Գլխավոր » TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

ՆՇԵՑԻՆ, ՃՂԵՑԻՆ, ՋՆՋԵՑԻՆ

Փետրվար 19, 2013թ. 13:37

ծաղրանկարԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Նախագահի թեկնածուները փետրվարի 17-ին մեկօրյա լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ընտրական օրենսգրքին, որին հետեւեց քվեարկության համաժողովրդական արարողությունը: Մարդիկ խմբերով կամ իրենց կամքով գնացին, նշեցին, ճղեցին, ջնջեցին, իրենց ցանկությունը դրեցին սկզբում ծրարում, ապա թափանցիկ տուփի մեջ ու վերադարձան տուն` սպասելու:

Քվեարկության փուլի ի կատար ածումը, փառք Աստծո, մնաց անցյալում: Հիմա ամեն ինչ սկսվում է նորից, որ, հուսով ենք, սկսվելու է եւ ոչ ընդամենը կրկնվելու: Անձի խնդիր չկա. կա երկրի ապագայով մտահոգ եւ զարգացման ուղին ճիշտ անցնելու տղամարդկայնության կարեւորման խնդիր: Եվ դրան հետեւելու:
Բայց, կարծում ենք, ավելորդ չէ մի հայացք նետել անցած իրադարձություններին, քանզի այսօրվա անցածը վաղվա անելիք է թելադրելու: Խոսքը Արցախի կարգավիճակի եւ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը խնկարկող քաղաքականության մասին է:
Նախագահի թեկնածուներն այս մասին խոսեցին հավուր պատշաճի: Չգիտեմ` գիտակցված թե անգիտակ, բայց Արցախի խնդիրը քարոզարշավի ընթացքում շոշափվեց մասամբ` չշահարկվեց:

Երեւի կհիշեք նախորդ ընտրությունները, նույնիսկ խորհրդարանական, երբ բոլորի նախընտրական ծրագրերում Արցախի հակամարտության լուծման անհատական միջոց կար: Զզվելի էր, իհարկե, որ հայրենիքիդ մի մասի հետ կապ չունեցող մարդիկ, մայրիկների գույնզգույն փեշերից բռնած, մեզ հայրենասիրության դասեր էին տալիս, բայց անցած տասնամյակները հուշել են ու համոզել, որ երկրի ապագան անձով չի պայմանավորվում, այլ ժողովրդով, հասարակությամբ, որի հետ կատակները կարող են լինել միայն ժամանակավոր:

Արցախի «թեման» չշոշափվեց ոչ այն պատճառով, որ արդիական չէր, մարդկանց հետաքրքրող չէր, այլ այն, որ բոլորի գիտակցության մեջ կա Արցախ պետության գոյության ընկալումը: Ընդամենը կարելի է խոսել իրավական ճանաչման հեռանկարների մասին, որոնց հերը, վերջին հաշվով, անիծած: Փաստն այս է` օդանավակայանի անպայման գոյությամբ. կառուցում ենք, կառուցելու ենք. խանգարող ենք փնտրում, որովհետեւ Օմարի բարձունքից գեղեցիկ տեսարան է բացվում:
Կարճ` վատ էր, որ չխոսվեց, բայց լավ էր, որ չխոսվեց:
Հիմա: Ով կլինի Հայաստանի նախագահը` ունի առաջնահերթ մի անելիք: Բայց ո՞վ կլինի Հայաստանի նախագահը` թեկնածուներից որեւէ մեկը: Կհաշվեն, կասեն, կհամակերպվենք: Կամ չենք համակերպվի, բայց կըմբռնենք: Բայց այդ որեւէ մեկը պիտի չմոռանա, որ 2015 թվականին լրանում է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Պետական միջոցառումներով ու տխրադեմ կոլեկտիվներով սա «մեջտեղից հանել» հնարավոր չէ:

Մեզ թվում է, որ արժանապատվություն ունեցող երկրի քաղաքականությունը, այն էլ արտաքին, առաջիկա հինգ տարում պիտի կառուցվի հենց այդ հարթության մեջ` պահանջատիրական: Մեր սիրած եվրոպական դատարաններով, իրենց արժեհամակարգերով, «մարդ ու կնգա» հարաբերությամբ եւ այլն: Ու մանավանդ «կնգա ու կնգա»: Հասկացանք, ընդունեցինք, որ կապ չունի` ում ես սիրում, բայց ո՞նց կապ չունի: Չիմանա՞նք` ում ենք սիրում:

Եղեռնի տարելիցը ենթադրում է ոչ միայն հիշատակին նվիրված` հիշատակի միջոցառումների շարան, այլեւ լրջագույն աշխատանք, մասնավորապես, արտաքին քաղաքականության ոլորտում: Հասկացանք, որ Հայաստանի դատարանների մեղավորները մենք ենք. միշտ մեղավոր ենք` չնայած դատավորը հոգեւորական չէ: Որովհետեւ մեղսագործ է: Բայց եղեռնագործության պահանջատիրությունը իրավական հասկացություն է, որի տերը պետությունն է, ապագա նախագահն էլ՝ դրա արտահայտիչը:
Եթե Հայաստանի Հանրապետության նախագահը առաջիկա հինգ տարիների ընթացքում (առնվազն) իր արտաքին քաղաքականության հիմքում չի առաջնորդվելու ազգի հպարտ բարոյականությամբ, հենց իր ընտանիքի ու նախնիների արժանապատվությամբ, չի դնելու Պահանջատիրության հարցը եւ բացատրություն չի տալու` ինչ է անում երկրի արտգործնախարարը, ձախողված է:
Մանր հարցերը թողնենք մի կողմ:


Դիտել TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն