Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

ԵՐԲ ԽՈՍՔԸ «ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ» ՄԻԼԻՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է

Մարտ 15, 2013թ. 13:37

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ
4544_139858Ոչ մեկի համար նորություն չէ, որ Հայաստանում շատ մեծահարուստների առաջնային խնդիրներից մեկը պետական հարկուտուրքից հնարավորինս խուսափելն է: Այլ կերպ ասած, զարտուղի ճանապարհներ օգտագործելով, քիչ փող «դուրս տալը»:
Սա նշանակում է նաեւ, որ գրեթե անհնար է դառնում նրանց իրական կարողության չափն իմանալը, քանի որ ստվերային բիզնեսը մեզանում վաղուց գեղեցիկ ավանդույթ է դարձել: Մանավանդ որ այդ կարողության մեծ մասը գրված է կանանց ու չգիտեմ ում անուններով. ուրիշ բան չասենք: Թաքցված է, մի խոսքով կամ պահվում է արտասահմանում:
Մեզ չի էլ հետաքրքրում այդ «իրական չափը», բայց երբ խոսքը «պատգամավորական» միլիոնավոր դոլարների մասին է, ակամայից մտածում ես երեսպաշտության այն դրսեւորումների մասին, ըստ որոնց, Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը տարբեր բաներ են, չեն սերտաճել: Որ պատգամավորի մանդատը օրենք գրելու համար է: Բայց իրականում ունեցվածքը անձեռնմխելի պահելու համար է:
Գաղտնիք չէ նաեւ այն, որ մեծ կապիտալ ունեցող օլիգարխը ապրում եւ աշխատում է իր հարստության համար: Այս դեպքում դերերը փոխվում են. ոչ թե օլիգարխն է իր կապիտալի տերը, այլ, հակառակը, եւ գործում են լրիվ այլ օրենքներ: Սրանք այն օրենքները չեն, որ ընդունվում են խորհրդարանում, սրանք խորհրդարանում ընդունվող օրենքների օրենքներն են:
Ի՞նչ է պետք հարուստ մարդուն. նախեւառաջ անձեռնմխելիություն, իշխանություն, ազդեցիկ կապեր: Բայց այս ամենը նրա համար է, որ ապահով ու անձեռնմխելի լինի կապիտալը: Հենց այս հանգուցակետում է ժողովրդավարական զարգացման ուղին իբր բռնած երկրներում բիզնեսը սերտաճում քաղաքականությանը, ընդ որում, երկրորդը ծառայում է առաջինին:
Հայաստանն այս առումով բացառություն չէ: Սա այն հարցն է, որ նույնիսկ օրինակ բերելու հարկ չկա. բոլորս էլ գիտենք: Եվ ամենեւին զարմանալի չէ, որ մեզանում գործում են հիմնականում այն օրենքները, որոնք ունեն սպասարկման մասնավորեցված գործառույթ` հարկային, մաքսային, իրավական (նայած ում հանդեպ):
Բայց, ասենք, աշխատանքային, բնապահպանությանը, լեզվի պաշտպանությանը վերաբերող օրենքները մեզանում քանի՞ կոպեկի արժեք ունեն: Նույնիսկ լումայի չեն ձգում: Այսինքն՝ դրանց գործել-չգործելը որեւէ մեկին չի հետաքրքրում, քանի որ չեն առնչվում կամ քիչ են առնչվում կապիտալի հետ: Այստեղ է թաքնված շան գլուխը:
Սրանք օրինաստեղծ աշխատանքի պատրանք ստեղծելու համար են ընդամենը. իմիտացիա: Բա հո խորհրդարանը պարապ չի՞ մնալու, մանավանդ որ կա Եվրոպա, միջազգային չգիտեմ ինչ հանձնաժողովներ, որոնք մեր օրինաստեղծներին աշխատելու առատ հումք են մատակարարում` պահանջի տեսքով, որովհետեւ փող են տալիս: Բայց սրանք հասարակական կյանքի հետ չնչին առնչություն ունեն, քանի որ ընդամենը մեր հարգանքի հավաստիքն են Եվրոպային, որովհետեւ փող են տալիս:
Այստեղից՝ էլ զեկույցներ, էլ չգործող օրենքների մեջ «ժամանակակից պահանջներին համապատասխան» փոփոխություններ, էլ տնտեսության անտեսանելի թռիչքներ, էլ զբոսաշրջության կատաղած զարգացում, էլ… Մի խոսքով:
Վերջերս «Մանդատ» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում հետազոտություն է անցկացրել եւ պարզել, որ Հայաստանի Ազգային ժողովի 20 պատգամավորներ միլիոնատեր են։
Միլիոնատերերի առաջին հնգյակում են չորս ԲՀԿ-ականներ` Գագիկ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը, Գրիգորի Մարգարյանը եւ ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը, որը իր կարողությամբ զիջում է միայն Գագիկ Ծառուկյանին:
Ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն է, որի 36 պատգամավորներ միասին հայտարարագրել են շուրջ 98,1 մլն դոլար եկամուտ: ԲՀԿ-ի կարողությունը երկու անգամ գերազանցում է Հանրապետական խմբակցության կարողությանը:
Իմիջիայլոց հիշենք, որ ԲՀԿ-ն «այլընտրանքային» կուսակցություն է, եւ հիանանք Հայաստանում հաստատված այն անօրինակ հավասարության համար, երբ նույնիսկ ընդդիմադիր հայացքների տեր քաղաքական ուժերն ունեն իրենց քրտինքով հարստանալու աննախադեպ հնարավորություն:
Ընդդիմադիր ՀՅԴ-ի` ԱԺ-ում ներկայացված հինգ պատգամավորները միասին ունեն 537 հազար դոլար։ Երկրորդ տեղում ՕԵԿ-ն է՝ 234.5 հազար դոլարով։
ՀԱԿ-ը՝ իր 7 պատգամավորներով, ունի 169 հազար դոլար։ Ընդ որում, ամենից շատ գումար հայտարարագրել է Հրանտ Բագրատյանը՝ 63 հազար դոլար եւ 27200 եվրո։ Արամ Մանուկյանն ու Լյուդմիլա Սարգսյանն ընդհանրապես դրամական միջոցներ չեն հայտարարագրել։ Ֆինանսական առումով ամենահամեստ խմբակցությունը «Ժառանգությունն» է՝ 118 800 դոլար։
Մանր-մունր թվերը թողնենք մի կողմ, մանավանդ կասկածի տակ մի կերպ չառնենք որոշ պատգամավորների ազնվությունը թվերը ներկայացնելիս: Բայց եթե իսկապես ընդունենք, որ մեր խորհրդարանում ունենք ընդամենը 20 միլիոնատեր պատգամավոր, պիտի կարծենք նաեւ, որ կլինեն նաեւ պատգամավորներ, որոնք ունեն, ասենք, 900000 դոլար. միլիոնից մի քիչ պակաս: Որն է մեր պնդման հիմքը. գոնե երեւանցիները բազմաթիվ դղյակներ ու «թույն» օբյեկտներ են տեսնում, որոնք «հեչի պես» մի երկու միլիոն դոլար արժեն, բայց տերերը խեղճ-խեղճ նստած են խորհրդարանում, վերոհիշյալ թվերի մեջ էլ չեն երեւում:
Չխորանանք, ունեն, թող վայելեն:
Բայց մենք էլ իրավունք ունենք հասկանալու, որ նման պարագայում ընդունվող օրենքների զգալի մասը դադարում է պետությունը եւ հասարակական կյանքը կարգավորելու իր հիմնական ու գլխավոր գործառույթից եւ հասարակական շրջանակներից տեղափոխվում անձնական ու խմբային շրջանակ:


Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն