ԿԻԿՈՍԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հայաստանի ներքաղաքական լոկալ զարգացումները ցույց են տալիս, որ իրեն հարգող յուրաքանչյուր հայ կյանքում գոնե մեկ անգամ պետք է նախարար լինի: Հիմա այդ հնարավորությունը կա:
Ազատության հրապարակում հացադուլ անող, նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հանրահավաքում հանրությանը ներկայացվեց Հայաստանի նոր, այսպես ասած, ստվերային կառավարությունը: Այն ապրիլի 9-ի «շնորհանդեսից» հետո դառնալու է գործող կառավարության այլընտրանքը` միշտ պատրաստ վիճակում:
Այսինքն՝ հենց որ վերընտրված նախագահը հրաժարական տա եւ ներողություն խնդրի վերընտրվելու համար, ստվերային «գործադիրը» անմիջապես անցնելու է իր պարտականությունների կատարմանը:
Հարցն այն է սակայն, որ ստվերային նախարարներից շատերը տեղյակ չեն իրենց «նշանակումից»: Ցուցակը կարդում են, բազմությունը հավանություն է տալիս, կառավարությունը գոյանում է: Երկրի գործադիր իշխանություն ձեւավորելու ավելի զվարճալի մեխանիզմ դժվար է պատկերացնել:
Մարդկանց չվիրավորելու համար անուններ չհիշատակենք, բայց փաստենք, որ, իսկապես, որպես քաղաքական սկսված պայքարը աստիճանաբար վերածվում է զավեշտի:
Հասարակության մի զգալի հատված մինչեւ այսօր չի հասկանում, թե կոնկրետ ինչ է ուզում «Ժառանգության» առաջնորդը, քաղաքական պայքարի ինչ այլընտրանքային տարբերակներ կան նրա զինանոցում. միայն հացադո՞ւլ: Ուրախանում են միայն լրագրողները. անընդհատ լուր, այն էլ անմիջապես Ազատության հրապարակից, առաջին բերանից:
Ակամայից հիշում ես «Ռուսական կայսրության թագը» կինոնկարը, ուր ինքնակոչ ցարերը իրար ձեռքից թագ էին խլում՝ «ցարը ես եմ»: Հիմա էլ հասանք ստվերային կառավարության ձեւավորմանը՝ բակում «կռիվ-կռիվ» խաղալու հերթական փորձին, որ ներկայացվում է իբրեւ ժամանակակից աշխարհում ընդունված քաղաքական պայքարի քաղաքակիրթ տարբերակ:
Այս «կառավարության» կազմի հեղինակներին նույնպես չենք ուզում անդրադառնալ, քանի որ Ր.Հովհաննիսյանի` արդեն խամրող քաղաքական հեղինակության թիկնոցի տակ պահված բազմաթիվ «աբիժնիկների» մասին խոսել չենք ուզում:
Դժվա՞ր է հասկանալ, որ մարդիկ հոգնել են. այդ պատճառով էլ մի պահ առկայծած հույսը, բախվելով անգործունյաների սահմանադրական շրջանակներին, կրկին նահանջել է, օրերս էլ կմարի: Ազատության հրապարակում մեկը մյուսին ասաց՝ գնում եմ սեմուշկա առնեմ: Պատասխանը՝ երկու հատ առ: Նորմալ մարդիկ էին, բայց պիտի մի բանով լցնեին առաջարկվող քաղաքական դատարկությունը:
Իրականությունն այն է, որ ընդդիմադիր գործիչների կերտած ստվերային կառավարությունը հիշեցնում է զավեշտալի հեքիաթ: Ու քանի որ մենք էլ հայ ենք եւ հպարտ քաղաքացի, բացախոսության պայմաններում թերեւս իրավունք ունենք առաջարկելու ապագա կառավարության մեր տեսլականը:
Նախագահի նախկին թեկնածուներից մեկը պետություն ղեկավարելու ռազմավարության հիմքում դնում էր «Սասնա ծռեր» էպոսը: Ճիշտ էր անում. ապագան դա ցույց կտա: Մենք ընդօրինակեցինք արմատներին վերադառնալու այդ ազգապահպան հրամայականը եւ սեփական կառավարությունը կազմելիս հենվեցինք մեր հեքիաթների եւ հեքիաթի արժեք ունեցող գրական գեղեցկությունների վրա: Հեքիաթը հեքիաթ է:
Քաջ Նազարը սիրված եւ ժողովրդի կողմից ընդունված հերոս է: Հերոս, որն աչքի է ընկնում երկրի կառավարման մեծ հմտությամբ եւ զորավարական ունակություններով. սաստում է, լվացվում, փռշտում, եւ ամեն ինչ (ներառյալ Ադրբեջանը) իր տեղն է ընկնում: Ի՞նչ ստացվեց՝ ստվերային վարչապետ, որն աշխուժանում է հատկապես գիշերները, երբ Հայաստանի ճամփաներով օտար քարավան է անցնում:
Ուստիանը հիանալի կկատարի ստվերում գտնվող սփյուռքի նախարարի պարտականությունները, մանավանդ երբ վարչապետը, կառավարության նիստը թողած, ինքնագլուխ որոշի մտնել թախտի տակ:
Կիկոսին, որպես աշխարհ տեսած մարդու, համաժողովրդական քվեարկությամբ, նշանակում ենք ստվերային զբոսաշրջության նախարար: Զբոսաշրջիկները գալիս են, բայց ստվերում ոչ մեկը չի երեւում: Ծառից հանգիստ, համոզելով կիջեցնենք, կտանենք-կդնենք աթոռին: Մայրանալու ցանկություն ունեցող քույրերին էլ կամաց-կամաց կտեղավորենք. նախարարությունում հազար բաժին կա:
Գիքորին առաջարկում ենք ստվերային աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար, իսկ Համբոյին՝ որպես գլխավոր խորհրդական: Քավոր-սանիկ չեն, բայց հայր ու տղա են, մի բան կանեն: Եվ կպահենք, որ չմեռնեն:
Ստվերային էկոնոմիկայի նախարարի մի թեկնածու կա, որին կողմ են բոլորը` Ձախորդ Փանոսը: Նա կրթվել է ամենուրեք. ծառեր է կտրել ոչ միայն եվրոպական երկրներում: Հմուտ է, գրագետ եւ աճին միտված:
Իսկ մեր վիճակագրական ծառայությունը, իսկ մեր վիճակագրական ծառայությունը, նույնպես համաժողովրդական ընտրությամբ, վստահել ենք Սուտլիկ որսկանին: Ինչ տեսավ՝ հաշվում է, ինչ հաշվեց՝ տեսնում է:
Ճիշտ այնպես, ինչպես մենք:













