Բաց նամակ Սերժ Սարգսյանին. մարզերը չեն վստահում իշխանություններին
Ավարտվեցին 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրությունները և, երբ արդեն հայտնի են արդյունքները, մանրամասն ուսումնասիրելով և համեմատելով դրանք նախորդ հինգ նախագահական ընտրությունների արդյունքների հետ, զուգահեռներ անցկացնելով հետաքրքիր պատկերների ականատես եղանք:
Ընդհանրապես նախորդ ընտրությունների (բացառությամբ 1991թ-ի) ժամանակ իշխանական թեկնածուին միշտ սատարել են հիմնականում մարզերի, մասնավորապես` քաղաքային համայնքների ընտրողները, այդպես էր 1996թ-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը մերժվեց մայրաքաղաք Երևանում, բայց մարզերից ստացված արդյունքները հօգուտ նրան էին:
Այդպես էր 1998 – 2003թթ, երբ ընտրվեց ու վերընտրվեց Ռոբերտ Քոչարյանը` կրկին հիմնականում մարզերի ընտրողների քվեներով դարձավ նախագահ: Սակայն մարզերի բնակիչների ձայները միայն ընտրություննրին կարևորելով այդուհետև ուշադրության չարժանացրին մարզերին:
2008 թվականի նախագահի պաշտոնը ստանձնելով դուք որպես նախագահ կարևորեցիք ՀՀ մարզերում տիրող իրավիճակը և, ուսումնասիրելով հիմնախնդիրները, բավականին լուրջ ներդրումային ծրագրեր ուղղեցիք դեպի մարզերը` բացի բյուջետային կոնկրետ հատկացումներից, ամեն տարի յուրաքանչյուր մարզին պահուստային ֆոնդից տրամադրելով շուրջ մեկ միլիարդ դրամ` հրատապ խնդիրների լուծման համար:
Բնականաբար, այս ամենը հաշվի առնելով է, որ փետրվարի 18-ին առավել մեծ վստահության ակնկալիք պետք է լիներ հատկապես մարզերի ընտրողներից: Բայց ընտրության արդյունքները ամփոփելուց հետո, պարզ դարձավ, որ գործող նախագահի օգտին բավականին ցածր արդյունքներ են գրանցվել մարզերում, հատկապես` քաղաքային համայնքներում:
Չգիտեմ գործող նախագահի խորհրդատուները երբևիցե կփորձեն վերլուծել, թե ինչու են տարիներ ի վեր անուշադրության մատնված մարզերը աջակցել իշխանություններին, իսկ ներկայումս թվում է ուշադրությունը գնալով զգալի է դառնում մարզային բնակչության նկատմամբ նրանք վստահության քվե չտվեցին գործող նախագահին:
Այս ընտրությունների արդյունքները հանգեցրեցին մի շարք խնդիրների, մասնավորապեսկապված տարվող կադրային քաղաքականության հետ. Նախ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարը վաղուց իր տեղում չէ. հանդիսանալով հիմնական կապող օղակ համայնքների և կառավարության միջև նա մեղմ ասած ոչ ճիշտ է իրականացնում այդ կապը: Միթե դժվար է հասկանալ որ տարիներ շարունակ մարզերում` միայն կարմիր ժապավեն կտրելն ու մարզպետների կազմակերպած խնջույքներին մասնակցելը բավարար չէ ու վաղուց ժամանակն է իրականում հանդիպել համայնքի բնակիչներին և լսել նրանց հուզող հարցերը:
Մարզպետների աշխատանքը գնահատվում էր միայն հարկ ու տուրք հավաքելով` չստեղծելով այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կտար բարձրացնելու բնակչության կենսամակարդակը: Իրավասու ատյանների անտարբերության արդյունքում է, որ բոլոր մարզպետները դարձել են տեղական ֆեոդալներ, որոնց հիմնական գործը մնացել է պաշտոնների առքուվաճառքը, մարզերը օտարների և յուրայինների բաժանելը, բարեկամ-թշնամիների մթնոլորտ ձևավորելը: Եվ ձևավորվում է մի իրավիճակ, երբ ընտրողը ընտրությունը կատարում է ոչ թե հանուն իր վաղվա օրվա, այլևտեղական ֆեոդալներից ազատվելու մեծ ցանկությունից ելնելով:
Կարծում ենք Բաղրամյան 26 լուրջ հետևություն պետք է անեն առաջարկելով լուրջ կադրային փոփոխություններ իրականացնել, մասնավորապես` պաշտոններից ազատել ՀՀ տարածքային կառավարման նախարարին, բոլոր մարզպետներին, ինչպես նաև, կառավարության այն անդամներին, որոնք կցված են եղել իրենց ծննդավայր- բնակավայրերում, նպաստելով` մարզերի բնակչության բարոյա – հոգեբանական վիճակի բարելավմանը, հավատի վերականգնմանը և մարզերում առողջ մթնոլորտի ձևավորմանը:
ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու
armarlur.com












