Գլխավոր » TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Փետրվար 19, 2013թ. 13:30

Ընտրություններ
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Երեկ վաղ առավոտյան սկսվեցին հայաստանյան նախագահական ընտրությունները, լրատվամիջոցները ուշի ուշով հետևում էին ընտրատեղամասեր ժամանող նախագահի թեկնածուների քվերկության ընթացքին: Հայաստանի նախագահի թեկնածուներին հետևում էր նաև ArmAr.am լրատվական կայքը:

Վերջապես էս տղան հաց կուտի

Երեկ մինչ նախագահի 6 թեկնածուները շտապում էին ընտրատեղամասեր սեփական քաղաքացիական պարտքը կատարելու, հայտնի դարձավ, որ նախագահի թեկնածու հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանը ընտրությունների օրը ևս կշարունակի իր հացադուլը, և այն կդադարեցնի միայն փետրվարի 19-ին` ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ դիտորդների նախնական զեկույցից հետո: Շատերին այդ լուրը տխրեցրեց, առանձնապես Պարույր Հայրիկյանին. հիշում ե՞ք, ընտրությունները հետաձգել- չհետաձգելու շուրջ ԱԻՄ առաջնորդն իր հայտնի ՙտատանումները՚ ևս մեկնաբանեց Անդրիասով` ՙես որոշեցի չհետաձգեմ, քանի որ զոհասեղանին էր Անդրիասը՚: Օրվա ընթացքում, ի վերջո, տեղեկություն տարածվեց, թե բարեբախտաբար Անդրիասն այլևս ՙզոհասեղանին չէ՚ և այսօր հացադուլից դուրս է գալու, բոլորիս ու առանձնապես Պարույր Հայիրկյանի աչքը լույս` ՙայս տղան՚ վերջապես հաց է ուտելու:
Իսկ որպեսզի իր 20 օրվա տաժանակիր քայլն աննկատ չմնա, Անդրիաս Ղուկասյանը որոշեց հացադուլի դադարեցման ավարտին հայտարարություն հնչեցնել: Կանխատեսելի է, որ այն կլինի Ղուկասյանի հետհացադուլյան գործողությունների պլանը: Ի վերջո, մարդը հո աննպատակ չէ՞ր զրկել իրեն Աստծո բարիքներից ու վտանգել առողջությունը: Եվ այն, որ հացադուլավոր թեկնածուն ոչ թե նախագահ դառնալու այլ ընտրություններից հետո քաղաքացիական շարժումները առաջնորդելու նպատակ ուներ, դեռ էն գլխից էր պարզ:
Այնպես որ, պասսիվ ընտրապայքար իրականացրած թեկնածուն փետրվարի 19-ին կմտնի իր ՙքաղաքացիական տարերքի՚ մեջ, իհարկե, եթե դա թույլ տա վերջինիս 20 օր շարունակ, առանց սնունդի հյուծված օրգանիզմը:
Ի դեպ, երեկ հացադուլավոր թեկնածուն հենց ֆիզիկական վիճակի պատճառով չկարողացավ մասնակցել ընտրություններին, և ինքն էլ խոստովանեց, որ շատ թույլ է իրեն զգում և երկար ժամանակ կպահանջվի առողջությունը վերականգնելու համար: Բայց չնայած դրան հերոսաբար ասել էր. ՙՉեմ փոշմանել, երբեք էլ չեմ փոշմանի՚, որ ընտրությունների համար առողջությոնը զոհել է:

Որ չընտրվի գյուղնախախար հաստատ կդառնա

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ընտրատեղամաս էր շտապել կնոջ ու դստեր հետ միասին: Բայց հենց դռների դիմաց շատ կտրուկ անջատվեց կնոջ ուղեկցությունից, ու դստերը թևանցուկ արած մտավ տեղամաս: Քվեարկությունից հետո լրագրողների շուրջկալում հայտնված Հրանտ Բագրատյանը պատասխանելով հարցին, թե ո՞ւմ օգտին քվեարկեց նախագահի թեկնածուն, նկատեց` ՙքվեարկեցի մի նոր Հայաստանի օգտին՚: Իր ողջ քարոզարշավը ՙտնտհաշվարկի վերածած՚ թեկնածուն այս անգամ զերծ մնալով թվաբանական հաշվարկների գայթակղությունից, ասաց, թե իր պատկերացրած ու ներկայիս Հայաստանների միջև կա ՙգաղափարական լուրջ բախում՚, որ ինքը մեկ այլ, հավանաբար, ՙբագրատյանական Հայաստանն է՚ միայն պատկերացնում, ինչը ՙներկայիս Հայաստանի հետ ոչ մի կապ չունի՚: Իսկ ներկան քանի որ ՙբոլորովին սպառել է իրեն ու չի կարող զարգանալ՚, Բագրատյանին այլ բան չի մնում անել, քան դեմ քվեարկել ՙա՜յս Հայաստանին՚:
Հեռանալիս ներկաներից մեկը կատակեց, թե ՙԲագրատյանը եթե նախագահ չընտրվի, գյուղնախարար հաստատ կդառնա՚:

Արջի ծառայության վերջը

Արջի ծառայություն մատուցողների պակաս մեզանում գրեթե չի զգացվում: Ու միշտ գտվում են այնպիսիք, ովքեր իրենց ստրկամիտ քայլերով ավելորդ լարվածության առիթ են դառնում:
Սուրեն Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում հավաքված դիտորդները, լրագրողները սպասում էին ուր որ է ընտրատեղամաս այցելող գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Մինչ կժամաներ, հանկարծ տարօրինակ ՙաժիոտաժ՚ սկսվեց, ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը որոշել էր իր խելքով ՙլավություն անել՚ գործող նախագահին` ԶԼՄ-ի ներկայացուցիչներին ու դիտորդներից նրան հնարավորինս հեռու պահելով: Լրագրողներին ՙկարգի հրավիրելու՚ պահանջով սույն ՙէնտուզիաստը՚ նախ դիմեց ընտրատեղամասում գտնվող ոստիկաններին, բայց վերջիններիս պասիվությունից վրդովված, որոշեց այն սեփական ուժերով գլուխ բերել: Միջանցքով մեկ քաշեց-բերեց մի գրասեղան ու լրագրողների դիմաց իբրև պատնեշ դնելով հրահանգեց` ՙսահմանից էս կողմ չանցնեք՚։ Ինքնագոհ տիկնոջը հնարավոր եղավ ՙսանձել՚ միայն նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանի միջամտությունից հետո: Արգելապատնեշ-սեղանը ՙտարհանվեց՚ ու փոխարինվեց ավելի ՙքաղաքակիրթ՚` կարմիր ժապավենով։
Իսկ տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ ընտրատեղամաս ժամանած գործող նախագահ Սերժ Սարգսյանի տրամադրությունը երեկ նկատելի բարձր էր: Երբ դեռ չքվեարկած նախագահին մոտեցան լրագրողները, Սարգսյանը կատակելով ասաց`ՙՀարցեր տալիս եք, որ ի՞նչ անեմ՚: Իսկ քվեարկությունից հետո տեղեկացրեց, . ՙՔվեարկել եմ ապահով Հայաստանի, քաղաքացիների եւ ընտանիքների ապահովության համար՚: Հարցին էլ, թե ինչպե՞ս է գնահատում ընտրությունների ընթացքը եւ որքանո՞վ է իրականացել արդար ընտրություններ անցկացնելու իր կոչը` Սերժ Սարգսյանն ասաց. ՙՊարզ կդառնա այն ժամանակ, երբ հայտնի կլինեն ընտրությունների արդյունքները՚:

Ողջ օրը մնաց տանն ու Ֆեյսբուքում

Քարոզարշավի ընթացքում գրեթե ողջ մայրաքաղաքը ոտքով շրջած նաaխագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյrանի համար այլևս ոտքով շրջmելը սովորություն է դարձել: Երեկ նա ընտրատեղամաս ժամանեց դարձյալ ոտքով և միայնակ: Իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ՙԺառանգության՚ թեկնածուն հայտարարեց` փետրվարի 18-ը հայ ժողովրդի հոգու եւ ճշմարտության արշալույսի, հաղթանակի օրն է.ՙԱյսօր մեր նորագույն պատմության ամենաբախտորոշ օրն է, երբ ժողովուրդն առաջին անգամ տոնելու է ոչ թե ինչ-որ մեկի հաղթանակը, այլ իրենց պատկանող ընտրության արդյունքը՚: Ընտրական ոգևորությունն այնքան մեծ էր, որ Հովհաննիսյանը որոշեց մեկ օր շուտ կատարել իր խոստումը` ողջունելով բոլոր թեկնածուներին, ապա գնահատելով քաղաքական գործընթացները նշեց, թե այս ընտրական քարոզաշավն անցավ ՙշատ մրցունակ պայքարում՚: Ապա դիմեց, իր բնորոշմամբ` ՙիմ հիմնական մրցակից Սերժ Սարգսյանին՚, նշելով, թե ՙԱրցախյան ազատամարտում իր մասնակցության ամենամեծ ինքնագնահատականն կլինի այն, որ ճանաչի ժողովրդի կամքը՚:
Երեկ ողջ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրեց մնալ տանը` ընտանիքի կողքին ու առավելապես ՙֆեյսբուքում՚: Ընտրողներին էլ խոստացավ`տանից դուրս գալ միայն փետրվարի 19-ին ու գնալ ուղիղ ՙԱզատության՚ հրապարակ, թերևս խոստացված հայկական մեծ հեղափոխությունը` ՙոչ թե արյան, այլ ոգու գիտակցությանՙ իրականություն դարձնելու, սիրո, ընտանիքի և հայրենիքի դրոշ բարձրացնելու, և ՙմեր երկիրը անձնական «զոնա՚ դիտողնեին` ո’չ՚ ասելու նպատակով:

Անունս տեսա, ուրախացա~, ու ինձ ընտրեցի

Մինչ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը կժամաներ ընտրատարածք` կատարելու իր քաղաքացիական պարտքը, ֆեյսբուքյան օգտատերեից մեկը շտապ հաղորդագրություն տարածեց` թե ՙԵրևանում արտակարգ պատահար է՚ գրանցվել` ՙՊարույր Հայրիկյանը մտել է ընտրախուց և արդեն երրորդ ժամն է չի կողմնորոշվում, թե ինչ անել՚ և ում օգտին քվեարկել: Քաղաքական հումորը լայն արձագանք գտավ բոլոր կայքերում: Իսկ երբ արդեն լրագրողներին հաջողվեց հանդիպել իրական Հայրիկյանի հետ, վերջինս հրապարակավ խոստովանեց, որ ՙմիջակությունների ու ողորմելիների՚ ինադու ինքը քվեարկել է իր իսկ օգտին: Պարզվում է ԱԻՄ առաջնորդը քվեախցում քվեաթերթիկի վրա կարդալով սեփական անուն-ազգանունը, այսպիսի~ անկեղծ զգացողություն է ունեցել. ՙՇատ ուրախացա, որ ես ունեմ Հայիրկյան թեկնածու՚, և ուրախ- ուրախ էլ, առանց երկար-բարակ մտածելու, ինքն իր անվան դիմաց մի մեծ ՙպտիչկա՚ է դրել:
Ողջ քարոզարշավի ընթացքում բազմաթիվ վելծաբաներ փորձում էին կռահել, թե նախագահի ՙէկզոտիկ՚ թեկնածուներից ո՞վ ի՞նչ նպատակով էր դրել իր թեկանածությունը: Բայց որևէ վերլուծաբանի մտքով չանցավ հայրիկյանական տարբերակը` 8 միլիոն դրամ ընդրագրավ վճարել ընդամենը սեփական անունը քվերթերթիկի վրա կարդալու ու մեկ պահ երջանիկ զգալու համար:
Ինչևէ. քվեախցում իր ՙապրումները՚ լրագրողներին ներկայացնելուց հետո Հայրիկյանը հավելել է` ՙՍա էլ բոլոր նրանց համար, ովքեր ասում են, թե Հայրիկյանը ինքնասիրահարված է՚:
Քանի որ ԱԻՄ նախագահը շա~տ էր վիրավորված ընդդիմադիր թեկնածուներից` միասնական թեկնածուով հանդես գալու իր ՙբաց նամակին՚ չարձագանքելու համար, ընտրության օրը չդիմացավ ու հեռուստախցիկների առաջ մի լա~վ բանբասեց նրանց.ՙԱսացի, ուզո՞ւմ եք հաղթել, ես ուզում եմ հաղթել, ու թե ընդդիմադիր ե՞ք, գնանք Սագսյանին ասենք, դու կբաղվես քո խորհրդարանական մեծամասնությամբ, ասացի` եկեք լինենք միասին, լինենք հաղթող թիմ, ինձ առարկայական պատասխան տալու փոխարենը, ասացին` բարձր ձայնով ասացիր, հեռախոսով ասացիր, այ մա~րդ, տղամարդ ե՞ս, թե՞, քաղաքական գործիչ ե՞ս, թե՞ տնային տնտեսուհի, որ խոսում ես խոսակցության տոնայնության մասին: Քեզ բաց նամակ է ուղարկված, դու էլ բաց պատասխանի նամակին՚:
Չչնայած վիրավորված թևն անվերջ ցավում էր, բայց Հայրիկյանը քվեարկելուց հետո մեկնեց Գառնի՝ հարգելու 1921թ. Փետրվարյան ապստամբության զոհերի հիշատակը։

Էպոսագետը փոշմանել է

«Նախագահը եկավ», «Պարո՛ն, նախագահ». երեկ ընտրատեղամաս ժամանած նախագահի թեկնածու ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ այսպիսի բացականչություններով են դիմավորել, ինչից անակնկալի եկած էպոսագետը իրար հետեւից մի քանի անգամ կրկնել է` «Հրաշալի եմ… հրաշալի եմ»:
Լրագրողի հարցին, թե` ո՞ւմ ընտրեցիք, Սեդրակյանը նախ պատասխանել է` «Ա՜, հումորի մեծ զգացում ունենք», բայց երբ հարցը կրկնվել է, էպոսագետը հունից դուրս գալով հակադարձել է`. «Իյա՜, է հետո՞» դե, պարզ չէ՞ թե ում:
Սակայն լրագրողների աչքից չի վրիպել, որ քարոզարշավի ընթացքում իրեն Սասնա ծռերի պես անպարտելի համարող էպոսագետը տարօրինակորեն փոխվել է ու անվստահ դարձել: Մանավանդ երբ` «Ձեզ վաղը շնորհավորելո՞ւ են որպես ընտրված նախագահ», հարցին տատանվելով պատասխանել է` «Տեսնենք»։ Բա ո՞ւր մնացին էպոսի ուժը, արտատեր պառավն ու Քուռկիկ Ջալալին…
Դառնանք ամենից կարեւորին. թեկնածու Վարդան Սեդրակյանն անիմաստ ու անլուրջ է համարել օրեր շարունակ իր իսկ կողմից հնչեցրած այն հայտարարությունը, թե ընտրություններից հետո իրավապահները ձերբակալելու են իրեն:
Երեկ հրապարակավ այդ մասին հայտարարեց. «Անլուրջ էր էդ ամեն ինչը, անիմաստ: Ես ասացի, որ կարող է, միգուցե կա նման ծրագիր, բայց մի բան է, թե ինչ են ծրագրում, մի այլ բան, թե դրանից ինչ կստացվի»։ Հետո էլ նկատել է, թե «առանց էն էլ ձերբակալվածներն անհաջող թեկնածուներ էին, էդ ամենն ինձ կապելը շատ դժվար կլինի: Գուցե ինչ-որ հարցեր առաջանան, հրավիրեն (դատախազություն), բայց դա էլ դժվար թե լինի»:
Փաստորեն, այսպես անփառունակ էլ ավարտվեց էպոսագետ Սեդրակյանի նախընտրական «էպոսը»:


Դիտել TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն