Հովիկ Աբրահամյան.Ժամանակն է զոռբայությանը վերջ տալ
«Հավաքվենք հետընտրական պրոցեսները քննարկենք, ԱԺ-ն այն ամբիոնն է, որը կարող է այդ հարցերը քննարկել եւ իրեն ընտրած ժողովրդին պարզաբանել»,-հետընտրական գործընթացների մասին այսօր ԱԺ նստաշրջանում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Նա նկատեց, թե իրոք քննարկելու բան է` ինչու 58,6 տոկոսը պետք է պարտվի 36,7-ին։ «Մենք հարգում ենք 560 հազարին, բայց խնդրում ենք դուք էլ հարգեք 860 հազարին, որոնք ձայն են տվել Սերժ Սարգսյանին։ Ինձ համար անհասկանալի են հետընտրական պրոցեսները։ Ժամանակն է վաղուց զոռբայությանը վերջ տալ եւ նստել սեղանի շուրջ խոսել։ Բոլորը հասկանում են, որ դա Րաֆֆի ձայները չեն, ընդդիմության ձայներն են։ Ես համաձայն եմ, որ զարմանալու տեղ կա, ինքս էլ զարմացած եմ, գուցե Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, որ 560 հազար ձայն է ստացել։ Թե ինչ տրամաբանությամբ եք դուք համարում, որ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ես չգիտեմ։ Մենք սպասում ենք ԿԸՀ պաշտոնական արդյունքներին, որից հետո դեբատների միջոցով կխոսենք»,-ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, թե պատրաստ է «դեբատների». «ԱԺ-ին առաջարկում եմ դա անել հենց այսօր, քանի որ այսօր ավելի կարեւոր բան չկա»։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հովիկ Աբրահամյանի այն մտքին, որ պետք է հարգել 860 հազարի ընտրությունը. «Խնդիր չկա, բայց մենք ուզում ենք տեսնել էդ 860 հազար քվեարկողներին։ 2008-ին էլ տեսանք, փետրվարի 26-ին, երբ Սերժ Սարգսյանի հանրահավաքի ժողովուրդը եկավ Ազատության հրապարակ»։
Պարոն Փաշինյանը նույնպես համաձայն է, որ քննարկեն, բայց արդեն հավաքվել են, ինչու՞ ուշացնել. «Մենք դեմ ենք քննարկել փակ սենյակներում»։
Իսկ թե ինչու պետք է հաղթանակը շնորհվի Րաֆֆի Հովհաննիսյանին, ասաց. «Հայաստանի 10 մարզերից 7- մարզկենտրոններում նույնիսկ պաշտոնական տվյալներով հաղթել է ընդդիմության թեկնածուն»։
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց.<Սերժ Սարգսյանը 860 հազար ձայն չունի: 860 հազարը դուք խփել եք։ Ինչո՞ւ ձեր իսկ կողմից հրավիրված հանրահավաքին ձեր 860 հազարը չներկայացան։ Ո՞ւր է ձեր քվեարկած քաղաքացին»։ Նրանց տեղը ցույց տվեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Էդ 860 հազար մարդիկ հանգիստ իրենց տանը նստած են, որպեսզի հասնենք ապահով Հայաստանին»։ ԱԺ դահլիճ ուշացումով մտան ՀՅԴ պատգամավորները եւ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն հայտարարեց, որ միանում է արդեն հնչած այն տեսակետներին, որ պետք է քննարկումներ ծավալել ընտրությունների արդյունքների վերաբերյալ. « Պետք է գտնել որեւէ ձեւաչափ քննարկման»: Երբ ԱԺ-ն անցավ հաստատված օրակարգի հարցերի քննարկմանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու բոլոր նախագծերին՝ անկախ դրանց նրբություններից ու առանձնահատկություններից. «Այդպիսով արտահայտելով իմ վերաբերմունքը այն քաղաքական ուժերին ու կառույցներին, որոնք ուղղակի կամ անուղղակի ձեւով առնչություն ունեն ՀՀ-ում ստեղծված ճգնաժամին»: Քիչ անց նա եւ Զարուհի Փոստանջյանը լքեցին դահլիճը: Աժ նիստի կեսից Ալեքսանդր Արզումյանը, Արմեն Ռուստամյանը, «Ժառանգության» պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը, Թեւան Պողոսյանը, ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը դուրս եկան դահլիճից ու առանձնացան՝ ըստ երեւույթին քննարկելու ընտրությունների վերաբերյալ ընդդիմության բարձրացրած հարցերը, թեեւ նախապես խոստացել էին, որ այն բաց պետք է լիներ նաեւ լրատվամիջոցների համար:












