Ինչո՞ւ, ե՞րբ և ո՞ւմ կողմից շրջանառության մեջ դրվեց “Քրդական միություն”, “քրդական գավառ”, “Քրդստան” հասկացությունները…
Ինչո՞ւ, ե՞րբ և ո՞ւմ կողմից շրջանառության մեջ դրվեց “Քրդական միություն”, “քրդական գավառ”, “Քրդստան” հասկացությունները… Ո՞րն է դրանցում երևութականը, և որը` իրականը, բուն խնդիրը:
Հարցեր, որոնց հստակ պատասխանը, վերլուծական հենքը, իր ժամանակին տվել է Րաֆֆին: Սակայն, նրանք, ովքեր հայոց մեջ պարտավոր էին սերտել և հասկանալ իրերի իսկությունը, ովքեր պետք է վտանգները դիմագրավելու հակաքայլեր մշակեին, նախահարձակ լինելու ծրագրային գործընթաց խթանեին, չհավատացին Րաֆֆուն, անգամ իրենց տեսածին ու լսածին չհավատացին և գնացին ինքնախաբեության ճանապարհով` պատճառ դառնալով հայոց շուրջ 120-ամյա մեծ կորուստների, շարունակ առերեսվելով մեր հանդեպ իրականացված մեծածավալ հանցագործություններին ու դրա հետագա ծավալումներին:
Ամեն ոք կարող է կարդալ Րաֆֆու այս գործը, որը խորհրդային տարիներին չի հրատարակվել, համաձայն` 1921թ. մարտի 16-ի “Ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության պայմանագրի” 8-րդ հոդվածի, որտեղ, մասնավորապես, ասված է. “Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տերիտորիայի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաև պարտավորվում է իրեն տերիտորիայում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ: Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձության պայմանով ստանձնում են նույնպիսի պարտավորություն նաև Կովկասի Սովետական Հանրապետությունների վերաբերմամբ”: (Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, “Հայաստանը միջազգային դիվանագիտության և արտաքին քաղաքականության փաստաթղթերում` 1828-1923
թթ.”, “Հայաստան” հրտ., Երևան, 1972, էջ 499):
Եվ որպեսզի ԽՍՀՄ-ում արգելեին “այնպիսի խմբերի և կազմակերպությունների առաջացումն ու գոյությունը սեփական տերիտորիաներում, որոնց նպատակն էր պայքարը մյուս երկրի դեմ”, որոշեցին արգելել նախ և առաջ Րաֆֆուն… նրա հստակ ու խորաթափանց վերլուծությունների վերահրատարակությունը:
Մինչդեռ Րաֆֆին դեռ այն ժամանակ գրում էր. “Հայկական խնդիրը յուր խանձարուրի մեջ խեղդելու համար նա (Բ.Դուռը – խմբ.) աշխատում է այժմ կազմել մի քրդական միություն”: Ինչպես կտեսնենք հետագայում, խոսքը միայն թուրքական իշխանությունների մասին չէ, այլև այդ գործում գլխավոր դերակատարություն ստանձնած և ունեցած անգլիական կայսերական կառավարության: Հայկական հարցի լուծումը խոչընդոտելու նպատակով առաջ քաշվեց քրդական գործոնը: Առավել քան պարզ թվացող այս քաղաքական խաղի ենթատեքստը մեր օրերում բացահայտում է այն ժամանակների խորքային նպատակները: Առաջին խնդիրը Հայկական հարցը հայերի բնաջնջման միջոցով լուծելն էր: Երկրորդը` հայ-թուրքական տևական թշնամանք ստեղծելը: Երրորդը` հայ-քրդական թշնամանքի
սաղմնավորումը: Նշյալ երրորդ ուղղությամբ, ոչ միայն 19-րդ դարի վերջին, այլև 20-րդ դարի սկզբին բավական մեծ աշխատանք է կատարվել, և հակառակ նրան, որ քրդական շատ աշիրաթներ մասնակցեցին նաև Հայոց ցեղասպանությանը, չհաջողվեց հայ-քրդական թշնամանք հրահրել, թեև գոյացավ որոշակի սառնություն ու անվստահություն քրդերի հանդեպ: Սակայն, այն, ինչ տեղի է ունենում մեր օրերում, անհանգստացնում է իր ահռելի մասշտաբներով:
Այսօր, երբ Հայաստանի անկախության ձեռքբերմամբ Հայկական հարցը միջազգային իրավական ոլորտում արծարծելու և լուծելու իրական պատուհան է բացվել, արևմուտքում կրկին աշխուժացնում են քրդական գործոնը,այն էլ այնպիսի սադրիչ ձևերով ու արտահայտություններով, որ կարող է վնասել հայ և քուրդ ժողովուրդների բարեկամական հարաբերություններին ու ներքաշել նրանց այնպիսի մի դիմակայության ոլորտ, որից շահած դուրս չեն գալու երկու կողմերն էլ: Գուցե կարող ենք հանգստանալ ու հանգստացնել ինքներս մեզ, թե այդ ամենը արդեն տեսել ենք: Իսկ դասեր քաղե՞լ ենք:
2006-ի օգոստոսին ԱՄՆ Զինված ուժերի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսը մի հոդված հրապարակեց, որտեղ բավական մեծ բաժին է հատկացված քրդական պետություն ստեղծելու հարցերին և հոդվածին կից քարտեզով տրված է ապագայի այդ պետության սահմանները: Քրդական պետության Իրաքի հյուսիսային տարածքների հետ միասին հեղինակը ներառել է նաև 1920 թ. Սևրի դաշնագրով Հայաստանին տրված Արևմտյան Հայաստանի և Արևելյան Հայաստանի տարածքները: Հիշեցնենք, որ Միջին Արևելքի երկրների սահմանները գծվել են հենց այդ դաշնագրով, հայտնի պատճառներով մինչև հիմա չեն իրականացվել միայն Հայաստանին վերաբերող դրույթներն ու որոշումները:
Հիշեցնենք նաև, որ Սևրի դաշնագրի Հայաստանին վերաբերող դրույթները չեղյալ չեն հայտարարվել և ուժի մեջ են մինչև այսօր: Բայց այնուամենայնիվ, խայծը նետված է: Իսկ դրան պատասխաններ պետք է գտնել: Ամերիկացի մեկ այլ հեղինակ` ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի դասախոս Ստեֆան Բլանկը, ձգտում է հատուկ լարվածություն ձևավորել, որպես փաստարկ օգտագործելով ադրբեջանական ու թուրքական իշխանություններին ենթակա մամուլի հրապարակումները Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) ռազմական ճամբարների մասին ԼՂՀ-ում և ՀՀ-ում: Ազգամիջյան ատելություն ու թշնամանք սերմանելու, դրանց միջոցով սեփական կայսերական շահերը հետապնդելու եվրո-գերտերությունների հայտնի ձեռագիրը նկատել ու բացահայտել է Րաֆֆին դեռևս 1880-ականներին, որի հետևանքներին, թե° մենք, թե° քրդերը ծանոթ ենք պատմությունից:
Արդ, մեզնից է կախված մեր ժողովուրդների օրինական, իրատեսական, իրական շահերը հետապնդելու,մեր ժողովուրդներին սադրանքների ու վտանգների չենթարկելու և ինքնուրույն ներքին ու արտաքին
քաղաքականություն վարելու, խոհեմ դիվանագիտություն իրականացնելու կարողությունը:












