-Նախագահի թեկնածուներից մեկն անհույս հացադուլի մեջ է, մյուսը կարծես անձի երկվությամբ է տառապում` ժամերի ընթացքում փոփոխելով կայացրած որոշումները. քաղաքագիտական տեսանկյունից` նախընտական ինչպիս՞ի գործընթացների ականատեսն ենք:
– Ի տարբերություն նախորդների, այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ ընթանում է ապաքաղաքականացված քարոզարշավ, չնայած երկրի թիվ մեկ պաշտոնյայի ընտրությունը պետք է լիներ ամենից քաղաքականացված իրադարձությունը: Իսկ ընտրությունների քաղաքականցվածության աստիճանը չափում ենք քաղաքական ուժերի մասնակցությամբ. այսօր այդ մասնակցության մակարդակը 1,5 աստիճան է գնահատվում: Այսինքն, քաղաքական ուժերից ակտիվ մասնակցում են միայն Հանրապետականն ու փոքրաթիվ ՙԺառանգություն՚-ը: Ստացվում է, որ քաղաքական ուժերի մասնակցության սպեկտորը նեղացել է: Եվ ՙմաքուր դաշտ՚ տեսնելով պայքարի մեջ մտան անհատ գործիչները, որոնց թիկունքում չկան հզոր քաղաքական ուժեր: Նրանք ընտրապայքարի ներկայացան տարբեր մղումներով, մի մասը մտավ սեփական անձը գովազդելու նպատակով, մյուսները` պարզապես գործող իշխանություններին մերկացնելու համար: Բնականաբար, նման մասնակիցներով ծավալվող ընտրապայքարը պետք է նաև նման անկանխատեսելի ընթացք ունենար. որոշ թեկնածուների չկայացվածությունը հանգեցրել է նրան, որ նախընտրական քարոզարշավը կարծես վերածվել է տրագիկ կոմեդիայի: Սակայն ուզում եմ մեկ այլ կարևոր բան ասել: Նախընտրական գործընթացները միայն քարոզարշավի 2-3 շաբաթով չէ որ բնութագրվում են, և դրանց պետք է հետևել խորհրդարանական ընտրությունների հետընթացից սկսած: Անցած ամբողջ տարվա ընթացքում ես որպես քաղաքագետ խիստ անհանգստացած էի, ուսանողների հետ փորձում էինք վերլուծել մեր քաղաքական դաշտը, բայց այդպես էլ քննարկման նյութ չունեցանք, ինչո՞ւ, որովհետև կուսակցություններից ոչ մեկը չէր խոսում այն մասին, թե ի՞նչ ծրագրերով է ընդառաջ գնալու նախագահական ընտրություններին, ի՞նչ պլատֆորմ ունի, ի՞նչ ռեալ լուծումներ է առաջարկում: Եվ ի՞նչով էին նրանք զբաղված իրականում. ծրագրերի փոխարեն քննարկման նյութն այն է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրություններին կմասնակցի՞, թե՞ չի մասնակցի: Իսկ Տեր-Պետրոսյանը երկա~ր ժամանակ պահպանեց քար լռություն: Մյուս քննարկվող թեման էր` Գագիկ Ծառուկյանը կդինի՞ իր թեկնածությունը, թե` ոչ: Հետո սկսվեց կեղծ խառնաշփոթը` այսօր կասեմ, չէ, մի քանի օրից կասեմ, կամ էլ` մնաց ՙհաջորդ դասին՚: Ստացվեց, որ ամբողջ նախընտրական տարում ոչ ծանոթացանք կարևոր դերակատարում ունեցող քաղաքական ուժերի ծրագրերին, ոչ էլ նրանց իրական քայլերի ականատեսը եղանք: ՀՅԴ-ն` 120 տարեկան ծերունին, ո՞նց կարող էր լռել, ու առանց հիմնավոր բացատրության հրաժարվել մասնակցությունից:
Ասացին` չձեւավորվեց միասնական ճակատ, իսկ ոչ միասնական մասնակցությամբ անիրատեսական էր դառնում գործող նախագահին հաղթելը:
– Դա հիմավոր պատճառաբանություն չէր, թող մասնակցեին, օգտագործեին քրոզարշավը, ներկայացնեին իրենց ծրագրերը: Եթե ԱԺ-ում ունես խմբակցություն, ժողովրդին ունես ասելիք, բայց չես ասում, չես առաջարկում լուծումներ, մանավանդ երբ երկիրը գտնվում է սոցիալ-տնտեսական, նաև տարածարշրջանային առումով բարդ իրավիճակում, բայց դու որպես քաղաքական ուժ լռում ես, ուրեմն, կորցնում ես քաղաքական ուժին բնորոշ հատկանիշներդ: Ինչ վերաբերում է ներկայացված թեկնածուներին, նրանց ես կբաժանեմ 4 խմբի: Առաջին խմբի մեջ մեկ թեկնածու է`ն Սերժ Սարգսյանը, մարդ, ով տիրապետում է գործադիր իշխանությանը, նրա թիկունքում և’ ԱԺ մեծամասնությունն է, և’ ՏԻՄ բյուրոկրատիայի մեծ մասը, ունի հսկայանական լծակներ իր քարոզարշավը կազմակերպելու և հաղթանակ ապահովելու համար: Երկրորդում` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանն են, մարդիկ, որոնք ունեն քաղաքական կենսագրություն, կարողանում են լավ, թե վատ կազմակերպել իրենց քարոզարշավը: Այս թեկնածուների մարտավարությունը հիմնված էր հետևյալ մարտավարության վրա` ինչ-որ պահի հնարավոր լիներ կիրառել միասնական թեկնածուի ձևաչափը, կամ հասնել նրան, որ լինի երկրորդ փուլ, ինչի ընթացքում իրենք կկարողանան որոշակի շանսեր ձեռք բերել: Երրորդ խմբում Պարույր Հայրիկյանն է, Վարդան Սեդրակյանն ու Արման Մելիքյանը: Նրանց թիկունքում չկա կուսակցություն, եթե կա էլ` թղթի վրա է, ինչպես ԱԻՄ-ը: Նրանց հիմնական նպատակն է` քարոզարշավն օգտագործել քաղաքական գործիչի իմիջ ստեղծելու համար, այսինքն, ինքնագովազդը: Չորրորդ խմբում մեկ անձ է` Անդրիաս Ղուկասյանը, ով նախագահ դառնալու նպատակ չունի, նրա նպատակը ընտրությունների դիմակազերծումն է, կառավարող կուսակցության դեմ հակաPR իրականացնելը:
Գրեթե բոլոր ընտրություններից առաջ ընդդիմությունը խոսում է միասնական թեկնածույով հանդես գալու անհրաժետության մասին, բայց այն այդպես էլ գլուխ չի գալիս: Այս անգամ էլ, չնայած գաղափարը ընդունելի էր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, դրան դեմ չէր և Հրանտ Բագրատյանը, բայց չընդունվեց Հայրիկյանի առաջարկը: Գուցե շա՞տ էր ուշացած:
– Թերևս, բայց հիմնական պատճառն այն էր, որ մեզանում կա անձերի խնդիր, կան քաղաքական ամբիցիաներ: Ճիշտ է, Հայրիկյանը հայտարարեց միասնաբար հանդես գալու մասին, բայց իր նպատակն այն է, որ միասնական թեկնածուն լիներ հե’նց ինքը: Այսինքն, նա Բագրատյանին ու Հովհաննիսյանին կոչ արեց` ընտրեք ինձ որպես միասնական թեկնածու: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով երկար տարիներ էր սպասել նախագահ առաջադրվելու հնարավորությանը, չէր կարող իր լիդերությունը զիջել որևէ մեկին, ու չնայած, այո, սկզբում հայտարարում էր միասնականի մասին, բայց նրա խոսքում դարձյալ թաքնված էր այն իրական միտքը, որ միասնական թեկնածու ինքը տեսնում է միայն իրեն: Միասնական թեկնածուի ձևաչափը կարող էր կայանալ միայն այն դեպքում, եթե երեք գործիչներից որևէ մեկը հայտարարեր, որ հանում է իր թեկնածությունը և իր ծրագրով, ռեսուրսներով միանում մյուսին: Ինչը մեզանում այդպես էլ տեղի չի ունենում:
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մանևրելու քաղաքականությունը, եթե դիտարկենք նախընտրական տրամաբանության մեջ, նորմա՞լ երևույթ է, թե՞, ինչպես ասվում է, գործ ունենք պարզ ավանտյուրայի հետ:
– Կխուսափեմ նրա քայլերին բարոյական գնահատական տալուց, ընդամենն ասեմ, եթե ընտրությունները լինեին իրոք քաղաքականացված, և չմասնակցող քաղաքական ուժեր ևս մասնակցեին, ապա Հայրիկյանի նման գործիչներն ընդհանրապես չէին երևա ասպարեզում, նաև անկարող կլինեին իրենց վարքագծով այս ու այն կողմ տատանել ընտրությունների ընթացքը:
Այն ուժերը, որոնք չմասնակցեցին ընտրություններին ու հայտնվել են դիտորդի դերում, թերևս կաշխուժանան փետրվարի 18-ից հետո: Ի՞նչ հետընտրական գործընթացներ են կանխատեսվում:
Ընտրությունները պետք է լինեն հասարակության ներսում կուտակված հակասությունների հանգուցալուծումը: Նրանց միջոցով հասարկությունը պետք է լիցքաթափվի ու անցնի բնականոն գործունեության: Եթե այդ լիցքաթափումը տեղի չի ունենում, և հակասությունները մնում են հասարակության ներսում, դա կարող է հետընտրական շրջանում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել: Այս իմաստով, հետընտրական գործընթացները գուցե և շատ ավելի ակտիվ լինեն, քան ընտրականը:
Գիտակցելով այս իրավիճակը, քանի որ մեր երկիրը բարդ մարտահրավերների առաջ է կանգնած, կոչ կանեի խորհրդարանին, կառավարությանը, նրանց, ովքեր կարևորագույն քաղաքական որոշումներ կայացնելու լիազորություն ունեն, հետընտրական ընթացքում իրականացնեն սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական լուրջ միջոցառումներ, որպեսզի հասարակության ներսում կուտակված լարվածությունը, հակասությունները պարպվեն, որպեսզի դրանք չժայթքեն ու մեզ չկանգնեցնեն նոր քաղաքացիական առճակատումների առաջ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն