Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱ

Փետրվար 2, 2013թ. 15:49

Դատելով ամենից, ոմանք այսօր լրջորեն մտահոգված են, որ ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանը որպես քաղաքական գործոն այլեւս գոյություն չունի քաղաքական դաշտում: Ու ելք են մտմտում` ի՞նչ անել, որ գոնե 2013-ի նախագահական ընտրություններում մնա ասպարեզում:
Խորհուրդներից մեկն էլ երկրում քաղաքացիական ակտիվ շարժումներ սկսելն է, ներքաղաքական կյանքը հնարավորինս ալեկոծելը. փողոց` միտինգնե՜ր, ցույցե՜ր, մի խոսքով հնարավոր ամենը իրավիճակը ապակայունացնելու համար:

Հաջորդ խորհուրդը առավել մտահոգիչ է. «քաղաքացիական նախաձեռնություններն ու նրանց երիտասարդական ներուժը ծառայեցնել քաղաքական դիակի երկարակեցությանը»:

Կոնգրեսի միանձնյա առաջնորդն այլեւս իրեն սպառել է եւ քաղաքացիական նախաձեռնությունները կարող են դոնորի դեր կատարել` անհրաժեշտ իմպուլս հաղորդելով սպառված գործչին:

Ի դեպ, կոնգրեսը դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր հոգացել պետք եղած ժամանակ քաղաքացիական նախաձեռնությունները քաղաքական հենարանների վերածելու մասին, երբ բնապահպանական ու տարբեր հասարակական խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունների շարքերում ներմուծվեցին կոնգրեսական ակտիվիստները: Եվ այժմ, նախագահական ընտրություններին ընդառաջ, փորձ կարվի «բազան» արդյունավետ օգտագործել:

Նախագահական ընտրապայքարում այս կամ այն ուժի կողմից քաղաքացիական նախաձեռնությունների ներուժն օգտագործելը խիստ մտահոգիչ երեւույթ է համարում Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ. «Ցավոք, քաղաքացիական շարժումները երբեմն օգտագործվում են քաղաքական կուսակցությունների կողմից, ինչը պատճառ է դառնում քաղաքացիական հանրության պառակտման»:

Տիկին Դանիելյանը վերհիշեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւս նման դեպքեր եղան. կիսվեցին ու հարեցին այս կամ այն կուսակցությանը, չնայած չէին հայտարարում, բայց շատերն ակտիվ գործում էին կուսակցական շտաբներում:

Բնապահպանի կարծիքն է` այն պահին, երբ հասարակական կազմակերպությունը հայտարարում է իր քաղաքական դիրքորոշումների մասին, ուրեմն արդեն իսկ շեղվում է իրական ուղուց: «Իհարկե, կազմակերպության անդամներն առանձին-առանձին կարող են աջակցել այս կամ այն ուժին որպես քաղաքացիներ, բայց ո՛չ կազմակերպության անունից: Քաղաքական անցուդարձը ոչ մի կապ չունի էկոլոգիական, նաեւ մյուս խնդիրների հետ: Անկախ նրանից, թե ո՞վ կլինի երկրի նախագահը, դրանք պե՛տք է լուծվեն»:

Պարզվում է, Կարինե Դանիելյանին ու իր կազմակերպությանը եւս հայրենի կուսակցություններից համագործակցության առաջարկ է արվել, ինչն անշուշտ մերժվել է, քանզի անկուսակցական բնապահպանը համոզված է` հենց որ կազմակերպությունը կուսակցականացավ, վերջ, ամեն ինչ փոխվում է, սահմանափակվում է նրա իրական գործունեությունն ու ստանում քաղաքական երանգավորում:

Մինչդեռ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ, ՀԱԿ-ական ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ այլ կարծիքի է: Նա չի բացառում, որ կարող է գա այն պահը, երբ քաղաքացիական շարժումները, այդ թվում եւ «Թեղուտը», հավաքվեն քաղաքական այս կամ այն ուժի կողքին: Բայց քանի դեռ «պահը» այնքան էլ թեժ չէ, կարծում է, դեռ կարող են մի քիչ էլ զբաղվել այն խնդիրներով, ինչին իրականում կոչված են:

Սա երիտասարդ բնապահպանի ակամա ու անկեղծ խոստովանությունն է, որն այլ բան չի հուշում, քան այն, որ եթե վաղը կոնգրեսի հրահանգն իջնի` ինքը չի հապաղելու եւ ապահովելու է բնապահպանական կազմակերպության «վայրէջքը» Տեր-Պետրոսյանի կողքին:

Հետաքրքիր է, իսկ եթե քաղաքական հրահանգիչները մի օր էլ որոշեն «բնապահպաններից» պահանջել, օրինակ, դադարեցնե՛լ Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման համար պայքարը, ի՞նչ են անելու, գուցե այդ ժամանակ էլ ինքնամոռաց կլծվեն լիճը մարզադաշտի վերածելու գաղափարի՞ իրականացմանը:

Իր քաղաքական «առաջնորդների» ոճին հարազատ, բնապահպան-կոնգրեսականը մեզ հետ զրույցում ասաց. «Ա՛յդ խնդիրները չեն լուծվի, քանի դեռ մենք գործ ունենք ա՛յս համակարգի հետ, ու համակարգը փոխելու համար պետք է նաեւ օգտագործվեն քաղաքացիական նախաձեռնությունների ուժերը»:

Բայց արդյոք հայրենի բնության պահապանների գործառույթներում ներառվա՞ծ է նաեւ երկրի քաղաքական համակարգը փոխել-չփոխելու քաղաքական պահանջը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն