«20 ՓԵՏՐՎԱՐԻ, 1988». ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԵՂԵԼ
Անցել է քսանհինգ տարի։ Քառորդ դար։ Դա նշանակում է, որ 1988 թվականին ծնված երեխաներն այսօր արդեն ոչ թե պարզապես պատանիներ ու աղջիկներ են, այլ, համարձակ կարելի է ասել, տղամարդիկ եւ կանայք, որոնցից շատերը ծառայել են բանակում, հասցրել են բուհեր ավարտել, ծնողներ դառնալ։ Մի խոսքով, իրենք արդեն կյանքի փորձ են կուտակել։
Խոսքն առհասարակ միայն նրանց մասին չէ, այլեւ նրանց, ովքեր լեգենդար եւ ողբերգական 1988 թվականին արդեն տասը տարեկան էին, տասնհինգ, նույնիսկ ավելի։ Խոսքն ընդհանրապես այն սերնդի մասին է, որը տարիքի, բնույթի տրամաբանության պատճառով չէր կարող գիտակցված ընդունել պատմական եւ բախտորոշ իրադարձության էությունն ու մանրամասները։
Իրոք, շատերը համարյա ոչինչ չգիտեն այն մասին, թե ինչ է մեր ժողովրդի համար 1988 թվականի փետրվար 20-ը։ Եվ դա նրանց մեղքը չէ. դա նրանց դժբախտությունն է։ Իսկ մեղավոր ենք մենք՝ ավագ սերունդը։ Հին իմաստունները տագնապով կրկնում էին, թե պետք է կշտամբել ու պատժել հայրերին նրա համար, որ զավակները չգիտեն իրենց ժողովրդի, իրենց ընտանիքի պատմությունը։
Հավանաբար դա տեղի է ունենում այն պատճառով, որ յուրաքանչյուր սերունդ ունի իր գերակա տեղեկատվությունը, իր տարեգրությունը։ Եվ գուցե հենց այդ պատճառով էլ ժողովուրդը միշտ հանդիսավորապես նշում է այն տարեթվերը, որոնք կապված են առանձնահատուկ բախտորոշ իրադարձությունների հետ։ Չէ՞ որ դա չի արվում միայն պատմական հիշողությունը թարմացնելու համար, այլեւ ավելի շուտ նրա համար, որ մանրազնին յուրացնենք պատմության դասերը, առանց որոնք իմաստավորելու անհնար է ռազմավարական ու փրկարար ակնկալիքներ ունենալ ապագայից։
Ես երջանկություն եմ ունեցել ծնվել Արցախում եւ հիրավի երանությունն եմ ունեցել իմ շատ հայրենակիցների հետ աշխարհի տարբեր մասերում ակտիվորեն ու գործուն կերպով հայտնվելու սոցիալական այն երկրաշարժի էպիկենտրոնում, որն ստացավ «Ղարաբաղյան շարժում» անվանումը։ Ո՛չ անվերջանալի ուղեւորությունների ժամանակ, ո՛չ պաշտոնյաների աշխատասենյակներում, ո՛չ էլ Արցախի խրամատներում երբեք չեմ բաժանվել իմ հուշատետրից։
Եվ այսօր, երբ ողջ ժողովրդով, բոլոր հինգ մայրցամաքներում նշում ենք փառապանծ տարեդարձը, ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում մի նյութ հենց «փետրվարի 20-ի» մասին, ստեղծված տարեգրական էջերի հիմքի վրա։
1988 թվականի փետրվարից դեռ շատ առաջ ես գրել էի օրագրում. «Ինձ վիճակվել է տեսնել մեծ գետերի շատ ակունքներ։ Սելիգեր լճի մոտ տեսել եմ մի աղբյուր, որում, ինչպես կենդանի բջջի մեջ, դրված է Վոլգայի գենետիկ կոդը։ Ցատկել եմ թելանման այն առվակի վրայով, որն աստիճանաբար թափ ու լայնք էր հավաքում՝ դառնալու համար հզոր Դնեպր։ Եվ ամեն անգամ միտք եմ արել ցանկացած Շարժման մի ինչ-որ աստվածային նախանշանակության վրա…»։
Եվ ահա, թերթելով իմ այն ժամանակների գրառումները, հիշում եմ, թե ինչպես այդ ամենը եղավ, ինչպես այդ ամենը սկսվեց։ Հիշում եմ անվերջանալի պայքարի բուն տարեգրությունը, որ մենք անվանեցինք Շարժում։ Հին մտածողներն ասում էին, թե Շարժումը կյանք է։ Ամեն ինչ ածանցված է Շարժումից։ Նույնիսկ ինքը՝ Ժամանակը՝ ոչ միայն փիլիսոփայական կատեգորիա է, այլեւ շարժում, որն ունի ընդամեը մեկ չափում՝ անցյալից ապագա։
Ազատության համար պայքարը նույնպես շարժում է։ Այստեղից էլ՝ Ղարաբաղյան շարժում, որն սկսվել էր 1988 թվականի փետրվարից շատ ավելի շուտ։ Գուցե սկսվել էր այն օրը, երբ ադրբեջանական վանդալները Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում բուլդոզերով գետնին հավասարեցրին Մեծ հայրենականում զոհված իրենց համերկրացի հայ զինվորների հուշարձանը։ Իսկ գուցե, երբ կացնով (դարձյալ կացնով) գլխին հարվածելով, հենց հերկված դաշտի ակոսում սպանեցին ութսունամյա վար անողին, եւ մարդասպանը մնաց անպատիժ։
Իսկ գուցե այն օրը, երբ Կարադաղլու գյուղի ադրբեջանցի «ուսուցիչն» ու իր հանցակիցները ութ տարեկան հայ տղայի գլխին մեխեր մխեցին եւ հանեցին աչքերը։ Գուցեեւ այն ժամանակ, երբ աղդամցի վեց հրեշներ բռնաբարեցին տասնվեցամյա հայ աղջկան, իսկ մարմինը գցեցին Հայոց ցեղասպանության եւ պատերազմի զոհերի Ստեփանակերտի հուշահամալիրի Հավերժական կրակին… Ավաղ, չափից ավելի շատ էին Ղարաբաղյան շարժում սկսելու պատճառներն ու առիթները։
Եվ սակայն, կարծում եմ, որ սկիզբը դրեցին մշակույթի եւ արվեստի գործիչների նամակները՝ ուղղված երկրի հասարակայնությանը եւ ղեկավարությանը։ Այն գրողների, բանաստեղծների, հրապարակախոսների հոդվածներն ու գրքերը, որոնք, հարգանք հայտնելով բարձր հասցեատիրոջը, փորձում էին բացահայտել Լեռնային Ղարաբաղում եւ Նախիջեւանում, Բաքվում եւ Գարդմանքում, Գանձակում եւ Շահումյանի շրջանում հայերի նկատմամբ խտրականության էությունը։
Այսօր, ժամանակի բարձունքից նայելով Շարժման խորքը, մեզանից ոմանք այդ նամակների հեղինակներին համարում են պարզամիտ մարդիկ։ Ես խորհուրդ չէի տա շտապ եզրահանգումներ անել. խոսքն այնպիսի ժամանակների մասին է, երբ նույնիսկ նման նամակի տակ ստորագրելը ոչ պակաս արիություն էր պահանջում, քան կրծքով հրակնատ փակելը։ Դեռեւս վաթսունականների կեսերին, Ալիեւ-ավագի օրոք, որն այն ժամանակ ղեկավարում էր պետանվտանգության կոմիտեն, սկսվեցին աննախադեպ բռնաճնշումներ արցախյան մտավորականության դեմ։
Բագրատ Ուլուբաբյանի լեգենդար խումբը, որը մարզում հսկայական աշխատանք էր տանում, դեռեւս 1965 թվականին տասնյակ հազարավոր արցախցիների ստորագրահավաք կազմակերպեց հայկական պատմական մարզը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիացնելու պահանջի տակ։ Եվ տասներեք մարդուց կազմված ողջ խումբը ենթարկվեց բռնաճնշումների։ Շատերին արտաքսեցին հարազատ օջախներից, այդպիսի չարագույժ գործողություններով միայն սրելով իրավիճակը եւ յուղ լցնելով Ղարաբաղյան շարժման ջահի վրա։
Տարիներ անց, միլի մեջլիսի նիստերից մեկում, Նախիջեւանից պատգամավոր ընտրված Հեյդար Ալիեւը բացեիբաց խոստովանեց, թե իրեն խանգարել են կենսագործել Ղարաբաղում հայության վերացման եւ, ինչն արդեն արվել էր Նախիջեւանում, հայկական ինքնավար կազմավորման փաստացի լուծարման ծրագրերը։
Հանուն արդարության պետք է ասել, որ Ալիեւը զուր էր համեստություն անում. Արցախի համար իր մահաբեր մտադրությունների իրականացմանն ուղղված քայլերը բավական արդյունավետ էին։ Սկսեց նրանից, որ Արցախի ղեկավար նշանակեց իր սնածու Բ.Կեւորկովին, որը մարզկոմի առաջին իսկ, այսպես ասած, գաղափարախոսական պլենումում, կատարելով իր շեֆի հրահանգը, ձեռնարկեց մտավորականության ջարդը։ Բավական է հիշել «Սովետական Ղարաբաղ» թերթի սեփական թղթակից Յաշա Բաբալյանի վտարումն Արցախից միայն նրա համար, որ գրչակիցների շրջապատում կարդացել էր Արամայիս Սահակյանի «գաղափարախոսական կրիմինալով» ներծծված բանաստեղծությունը, որում պոետը տարակուսանք էր հայտնում, թե մարդկությունը արդեն տեսել է լուսնի հակառակ կողմը, իսկ այ, իրեն՝ բանաստեղծին, չի հաջողվում աստվածաշնչյան լեռանը նայել հակառակ կողմից։
Հազարավոր նամակներ մենք ուղարկեցինք աշխարհով մեկ։ Այդ, ինչպես արտասահմանյան թերթերը գրեցին, «տխմարության» եւ «անհեթեթության» արձագանքն այնքան բուռն ու ներգործուն էր, որ Բաքվում վախեցան։ Հայտնի դարձավ, որ այն երկրների խորհրդային դեսպանատները, որտեղ հայկական մեծ գաղութներ կային, տեղեկացրել էին ԽՍՀՄ արտգործնախարարությանը այդ տեսակի անհեթեթությունների վտանգավորության մասին, որոնք կարող են պատասխան շղթայական ռեակցիա առաջացնել։
1977 թվականին մեզ հայտնի դարձավ, որ Բաքվի կուսակցական առաջնորդն իր ուղիներով համառորեն առաջարկում է Արցախի մասին նյութ նախապատրաստել «Պրոբլեմի միրա ի սոցիալիզմա» ամսագրում տպագրելու համար։ Այդ ամսագիրը մոլորակի կոմունիստական, բանվորական կուսակցությունների տեսական եւ տեղեկատվական հրատարակությունն էր, որ լույս էր տեսնում 32 լեզուներով, 145 երկրներում, ԽՄԿԿ-ի փողերով։
Ալիեւը լավ էր հաշվարկել. բավական է այնտեղ տպագրվեր իրեն անհրաժեշտ նյութը «Ղարաբաղի տեղի» մասին, որպեսզի հասարակական կարծիքում երկար ժամանակով ամրագրվեր ինքնավար մարզի Ադրբեջանի կազմում ընդգրկվելու «տրամաբանությունը»։ Գլխավորն այն էր, համարում էր Ալիեւը, որ նյութը նախապատրաստեին տարբեր երկրների անկախ լրագրողներ։ Հարցազրույցը, իհարկե, կտա ոչ այլ ոք, քան հայ, հենց այդ նույն Կեւորկովը։
Շուտով ամսագրի վեցերորդ գրքույկում տպագրվեց արտասահմանյան ժուռնալիստներ Ս.Միտրի եւ Ա.Խաբի զրույցը կուսակցության Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղարի հետ։ Այն հարցին, թե «Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղը գտնվում Ադրբեջանի կազմում եւ ոչ թե Հայաստանի, որից բաժանված է ընդամենը հողի մի բարակ շերտով, ըստ էության պատասխանեց Ալիեւը՝ Կեւորկովի շուրթերով. «Մարզը Հայաստանից բաժանված է բարձր սարերով։ Ղարաբաղը ծաղկեց Ադրբեջանում, եւ միայն ազգայնամոլները կարող են ասել՝ թող ես վատ ապրեմ, բայց կապված լինեմ Հայաստանի հետ»։ Եվ առանձնակի ընդգծեց պատվիրված նախադասությունը. «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը պետականություն ձեռք բերեց Ադրբեջանի կազմում եւ այդ ճակատագիրն ընտրեց կամովին»։
Նյութում խցկված էին անհեթեթ օրինակներ, որոնք իբր հաստատում էին հայերի եւ ադրբեջանցիների եղբայրությունը։ Եվ զրույցի վերնագիրը նույնպես մտածված էր այն ժամանակների ոգով՝ «Մենք տեսանք ազգերի եղբայրությունը»։
Հենց որ ամսագիրը մեր ձեռքն ընկավ, որոշվեց օպերատիվ կերպով արձագանքել, ընդ որում՝ հնարավորինս բարձր։ Գտանք ավանդական ձեւը. բաց նամակ Բրեժնեւին, որն արդեն զբաղեցրել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի աթոռը, մնալով, բնականաբար, ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար։ Բրեժնեւի անունը այն ժամանակ մի տեսակ մարմնավորում էր արդեն բուն ԽՍՀՄ տերությունը։ Նամակի վրա աշխատում էինք Սերո Խանզադյանի տանը։ Նամակի տեքստին կցված էր վերլուծական մեկնաբանություն։
Այստեղ ես պարզապես պարտավոր եմ մի անհրաժեշտ շեղում կատարել։ Վերակառուցման թեժ պահին հաճախ էր վիճակվում կարդալ եւ լսել, թե ինչպես են ոմանք ժամանակի բարձրությունից հեգնում Չարենցին եւ Իսահակյանին, Շիրազին ու Կապուտիկյանին եւ շատ ուրիշների, թե՝ տեսեք-տեսեք, չափազանց մեծարական նամակներ կամ բանաստեղծություններ էին գրում նվիրված Ստալինին կամ այլ առաջնորդների։ Մինչդեռ այդ դեպքերում նույնպես պոետները մտածում էին ավելի շուտ հայրենիքի եւ ոչ թե իրենց մասին։ Ավագ սերունդը լավ գիտեր, որ ոչ միայն իրենցից յուրաքանչյուրի, այլեւ յուրաքանչյուր հանրապետության բախտն էր կախված մազից, եւ, հետեւաբար՝ յուրաքանչյուր ժողովրդի։
Օրինակ, 1936 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված նոր (Ստալինյան) սահմանադրության մեջ միանգամից բարձրացվեց մի քանի ինքնավար կազմավորումների կարգավիճակը։ Ինքնավար մարզերը վերածվեցին ինքնավար հանրապետությունների, իսկ ինքնավար հանրապետությունները՝ միութենականների։ Եվ դա արվեց մի մարդու՝ Ստալինի գրչի մեկ հարվածով։ Այսինքն՝ թանաքի կաթիլից կախված էին ժողովուրդների ճակատագրեր։ Բավական էր, ասենք, հայերը հոսանքին դեմ գնային, որպեսզի գրչի մեկ հարվածով Հայկական ԽՍՀ-ն վերածեին Հայկական ԻԽՍՀ-ի։ Մոսկվայի պետհամալսարանի պրոֆեսոր Հրանտ Եպիսկոպոսովը այդ առիթով գրել է. «Ստալինը լավ էր հասկանում, որ Անդրկովկասի իր գծած քարտեզը Հայաստանը խոցելի է դարձնում ՌՍՖՍՀ-ի հետ սահմանի բացակայության պատճառով, ինչը նրա ձեռքը փաստարկ էր տալիս հայերին շանտաժելու եւ նրանց դեմ սադրանքներ կազմակերպելու համար»։
Երբ Սերո Խանզադյանի տանն աշխատում էինք նամակի վրա, ժամանակներն այլ էին։ Հետեւաբար, վերաբերմունքի եւ դիմելաձի ոճն էլ ուրիշ էր։ Եվ այդ մասին լավ գիտեր Սերո Խանզադյանը (եւ ոչ միայն նա. Սիլվա Կապուտիկյանը, Բագրատ Ուլուբաբյանը, Լեոնիդ Հուրունցը, Հրաչյա Հովհաննիսյանը, Ջոն Կիրակոսյանը եւ շատ ուրիշներ), որն առաջարկեց ինձ. «Եկ տրորենք այդ դեմագոգների քիթը։ Բայց դրա համար դու պետք է գտնես համապատասխան մեջբերում հենց հասցեատիրոջից՝ Բրեժնեւից»։ Մեզ պետք էր համարժեք պատասխան տալ Կեւորկովի փարիսեցիական նախադասությանը, թե միայն ազգայնամոլները կարող են ասել՝ թող վատ ապրեմ, բայց լինեմ Հայաստանի հետ։
Եվ ահա թե ինչ տեսք ուներ հատվածն այն տեքստից, որի տակ իր ստորագրությունը դրեց հայ գրող-ռազմաճակատային, ԽՍՀՄ Գրողների միության վարչության անդամ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, հանրապետության Գրողների միության սկզբնական կուսկազմակերպության քարտուղար Սերո Խանզադյանը. «Իսկ չէ՞ որ այդ նախադասությունը կապ ունի ոչ թե պարզապես Հայաստանի, այլ Խորհրդային Հայաստանի հետ։ Եվ դա ասվում է այն բանից հետո, երբ դուք, թանկագին Լեոնիդ Իլյիչ, նշելով Խորհրդային Հայաստանի հիրավի ծաղկունքը, ասացիք. «Խորհրդային Հայաստանի ժողովուրդը, կոմունիստները եւ անկուսակցականները, բանվորները, գյուղացիները եւ մտավորականությունը հիանալիորեն զուգակցում են հայրենասիրության ոգին մեկ այլ, խորհրդային մարդու համար ոչ պակաս կարեւոր հատկության՝ ինտերնացիոնալիզմի հետ»։
Այդ մեջբերումը ոչ միայն զինաթափեց սադրիչին, այլեւ թույլ տվեց ողջ աշխարհով մեկ հայտարարել ամենագլխավորի մասին. «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը երբեք իր կամքով չի ընտրել իր ներկայիս «բախտը», որով նա փաստորեն զատված է հայրենիքից։ Եվ նման «բախտն», իհարկե, ինքնին անարդարություն է, որը պետք է վերացվի»։
Սերո Խանզադյանի նամակը՝ վերլուծական մեկնաբանությամբ, առաջինը տպագրեց Բեյրութի ռամկավարների «Զարթոնք» թերթը։ 1977 թվականի սեպտեմբերի միայն մեկ շաբաթվա ընթացքում նամակը տպագրվեց նաեւ այնտեղի դաշնակցական «Ազդակ», հնչակյան «Արարատ», սոցիալիստների «Կանչ» թերթերում։ Եվ ապա շղթայական ռեակցիայով «Արցախի գտնվելու իսկական տեղի մասին հարցը» բարձրացվեց բոլոր հինգ աշխարհամասերում, որտեղ կային հայկական գաղութներ։ Իսկ «Ամերիկայի ձայնի» հայկական բաժինը կես տարի շարունակ, համարյա թե ամեն օր հատուկ հաղորդումներ էր պատրաստում՝ մեկնաբանություններով եւ արձագանքներով։
Արտասահմանյան երկրներից նամակներ էին գալիս ԽՄԿԿ Կենտկոմ, ԽՍՀՄ արտգործնախարարություն։ Խնդրով զբաղվում էին ՊԱԿ-ում։ Մոսկվան հանգիստ չէր տալիս Կարեն Դեմիրճյանին եւ գաղափարախոսության գծով Կենտկոմի քարտուղար Կառլեն Դալլաքյանին։ Պետք է խոստովանել, որ նրանք երկուսն էլ իրենց արժանավայել էին պահում։ Նամակի հանդեպ Դեմիրճյանի արձագանքի մասին մանրամասն պատմել եմ իմ «Դրախտ եւ դժոխք» գրքում։
Մեր այդ քայլը մեկ ավելորդ անգամ հաստատեց, որ նամակագրական ժանրը մարտական, ռազմավարական զենք է։ Ծանր քարի տակով ջուր չի հոսում։ Բաքվում երկար ժամանակով սսկվեցին։ Նման յուրաքանչյուր ալիք հրում էր դեպի Ղարաբաղյան շարժման սկիզբ։ Յոթանասունականների վերջին, ութսունականների սկզբին Երեւանում, գործնականում բոլոր հերթական կուսակցական ժողովներում կոմունիստները (այո, այո՛, հենց կոմունիստները) բարձրացնում էին Ղարաբաղի եւ Նախիջեւանի հարցը։ Այդ ժամանակ արդեն տարբեր հիմնարկներում հայտնվել էին քսերոքսները, ինչը հնարավորություն էր տալիս հազարավոր օրինակներով թռուցիկներ տարածել։
Թռուցիկները մեծ մասամբ ռուսերեն էին։ Դրանք թարգմանվում էին հայերեն միայն նրա համար, որ ուղարկվեին սփյուռք։ Հեղինակները գրողներ էին, գիտնականներ, տնտեսագետներ, պատերազմի վետերաններ, սոցիոլոգներ, ի դեպ, ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Լենինգրադից, Ռյազանից, Դոնի Ռոստովից եւ բազմաթիվ այլ քաղաքներից։ Նյութերը ոչ միայն տեղեկատվական, այլեւ լուսավորչական բեռ էին կրում։
…Ամենատարածված բառը Վերակառուցման շրջանում, բացի «հրապարակայնություն», «ժողովրդավարություն», «արագացում» բառերից, «բնապահպանությունն» էր։ Ճիշտ է, ԽՄԿԿ Կենտկոմի ապրիլյան պլենումից դեռ շատ առաջ, որը 1985 թվականի ապրիլի 23-ին հռչակեց վերակառուցման սկիզբը, ԽՍՀՄ-ում բուռն կերպով քննարկում էին բնապահպանական խնդիրներ։ Բայց այստեղ հայտնվեց շրջակա միջավայրի պահպանման պայքարի մեկ այլ տարր՝ ցույցերը։
Խորհրդային Միությունում առաջին ցույցերը տեղի ունեցան Հայաստանում։ Դրանք սկզբում անցկացվում էին կուսակցական հավաքներում դեռեւս 1986 թվականին, իսկ մեկ տարի անց, 1987-ի աշնանը ինչ-որ մեկը Երեւանի Թատերական հրապարակում տեսնելու էր լոնդոնյան Հայդ Պարկի իմաստը, որտեղ կարելի էր հավաքվել եւ ասել այն ամենը, ինչ կուտակվել էր սրտումդ։ Այնտեղ առաջին անգամ հնչեց լուրն այն մասին, թե ինչպես են վանդալները Չարդախլուում ավերել ու թալանել Խորհրդային Միության մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի թանգարանները։
Մեր ժողովրդի սրտում կուտակվել էին ոչ միայն Սեւանի ու Երեւանի խնդիրները, որոնց մասին հատուկ հենց այդ ժամանակ շատ էին գրում տեղական ու կենտրոնական մամուլում, այլեւ Նախիջեւանի եւ Ղարաբաղի խնդիրները։ Այստեղ արդեն անգնահատելի դեր կատարեց Իգոր Մուրադյանը, մանրազնին նախապատրաստվելով յուրաքանչյուր բնապահպանական ցույցի, որն ավարտվում էր երթով՝ ցուցապաստառներով, կարգախոսներով եւ Գորբաչովի դիմանկարներով։
…Հենց այդ ժամանակ էր, որ Արցախի եւ Նախիջեւանի տարածքում բազմաթիվ ակտիվիստներ սկսեցին ստորագրահավաքը։ Յուրաքանչյուր մեքենագիր էջի վերեւում գրված էր. «Հանուն Նախիջեւանի եւ Լեռնային Ղարաբաղի միացման Հայաստանին», եւ ապա հաջորդում էին անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը եւ ստորագրությունը։ Ավելի քան ութսուն հազար մարդ Արցախում եւ Նախիջեւանում մասնակցեց խորհրդային իրականության համար այդ եզակի հանրաքվեին, որը համարվում է ժողովրդական քվեարկության անվիճելի ձեւ։ Քաղաքական թռուցիկների ամենաբեղուն հեղինակներից մեկը՝ Սուրեն Այվազյանը, այդ բոլոր ստորագրություններն ամբողջացրեց ամուր կազմ ունեցող տասը ահռելի հատորներում։ Մոսկվա ուղարկվելուց առաջ դրանք ցուցադրվեցին Հայաստանի Գրողների միության կուսակցական ժողովում։
Գուցե Ղարաբաղյան շարժումն սկսվեց Խանզադյանի նամակի՞ց։ Իսկ գուցե բնապահպանական եւ մուրադյանական ցույցերի՞ց։ Իսկ գուցե մի ողջ ժողովրդի ստորագրահավաքի բուն գործընթացի՞ց։ Գուցե։ Սակայն, իմ խորին համոզմամբ, Շարժումը եղել է միշտ, սկսած, թերեւս, տասնյոթ թվականից։ Հնարավոր է՝ տասնութից, երբ Դաշնակցական հանրապետության (սա պատմական անվանումն է) առաջնորդները սկսեցին Գորիս-Լաչին-Շուշի ճանապարհի շինարարությունը։ Դա նման էր հզոր գետի շարժման, որը յուրաքանչյուր վերստի հետ ավելի ու ավելի հորդահոս եւ կենսարար էր դառնում։
Ինձ թվում է, պետք է խոսել ոչ թե այդ գետի ակունքի, այլ վտակների մասին։ Մի՞թե վտակ չդարձավ իսկապես քաջարի մարդու՝ Հայաստանի ԿԿ(բ) Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի Ստալինին ուղղված նամակը 1945 թվականի նոյեմբերին, երբ բոլոր ժամանակների ու ժողովուրդների առաջնորդը հաղթանակից հետո, Զեւսի պես, բարձրացվել էր աստվածների աստվածի աստիճանին։ Գրիգոր Հարությունյանը շատ էլ լավ գիտեր, որ հենց Ստալինն էր անձամբ, 1921 թվականի հուլիսի հինգին, ստիպել ՀամԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի անդամներին՝ չեղյալ համարել նախկինում ընդունված որոշումը եւ վառել մի խարույկ, որը վերածվելու էր անվերջանալի հրդեհի։ Հարությունյանը չէր կարող չիմանալ, որ, բացի ամենայնից, բախվելու է Ստալինի հիվանդագին փառամոլությանը։
Շարունակելի
<Հայոց Աշխարհ>













