Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

ԹԱՓԱՆԻՎԸ ԿԱՐՈՂ Է ՊՏՏՎԵԼ ՈՒ ՀԵ՛ՆՑ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՏԱԿՈՎ ՏԱԼ

Մարտ 5, 2013թ. 20:54

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ

-Ի վերջո Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները դիմեցին Սահմանադրական դատարան. հայցադիմումով պահանջվում է «վավերացնել եւ ամրագրել նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից հրապարակած կեղծ թվերը»: Կկարողանա՞ «Ժառանգությունը» ներկայացնել ծանրակշիռ փաստարկներ:
-Եթե ընդդիմադիր գործիչը, որն իրեն հռչակում է ընտրված նախագահ, ունի կասկածներ ընտրական գործընթացների հանդեպ, ապա շատ բնական է, որ դիմում է Սահմանադրական դատարան: Այլ հարց է՝ այդ կասկածները կհաստատվե՞ն, թե՞ կմերժվեն դատարանի կողմից: Այնուհանդերձ ես ողջունում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ քայլը, քանի որ այն տեղի է ունենում օրենքով սահմանված ընթացակարգի շրջանակներում:
-Նկատի ունեք, որ ՍԴ դիմելով հետընտրական զարգացումները կմղվեն իրավական հարթությո՞ւն:
-Այո, դա նաեւ թույլ է տալիս ենթադրել, որ մենք կգնանք կառուցողական հունով, գործընթացը դուրս չի գա օրենքի շրջանակներից, ու երկրում ապակառուցողական պրոցեսներ տեղի չեն ունենա: Հիշեցնեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն է մշտապես հայտարարում, թե իր կողմից ղեկավարվող շարժումը կմնա սահմանադրության շրջանակներում եւ կծավալվի միայն օրենքի տառին համապատասխան:
Բայց այդ հավաստիացումներին զուգընթաց հարթակից հնչում են այլ կարգի հայտարարություններ, ինչպես, օրինակ. «Մենք խնդիր ունենք հեղափոխության, յուրաքանչյուր գյուղ, համայնք պետք է դառնա հեղափոխության օջախ»: Նման հայտարարությունները տեղավորվո՞ւմ են «կառուցողականության» տրամաբանության մեջ:
-Շատ կարեւոր պահ է. պետք է հասկանալ, թե հանրահավաքի մասնակիցները, երբ նման հայտարարություններ են անում, իրե՞նց անունից են հանդես գալիս, թե՞ այդ հայտարարությունների համար պատասխանատվություն է կրում նաեւ կազմակերպիչը: Այս առումով, իրոք, երեւույթը մտորումների տեղիք է տալիս:
Կարծում եմ, խնդիրը պետք է պարզաբանի հե՛նց պարոն Հովհաննիսյանը. ինչո՞ւ, որովհետեւ իրավիճակը սրող, ոչ կոռեկտ կոչեր հնչում են իր իսկ կողմից հրավիրվող հանրահավաքներում: Ուրեմն շատ լավ կլինի, որ ինքն էլ անձամբ ասի` համաձա՞յն է, թե՞ դեմ է հնչող մտքերի հետ: Եթե դեմ է, ապա ինչո՞ւ է համաձայնում, որ նման մոտեցումներ ունեցող անձինք հանդես գան հանրության առաջ:
Հակառակ դեպքում այն կարող է լուրջ պրոբլեմների առիթ դառնալ. որոշակի մարդիկ, առաջնորդվելով նման կոչերով, կարող են դիմել ոչ օրինական գործողությունների, ինչն էլ կարող է պատասխանատվության առաջ կանգնեցնել հենց հանրահավաքների կազմակերպիչ Րաֆֆի Հովհաննիսյանին: Հետեւաբար պետք է հստակություն մտցնի` իր կողմից հրավիրված հանրահավաքներում հնչող կոչերի համար պատասխանատվություն կրո՞ւմ է, թե՞ ոչ, պատասխանատո՞ւ է այն գործողությունների համար, որոնք կարող են տեղի ունենալ դրդիչ կոչերի հետեւանքով:
-Հարթակում հնչած որոշ հայտարարությունների համակարծիք չլինելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց լրագրողներին միայն ասուլիսի ժամանակ, չնայած պիտի այդ մասին հայտարարեր հե՛նց հանրահավաքի պահին:
-Միանշանակ է, որ նման կոչերին իր անհամաձայնությունը նա պետք է հայտնի հանրահավաքի ժամանակ: Մի բան է, երբ վերաբերմունքը հնչում է հանրահավաքում, ուր կան որոշակի հուզական տրամադրություններ, այլ բան է, երբ հնչում է դրանից դուրս, եւ որոշ ժամանակ անց ազդեցությունը բոլորովին այլ է, ասելիքի տրամաբանությունն էլ է կորչում:
-Մտահոգություն չկա՞, որ հարթակն այլեւս կարող է անկառավարելի դառնալ գլխավոր պատասխանատուի կողմից:
-Դա պետք է հստակ գիտակցի Հովհաննիսյանն ու հասկանա, որ եթե թափանիվը սկսեց պտտվել, այլեւս չի կարողանալու այն իր կամքով ուղղորդել: Եթե սկսեց պտտվել, ապա հենց ղեկավարին կարող է իր տակով տալ: Սա պետք է ընկալելի լինի այն մարդկանց կողմից, ովքեր նման պատասխանատու գործընթացի մեջ են մտել:
-Ինչ կասեք այս օրերին «Ժառանգության» լիդերի ակտիվ հանդիպումների մասին քաղաքական շրջանակների` «Բարգավաճ Հայաստանի», Դաշնակցության հետ: Ի դեպ, Հովհաննիսյան-Ծառուկյան հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել «ստեղծված ճգնաժամը հաղթահարելուն ուղղված արտահերթ քայլերի շուրջ»:
-Նորմալ գոծընթաց է: Քաղաքական ուժերի միջեւ տեղի ունեցող ցանկացած քննարկում, դիրքորոշումների ճշտում, հստակեցում ես շատ առողջ ու դրական եմ համարում: Ողջունում եմ այդ հանդիպումները:
-Իսկ իշխանության ներսում չկա՞ անհանգստություն, ի վերջո, ընդդիմությունը հայտարարում է, թե Հայաստանում իրականացնում է ծիրանագույն հեղափոխություն:
-Այսօրվա իրողություններն ինձ թույլ են տալիս պնդելու, որ մենք բավականին հեռու ենք նման զարգացումներից, բայց նաեւ չեմ կարող բացառել, որ զարգացումներն այդ հունով չեն գնա: Քանի դեռ ամեն ինչ օրենքի շրջանակներում է, որպիսին համարում եմ նաեւ Սահմանադրական դատարան դիմելը, կարծում եմ, ընկալելի է ու կառավարելի:
Բայց չափազանց կարեւոր կլինի Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը ՍԴ որոշումից հետո: Թե ինչպիսի որոշում կկայացնի ՍԴ-ն, այլ խնդիր է, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է իրեն հաշիվ տա, թե ՍԴ ցանկացած վճռի դեպքում ինքն ինչպիսի՞ գործելաոճ պետք է որդեգրի: Սահմանադրական դատարանը բարձրագույն մարմին է, եւ նրա կայացրած որոշումից հետո ցանկացած ոչ համարժեք քայլ կդիտվի օրենքի խախտում:
-Այդ դեպքում, ո՞րն է ելքը: Ինչպե՞ս կարող են հանդարտվել կրքերը։
-Ելքը Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների միջեւ ծավալվող երկխոսությունն է, որին մասնակցում են նաեւ մյուս քաղաքական ուժերը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն