Թուրքիայի արտագործնախարար Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայում նոր Ղարաբաղ չպետք է լինի
Թուրքիայի արտգործնախարարությունը շարունակում է հակահայկական քաղաքականություն վարել եւ պատեհ առիթով փորձում իր հասարակությանը եւ միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղի խնդիրը ներկայացնել միմիայն ադրբեջանական եւ թուրքական տեսլականով:
Երեկ Իրանի պետական հեռուստաընկերությունը տեղեկացել էր, որ տեղի է ունեցել հեռախոսային խոսակցություն Իրանի, Թուրքիայի եւ Եգիպտոսի արտգործնախարարների միջեւ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Հուրրիեթ պարբերականը, նույն օրը Թուրքիայի Մեծ Մեջլիսում Թուրքիա – Եվրամիություն աջակցության խորհրդարանական հանձնաժողովի նիստում արտգործնախարար Դավութօղլուն պարզաբանումներ է տվել եռակողմ հեռախոսային քննարկումների վերաբերյալ:
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ չի հաջողվել համաձայնության գալ Իրանի հետ, թե ինչ ձեւաչափով եւ ում հետ պետք է իրականացնել ընդդիմություն – իշխանություն երկխոսությունը Սիրիայում: Նա նշել է, որ քաղաքական երկխոսության ճիշտ ժամանակը հիմա է:
’’Սակայն պետք է բացառել բանակցությունները նրանց հետ, ում ձեռքերն ‘’արյունոտ են’’: ’’Չի կարելի թույլ տալ երկրորդ Ղարաբաղ Սիրիայում’’, -հայտարարել է Դավութօղլուն: Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարությունն անգամ մեկ ժամ չի կարող անպատասխան մնալ, քանի որ փորձ է արվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարին տալ կրոնաէթնիկ հակամարտության բնույթ:












