Դասադուլը շարունակվում է
ԵՊՀ մոտ այս պահին հավաքված են մի քանի տասնյակ ուսանողներ, որոնք հայտարարել են դասադուլ՝ հանուն արդար ընտրությունների։
Ակցիան սկսվեց ժամը 11.30-ին՝ դասամիջոցների։ Ըստ կազմակերպիչների՝ այդ արվեց,որպեսզի չասվի , թե իրենք խանգարում են դասապրոցեսին։ Դասախոսները համոզում էին,ո ր ուսանողները վերադառնան դասի, սակայն նրանք չլսեցին։ Ուսանողներն իմացան, որ արդեն ներկա-բացակա են անում՝ ճշտելու, ովքեր են մասնակցում դասադուլին։ Ինքնաբուխ երթով, ինչպես ուսանողներն են ասում, իրենք հիմա գնում են այլ բուհեր։
Կազմակերպիչները հայտարարություն են տարածել, որում նշում են
«Երիտասարդնե՛ր, մի՛ երկնչեք: Այս երկրի տերը մենք ենք, քանզի 88-ին մեր ծնողները կանգնեցին: Նրանք կանգնեցին մեր կյանքի համար: Հիմա հերթը մերն է: Պետք չէ վախենալ դասադուլի հետևանքներից. հետևանքը մեկն է՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ: Դեկանները, դասախոսները, պաշտոնյաները ոչ մի կերպ սպառնալիք չեն, քանզի իրենք էլ են տեսնում մեր երկրի ողբալի վիճակը, նրանք խոչընդոտ չեն:
Մեր ծնողները անցել են այս ուղով, իսկ այսօր նրանց վաստակած անկախությունը վտանգված է, այո՛, մեր Հայրենիքի անկախությունը վտանգված է:
Ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ չկան արժանավայել կյանքի պայմանները, որտեղ ոստիկանը բռնանում է 20-ամյա աղջկան, որտեղ չկա ազատություն, որտեղ հենց ոստիկանն է խոստովանում, որ օրենքը չի գործում…. ես ընդվզում եմ…
Կոչ ենք անում բոլոր ուսանողներին՝ միացե՛ք, պահանջե՛ք, մի՛ ստրկացեք հանցավոր ռեժիմին: ՄԵնք ենք տերը մեր երկրի:
Մենք ենք ապագան ու մենք ենք կերտում Հայաստանի ճակատագիրը….
Միացե՛ք…
1988-ին Ազատության հրապարակից սկսվեց հանուն անկախության շարժումը, և մենք այսօր նույն հրապարակից սկսեցինք երիտասարդական ընդվզումը հանուն մեր՝ ազատ անկախ երկրում ազատ կյանքի և գոյության: Քննարկման որոշումները ներկայացնում ենք ստորև.
Եվ այսպես՝ երկուշաբթի օրը՝ փետրվարի 25-ին՝ ժամը 11:30-ից ԵՊՀ-ի (Երևանի պետական համալսարան) գլխավոր մասնաշենքի դիմաց սպասում ենք բոլորիդ՝ պայքարելու հանուն հայության ազատության»:












