Գլխավոր » Լրահոս

Հայ-թուրքական հարաբերությունների մասին լսումների մասնակիցները դեմ են արձանագրությունների ստորագրմանը

Հոկտեմբեր 1, 2009թ. 18:30

Այս պահին դեռ շարունակվում են «Նախաստորագրված արձանագրությունների և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումները: Մի բան այլևս ակնհայտ է, որ  մասնակիցների ստվար մեծամասնությունը հիմականում դեմ է  նախաստորագրված արձանագրությունների վավերացմանը, դրանք համարելով վատ մշակված դիվանագիտական փաստաթուղթեր:

ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն իր խոսքում ներկաների ուշադրությունը հրավիրելով ԱԳՆ-ի կայքում տեղադրված նախաստորագրված արձանագրությունների տեքստին, ասաց, որ դրանց հայերեն տարբերակը երեք անգամ փոփոխության է ենթարկվել, մինչդեռ  որևէ մեկն այդ մասին բարձաձայն չի խոսում:

Անդրադառնալով մեկ այլ ուշագրավ փաստի, Գ.Մանուկյանը տեղեկացրեց, որ այս օրերին միջազգային կառույցների կողմից հայկական և թուրքական հասարակական կազմակերպութուններին տրամադրվում են գրանտային գումարներ` 80-ից 100 հազար դոլարի սահմաններում,   նախաստորագրվող արձանագրությունների շուրջ հասարակական քննարկումներ կազմակերպելու նպատակով: Սակայն իրականում դրանք ֆուրշետային բնույթի,  անհասկանալի, դրանով իսկ` անընդունելի, քննարկումներ են:

Գեղամ Մանուկյանը քննարկման մասնակիցներին նաև իրազեկեց, որ հոկտեմբերի 10-ից 14-ը Թուրքիայում հայ ուսանողների մասնակցությամբ կազմակերպվելու է  ճամբարային միջոցառում…

ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի կարծիքով, Թուրքիան,   մեզ միշտապես դիտել է որպես խորհրդային միության ռուսական բազաներ ունեցող երկիր, և այսօր էլ նույն աչքով է նայում:  «Թուրքիան այսօր իր խաղն է վարում և արդեն հրապարակել է մի քարտեզ, ուր Հայաստանը, Բաթումը, Նախիջևանը, Մոլդովայի մի մասը, Մակեդոնիան, Կոսովոն նույն գույնով են ներկված: Հարկավոր է այս հարցերին ավելի լուրջ վերաբերվել»,- ասում է Ա.Կարապետյանը:

«Այս ամենից մեր օգուտն այն է, որ ցույց տանք, թե մենք պատրաստ ենք խաղալ աշխարհի օրենքներով, փոխարենը, Թուրքիային շանս ենք  տալիս իրագործել իր վաղեմի երազանքները»: Կարապետյանն ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին առաջարկեց`  հիմք ընդունել այսօրվա լսումները և  դիմել խորհրդարանին արձանագրությունները չվավերացնելու համար, ապա օգտատործել պատեհ առիթը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին առաջարկություն ներկայացնել, որպեսզի վերջիններս  պարտադրեն Թուրքիային` ընդունել Հայոց Ցեղասպանությունը. «Դրանից հետո միայն կարելի է մյուս հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով»:

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի կարծիքով, մեր հարցերի լուծումը պետք չէ դրսում` եվրոպաներում կամ ամերիկաներում փնտրել: Ըստ նրա, մեր բոլոր հարցերի  պատասխանները հարկ է գտնել հայրենի խորհրդարանի  պատերից ներս: Ուստի նա առաջարկեց` ժամանակն է, որ ՀՀ ԱԺ-ն վավերացնի միջազգային դատարանի գերակայության մասին օրենքը, քանի որ առանց այդ փաստաթղթի Հայաստանը իրավունք չունի դիմել միջազգային դատարան: Դա Հայաստանին թույլ կտա` Հայաստանի և Թուրքիայի միջև առկա քաղաքական-պատմական վեճերը տեղափոխել  միջազգային իրավունքի դաշտ և լուծել հե’նց այդ  հարթության մեջ:

Ա.Գ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն