ԱՄԵՆ ԻՆՉ ՆԵՐԵԼԻ Է, ԲԱՑԻ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՔԱՈՍԻՑ
Ավիկ Մարության
Հայաստանի ներքաղաքական կյանքում, իրոք, սրընթաց վերադասավորումներ են տեղի ունենում:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած քվեների թիվը նրան անսպասելիորեն դարձրեց իշխանություններից դժգոհ հասարակության մի զգալի մասի առաջնորդը: Այս առումով, Ր.Հովհաննիսյանը հայտնվել է իր համար խորթ մի իրավիճակում, որը նաեւ հսկայական պատասխանատվություն է ենթադրում:
Մինչդեռ ասպարեզում կրկին հայտնվել են քաղաքական ուժեր, որոնք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում եւ դեմ չէին լինի հասարակության ակտիվ շերտին ուղղորդել մեկ այլ հուն: Հիշենք նաեւ, որ նույն ուժերը, անձնական ամբիցիաներից ելնելով, ընտրապայքարում չկանգնեցին նախագահի այս թեկնածուի կողքին, բայց հիմա, «պատրաստի» ուժ տեսնելով, կրկին մտան խաղի մեջ:
Տպավորություն է ստեղծվում, թե Ր.Հովհաննիսյանը հետագա գործողությունների հստակ ծրագիր չունի: Դա ապացուցեց նաեւ առաջին հանրահավաքում նրա հնչեցրած պահանջը «իշխանությունը ժողովրդին վերադարձնելու» մասին: Քաղաքական գործունեության փորձ ունեցող գործչին մի՞թե պարզ չէ, որ նման վերացական պահանջները չեն կարող բերել կոնկրետ արդյունքի։
Ամեն դեպքում «Ժառանգության» նախագահի վրա այսօր անասելի մեծ բեռ է դրված, որը եթե չկարողացավ տանել, տանուլ է տալու իր քաղաքական ապագան` մարդկանց մղելով խորագույն հուսահատության:
Այդ բեռը տանելը անչափ դժվար է, քանի որ նորընտիր նախագահի ձեռքին են այնպիսի հաղթաթղթեր, ինչպիսիք են ԱՊՀ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների` ընտրություններին տված դրական գնահատականները։ Սրանք փաստեր են, որոնք անտեսել չի կարելի:
Համոզված ենք նաեւ, որ Րաֆֆին միայնակ շոշափելի արդյունքի չի կարող հասնել: Իսկ առողջ համագործակցության կոչեր կարծես հնչում են:
Մի հանգամանք եւս, որին ուզեն-չուզեն ուշադրություն են դարձնելու իշխանությունները։
Բոլորս էլ գիտենք, որ «Ժառանգության» նախագահին իրենց ձայնը տված քաղաքացիների մի զգալի մասը քվեարկել է ոչ թե Րաֆֆիի օգտին, այլ գործող իշխանությունների դեմ, երկրում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգի դեմ, դատական կիսաայլանդակ համակարգի դեմ: Սա է, որ մարդկանց հունից հանում է: Թիզ-թիզ բաշխված ոլորտների տերերն ու պաշտոնավորներն են, որ անպատիժ քերթում են մարդկանց կաշին, քանի որ այդ սորտի համար փողից բացի այլ սրբություն չկա: Մարդկանց էլ զայրացնում է, որ դրանց ձեռքը բռնող չկա, արդարադատության ցանկալի մակարդակ չկա: Սրանք հարցեր են, որոնց մասին ոչ միայն պետք է մտածել, այլեւ կարգավորել:
Նորընտիր նախագահը ի զորու կլինի՞ քանդել այդ համակարգը, թե՞ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա, ցույց կտա ապագան: Բայց հաստատ է, որ այլեւս կիսատ-պռատ միջոցառումներով, գեղեցիկ ապագայի մասին խոստումներով, մի քանի մանր-մունր չինովնիկի դուրս շպրտելով բան չի ստացվի:
Եթե բոլորի համար տեսանելի բարեփոխումներ չկատարվեն, մարդիկ չզգան հանուն իրենց կատարվող փոփոխությունների շունչը, այլանդակությունների կամաց-կամաց վերջը, ապագան հաստատ հղի է լինելու անկանխատեսելի հետեւանքներով:
Հեռու չգնանք. ուշադրություն դարձրեք Ազատության հրապարակում հավաքվող բազմությանը եւ որակական համեմատություն կատարեք նախորդ ընտրություններին հաջորդած հանրահավաքների միջեւ:
Ի դեպ, նաեւ այն տպավորությունն ունենք, որ Սերժ Սարգսյանին ընտրությունների քվեարկությանը նախորդած շրջանում ոչ օբյեկտիվ տեղեկատվություն է ներկայացվել:
Բնական է, որ նախագահի յուրաքանչյուր թեկնածու քվեարկությունից առաջ մոտավոր հաշվարկ է կատարում իր ընտրազանգվածի վերաբերյալ: Իսկ դատելով Ս.Սարգսյանի քարոզարշավից` նա գրեթե վստահ էր, որ ընտրություններում ուժեղ մրցակից չունի: Բայց պարզվեց, որ այդպես չէ. այսինքն՝ «տեղերից» կամ «տեղական անձերից» իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տրամադրվել:
Հայաստանը քաղաքական առումով իսկապես լրջագույն պահ է ապրում, որից պիտի սկսվի խոստացված բարեփոխումների իրականացումը` առանց վտանգավոր ցնցումների, որոնց մասին գունավոր կոչեր այսօր արդեն հնչում են:
Ամեն ինչ ներելի եւ ընդունելի է, բացի ներպետական քաոսից եւ քաղաքական ներմուծված խեղկատակությունից:
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ












