ՀԱՄԲՈՒՐԳԵՐԸ ԵՎ ԽՈՋԱԼՈՒԻ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Ժամանակակից աշխարհում պատերազմելու եւ հաղթելու հիմնական զենքը տեղեկատվությունն է: Կամ ապատեղեկատվությունը: Մեր հակառակորդներն այս դասը լավ են յուրացրել: Ավելի ճիշտ կլինի ասել, որ նրանք յուրացրել են, իսկ մենք` ոչ: Խոսքը ադրբեջանական քարոզչամեքենայի մասին է եւ մեր քարոզչամեքենայի իմիտացիայի: Տարիներ տեւող:
Միլիարդների հասնող գումարներ են ծախսում, միայն սուտ ու հորինվածք պարունակող ալբոմներ ու գրքեր հրատարակում ու տարածում, ոչ մի առիթ բաց չեն թողնում նոտա հղելու համար: Խաչքարն էլ դարձավ ադրբեջանական, եկեղեցիներն էլ դարձան հնադավան ադրբեջանցիներինը: Քարոզում են ու քարոզում եւ լավ են քարոզում:
Մենք մի պատասխան ունենք` ճիշտ ենք: Ճիշտը ճիշտ ենք, բայց պիտի խոստովանենք, որ մեր ճիշտը նաեւ պիտի տեղ հասնի, որ չի հասնում: Եվրոպացու համար կենսականորեն կարեւոր բան է համբուրգերը. տեսնում է, վերցնում եւ ուտում:
Ադրբեջանը համբուրգերի հետ նրան տալիս է նաեւ Խոջալուի «ցեղասպանության» մասին մի գրքույկ` թափառաշրջիկ հայերի վայրագությունների ժամանակագրությամբ: Եվրոպացին ուտում է ու կարդում, կարդում է եւ ուտում: Եվ ուտում է: Որովհետեւ մեր ճիշտը դարձել է սուտ, թուրքի սուտը` ճիշտ:
Ադրբեջանում «կառուցեցին» մի ամբողջ վրանաքաղաք, որի անունը դրեցին փախստականների ավան: Ի դեպ, Եվրոպայից եկած ամեն մեկին, լինեին հանձնաժողով կամ անհատ, տանում-ցուցադրում էին «եղելությունը» եւ խոսում մարդու իրավունքներից ու ազատություններից: Այսինքն՝ ագրեսոր հայերը արտաքսել են խեղճ խաշնարածներին:
Մարդասեր Եվրոպան էլ բորբոքվում է:
Մեր տասնյակ հազարավոր փախստականները մինչեւ այսօր նորմալ կարգավիճակ չունեն: Կոպիտ չհնչի` ուղղակի դուրս են պետական ուշադրությունից: Բաքուն կառուցած, Բաքվում կոտորված հայերը: Եվ ոչ միայն Բաքվում:
Տեսեք` սատանայակերպ դրսեւորումներով այսօր ուզում են Խոջալուի իրադարձությունները ներկայացնել որպես ցեղասպանություն: «Հնադարյան» բաշիբոզուկի համար ի՞նչ տարբերություն` երեսուն տարի իր հայրենիքում ժողովո՞ւրդ է կոտորվել, թե՞ ասել են` ճանապարհ կա, հեռացեք մեր տնից:
Սումգայիթ ենք հիշում, իսկ հիշողությունը, եթե անելիք չի պարտադրում, վատ բան է: Միայն հիշե՞նք:
Փախստականները մերոնք են, Սումգայիթում տանջամահ արվածները մերոնք են, դժոխքից մի կերպ դուրս պրծածները մերոնք են, բայց աշխարհին ահազանգ հնչեցնողը Բաքուն է: Տեղեկատվության տեղը ցույց տվեք` իմանանք:
Բանն այնտեղ է հասել, որ ծեծկռտուք են սարքում նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ուր հայերը հանդգնել են լռությամբ հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը:
Ըստ «Ռեգնում» գործակալության, ֆրանսիացի խորհրդարանականները միջադեպը բնութագրել են որպես ադրբեջանցիների կողմից իրականացված սադրանք, մարդու իրավունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունք եւ խոսքի ազատության դեմ ոտնձգություն: Պատգամավորները նշել են նաեւ, որ Ազգային ժողովում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հակահայկական քարոզչությամբ սնվող ակտիվիստներն իրենց լիովին անպատժելի են համարում:
Միջադեպին անդրադարձել է նաեւ Ֆրանսիայի արտգործնախարարությունը, որի խոսնակ Ֆիլիպ Լալիոն հայտարարել է. «Մենք ցավում ենք այդ միջադեպի համար եւ դատապարտում ենք փետրվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովի շենքում տեղի ունեցած բռնարարքը: Ֆրանսիան հավատում է, որ միայն երկխոսության միջոցով է հնարավոր հասնել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը, եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր` մենք վերահաստատում ենք, որ հավատարիմ ենք կողմերի միջեւ երկխոսությանն աջակցելու մեր պարտավորություններին»:
Ասվածը հասկանալի է, քաղաքակիրթ Եվրոպան` ասպարեզում: Խոսքը ադրբեջանական լկտիության եւ հայկական լրատվական հանդուրժողականության մասին է:
Քարոզչական պատերազմ ասվածը հեքիաթ չէ, այլ իրականություն, որում պարտության հետեւանքները կտեսնենք այնժամ, երբ ուղղել արդեն չենք կարող: Բայց կան, չէ՞, այս գործն ստանձնած կառույցներ, եւ ի՞նչ են անում: Թող չափազանցություն չթվա, բայց խոսքն ազգային անվտանգության մասին է:
Բարոնուհի Քոքսը բազմիցս ահազանգեց` թուրքի սուտը տարածվում է, դուք գործ չեք անում, սթափվեք: Նորից նույն կազմակերպված լռությունը:
Սումգայիթի զոհերի հիշատակն էլ չեն թողնում նշել, մարդասպանին դարձրել են ազգային հերոս, մարդակերների ծառուղի են բացել` «հեյդար-մեյդարների» հովանավորությամբ:
Մենք ի՞նչ ենք անում:












