«ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՑ» ՑԱԾՐԻ ՏԵՂԸ ԿԱՍԵ՞Ք
Գիտե՞ք ինչն է զայրացնում մարդուն. մոտավոր, մոտակա, բայց առկա աբսուրդը
Ընդ որում, բոլոր բնագավառներում` լինի քաղաքականություն, գիտություն, կրթություն, մշակույթ: Մոռացա. մի բան էլ կա` տնտեսություն: Ինչ-որ կոնկրետության պակաս կա այս ամենում: Կոնկրետության պակաս կա հենց մեր իրականության մեջ. միակ ճշգրիտը սրա-նրա հասցեին հայհոյանքն է. մանավանդ սրա եւ մանավանդ նրա:
Արդեն չորս ամիս մեր նյարդերը քայքայում ենք տարաբնույթ խաղերի վրա. ով ում հետ հանդիպեց, ինչ խոսեցին, հատկապես ինչի մասին լռեցին, ով ում գաղտնազերծեց, ով գնաց Ֆրանսիա, ում բռնեցին Դուբայում, եւ այսպես շարունակ: Այսինքն՝ բոլորս կորցնում ենք` ոչինչ չշահելով:
Իշխանություն-ընդդիմություն ենք խաղում Հայաստանում, ուր ոչ մեկը կա, ոչ մյուսը: Ավելի ճիշտ, պիտի լինեն երկուսն էլ, բայց միասին: Իսկ հիմա անհասկանալի մի վիճակ է ստեղծվել, որի հետեւանքներն անիմանալի են:
Դժգոհությունը սոցիալ-տնտեսական իրավիճակից ակնհայտ է, ապրուստի պայմաններից նույնպես, դատաիրավական տխմարություններից` անպայման. լկտի փողատերերի` օրինապահության մասին խրատ-խորհուրդներն էլ արդեն հունից հանում են: Բայց մենք ի՞նչ ենք անում. գնում ենք հրապարակ, ոգեւորված վերադառնում ենք, մյուս օրը գնում ենք, ոգեւորված չենք վերադառնում, մյուս օրը չենք գնում:
Ասում են` քաղաքական իրավիճակը լարված է: Մենք այդ կարծիքին չենք` ընդհանուր վիճակն է լարված, քանի որ մարդիկ ընդամենը կոնկրետություն են ուզում: Պարզ` հանդիպել եք, բանակցել, հետո էլի, ի՞նչ եք որոշել:
Մի ասեք` երկու օր հետո կիմանաք: Քսան տարի երկու օրվա պատմություն ենք ուսումնասիրում: Ի՞նչն է մեր «ներքաղաքական» իրականության առանցքն այսօր` «բոլորս միասին, բայց ես՝ առաջինը»: Իսկ այդպիսի բան չի լինում: Դրա համար էլ չի լինում: Ինչեւէ, սա թողնենք մի կողմ:
Ապշեցի, երբ կարդացի, որ հայրենի կառավարությունը զբաղված է սոցիալական քաղաքականության «նոր մեթոդաբանության» մշակմամբ: Ասել կուզի` հինն իրեն չարդարացրեց, հիմա նորն ենք մշակում: Մտածում եմ հին ծրագրերի վրա հույս դրածների մասին ու հիշում մեր պետական ոչ աշխատանքային օրերի, մասնավորապես, Մեռելոցների մասին: Մարդիկ գնացին, ծրագրերը` բա ո՞նց: Ծրագրերը մշակվում են, մեթոդաբանությունները թարմացվում են, սոցիալապես անապահով մարդիկ մեռնում են:
Սպասեք, էլի:
«Դուք տեղյակ եք, որ մենք ուշադրության կենտրոնում ենք պահում բոլոր միջազգային վարկանիշերը, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը: Հրապարակվել է մի նոր զեկույց, որն ամփոփում է տարին զբոսաշրջության մրցունակության վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունն իր դիրքը բարելավել է 11 կետով: Այդ համեմատությունը կատարվում է 140 երկրների միջեւ: Մենք զբաղեցնում ենք 79-րդ տեղը»,- տեղեկացրել է վարչապետը կառավարության վերջին նիստում:
Զբոսաշրջության այս աննախադեպ աճը տեսնում ենք. ուղղակի զարմանում ենք, թե ինչո՞ւ են Երեւանում հայերեն քիչ հասկանում, բայց ուրախանում ենք, որ զբոսաշրջությունը, ուրեմն, զարգանում է: Չենք հասկանում մի բան. եթե մարդու աշխատավարձը կամ թոշակը չեն բավարարում ապրելու համար, այդ 11 կետերից քանի՞սը պիտի ուտի, ըստ նոր մեթոդաբանության:
Հայաստանը 11 կետով չգիտես ուր է բարձրանում, թոշակառուն Հայկական բարձրավանդակից 21 կետով իջնում է: Հովիտ էլ չի մնացել. միայն փոս:
Եվս մի հետաքրքիր մեջբերում. «…Թիրախային օգնություն ենք ցույց տալիս, ասենք, սպառված գազի վճարը հատկացնելու»: Եվ հետո. «Գյուղատնտեսությունում մենք ունենք շուրջ 250 հազար ընտանիք, որոնք աղքատության շեմից ցածր են ապրում»։
«Թիրախային օգնություն» ասվածը լավ է թե վատ, թողնենք իրավապահներին, բայց գուցե իսկապես ավելի լավ է: Սակայն 250 հազար ընտանիքը եթե բազմապատկենք ընդամենը երեքով, դառնում է 750 հազար մարդ:
Մեզ կերակրելու կոչված մոտ մեկ միլիոն մարդ աղքատության շեմից ցածր է ապրում…













