Գյումրեցիները նշեցին Զորավար Անդրանիկի ծննդյան 148-ամյակը
Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին Գյումրիում նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 148-ամյակը: Ի հիշատակ մեծ հայդուկապետի՝ քաղաքային իշխանությունների եւ Գյումրու զորամասի ներկայացուցիչները ծաղկեպսակ դրեցին զորավարի հուշարձանին: Գյումրու փողային նվագախումբը կատարեց ազգային- ազգագրական երգեր:
«Անդրանիկը հեղափոխական մարտիկ էր, այստեղ է նրա անսահման ժողովրդականության գաղտնիքը: Ժողովուրդը պաշտում է միայն նրանց, ովքեր հայրենիքի ազատության համար պայքարել ու մեռնել գիտեն»,- նշեց Շիրակի կայազորի պետի տեղեկալ Սոս Բեգջանյանը: «Հայ ժողովուրդը շատ հերոսներ է ունեցել, բայց Անդրանիկի աստղը ուրիշ է: Այսօրը ողջ հայությունը պետք է տոնի զորավարի ծննդյան տոնը: Նա լեգենդ էր ինչպես իր ապրած ժամանակում, այնպես էլ երկրային կյանքից հետո: Նա լեգենդ էր ամենուր Եվ դա է պատճառը, որ մեզանից շատերը Անդրանիկ զորավարին ազգային խորհրդանիշ են համարում»,- նշեց գրողների միության Շիրակի մասնաճյուղի ղեկավար Անդրանիկ Կարապետյանը:
Ելույթ ունեցողները նշեցին, որ շուրջ երեսուն տարի օսմանյան կայսրության դեմ մարտնչած հայդուկապետին, ով ստանձնեց նաեւ հայկական կամավորական առաջին գնդի հրամատարությունը, հիշել եւ արժեւորել է պետք միտապես:
Օրվա խորհրդով պայմանավորված` մեծ զորավարի արձանի մոտ տեղի ունեցավ շիրակցի բանաստեղծ Սամվել Մարգարյանի «Հայդուկապետ Հայոց» պատմաբանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը:












