Գլխավոր » Լրահոս

ԱԺ բանակցություններն ինձ վրա չեն տարածվում. Հովհաննիսյան

Մարտ 3, 2013թ. 16:28

«Գարնանամուտ է։ Սպարապետ Վազգեն Սարգսյանն ամեն տարի գնում էր Աշտարակի կամուրջ եւ կամրջի ներքո «բարի գարուն» ասում մեր ժողովրդին։ Ժառանգությունը հենց այն է, ինչ վերցնում ենք մեծերից ու փոխանցում նոր սերնդին, որ գարունը բարի լինի»,- այս խոսքերով սկսեց ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ Թատերական հրապարակում հրավիրած «հանրային ասուլիսը»։

Պատասխանատվությունից խոսող ընդդիմադիր առաջնորդը, պարզվում է, իրեն պատասխանատու չի համարում հարթակից հնչող մարտական կոչերի եւ ելույթների համար։ «Ես գրաքննությանը դեմ եմ՝ տեքստերին նախապես ծանոթ չեմ։ Սա Ազատության հրապարակն է, եւ այդ ազատությունը պատկանում է բոլորին։ Անգամ նրանց, ով իմ դեմ ուղղված տեսակետ է արտահայտում, պաստառ պահում, որը անհիմն է»,- ասում է նա։
Հարցին՝ համամի՞տ է Ռուբեն Հախվերդյանի արտահայտած տեսակետին, թե հայ ժողովուրդը «հեռավոր ադրբեջանական գավառից», այսինքն՝ Ղարաբաղից եկած նախագահի պետք չունի, «Ժառանգության» առաջնորդը մի բառով պատասխանեց՝ «ո՛չ», համաձայն չէ։ «Ես հարգում եմ այդ քաղաքացու եւ բոլոր մնացած մեր քաղաքացիների ազատ խոսքի, թեկուզ սխալ խոսքի իրավունքը։ Ինձ ճանաչելով՝ գիտեք, որ տեւապես կողմնակից եմ հայ ժողովրդի իրավատիրության, ազգի եւ պետության միասնականության, եւ թող ո՛չ մեկը, անգամ իր մասնագիտական պարտքը կատարելիս, չփորձի սեպ խրել իմ եւ իմ համաքաղաքացիների միջեւ»,- ավելացրեց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքների բողոքարկմանը, որոշում ընդունողը պետք է լինի «հայ ժողովուրդը». «ՍԴ չդիմելու կամ դիմելու որոշումը մենք ոչ թե քվեարկության՝ խորհրդի կարգով վաղը կքննարկենք հայ ժողովրդի՝ հաղթած ժողովրդի հետ, եւ ես, արդեն որպես ժողովրդի վստահությունը վայելող համաքաղաքացի, կիրակի օրը համապատասխան որոշում կկայացնեմ»։
Որտե՞ղ են զանգվածային ընտրակեղծիքների ապացույցները։ Խորհրդարանական փոքրամասնությունը՝ խայտառակ ընտրությունների մասին հայտարարություններ անող 4 խմբակցությունները, ունենալով ներկայացուցիչներ բոլոր տեղամասային հանձնաժողովներում, ինչո՞ւ սահմանված կարգով չկարողացան արձանագրել, բողոքարկել խախտումները եւ անհերքելի փաստերի ծանրակշիռ փաթեթով, ոչ թե թղթե շերեփով զինված, մտնել Սահմանադրական դատարան։
«Հայոց Աշխարհ»-ի «երկսայրի» հարցին ի պատասխան՝ Ր.Հովհաննիսյանը խոսեց անօրինական քարոզչության, վարչական ռեսուրսների չարաշահման, վստահված անձանց ահաբեկումների, լցոնումների, զինվորների ուղղորդված քվեարկության «բազմաթիվ» դեպքերի եւ «համատարած» այլ խախտումների մասին, որ թույլ են տալիս «հեչի պես» վիճարկել ընտրությունների օրինականությունը. «Եթե Սահմանադրականը իսկապես դատարան է, ոչ թե կամագործիք, լիքը ապացույցներ ունի՝ վերջապես մի անգամ իր կենսագրության ընթացքում ճշմարտությունն ասելու։ Բայց ընդունելով քննադատությունը, ասում եմ՝ այո, շատ ավելի կազմակերպված պիտի լինեինք այդ հարցերում, եւ կարծում եմ՝ համաքաղաքացիական պայքարի հաջորդ հանգրվաններում շատ ավելի պատրաստված կլինենք այս եւ այլ մարտահրավերների պատասխանը տալու համար»։
Ր.Հովհաննիսյանը պնդում է, որ «Ժողովրդի հաղթանակի» դե յուրե ամրագրումն այլընտրանք չունի։ Այս պարագայում ինչպե՞ս հասկանալ, որ «Ժառանգություն» խմբակցությունը հանրապետական մեծամասնության հետ քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների տարբերակը՝ որպես փոխզիջումային լուծում։
«Հայ ժողովրդի պայքարը ներառում է բոլոր հնարավոր սահմանադրական ճանապարհները եւ ատյանները։ Շատ լավ է, որ դե ֆակտո խորհրդարանում գործընթացներ կան, բայց այդ գործընթացները կապ չունեն իմ՝ ձեր վստահությունը վայելող համաքաղաքացու մոտեցման հետ։
Ես ներկայացրել եմ պարոն Սարգսյանին իմ մոտեցումները, դրանք մերժվել են, եւ եթե ինքը համազգային այս հաղթանակը ճանաչելու, համազգային այս տագնապը հաղթահարելու առաջարկ ունի, պատրաստ եմ լսել։ Խորհրդարանի բանակցությունները իմ վրա չեն տարածվում։ Հովիկ Աբրահամյանը իմ զրուցակիցը չէ։ Թող դե ֆակտո խորհրդարանում իրենց քննարկումներն անեն՝ դա իրենց իրավունքն է։ Իմ միակ զրուցակիցը պարոն Սարգսյանն է»,- ԱԺ-ում շարունակվող քննարկումներից հեշտ ու հանգիստ սահմանազատվեց «Ժառանգության» առաջնորդը։
Լրագրողներից մեկը, հղում անելով «Հայոց Աշխարհ»-ին, հարց տվեց՝ ինչո՞ւ Ր.Հովհաննիսյանի ընտանիքի անդամները, կոնկրետ՝ որդիները, մինչեւ հիմա ՀՀ քաղաքացիություն չեն ընդունել. պատճառն այն չէ՞, որ խուսափում են կատարել իրենց պարտքը հայրենիքի առջեւ՝ ծառայել հայոց բանակում։ «Իմ ընտանիքը, որդիները իրենց ամբողջ կյանքը ծառայության մեջ են։ Շատ հպարտ եմ, որ կրտսեր որդիս՝ Արմեն-Ռիչարդը, վերջերս՝ 16 տարեկան հասակին, իր կամքով դարձավ ՀՀ քաղաքացի։ Դա հայրական հրահանգ չէր։
Բայց կան ՀՀ անձնագիր ունեցող շատ քաղաքացիներ, որոնք խախտում են Հայաստանի Սահմանադրությունը, խեղում ժողովրդի ձայնը, դավաճանում ազգային շահը։ Փաստաթղթով չէ՛, սակայն սպասում եմ այն օրվան, երբ մեծ վերադարձի ճամփա բռնած նաեւ ի՛մ ընտանիքը դառնա ՀՀ քաղաքացի եւ ծառայի»,- հակադարձեց պարոն. Հովհաննիսյանը։
Ռ.Հովհաննիսյանը դեռ չի որոշել՝ ինչ ձեւաչափով է մասնակցելու Երեւանի քաղաքապետի ընտրություններին։ Մի բան պարզ է՝ «քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ ժողովուրդը վերատիրանալու է իշխանության։ Այսօրվա դե ֆակտո մեծամասնությունը դառնալու է փոքրամասնություն։ Սա ամենաառողջարար լուծումը կլինի թե՛ իշխանության, թե՛ Հայաստանի Հանրապետության համար»։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն