Գլխավոր » TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

ՍՏՎԵՐԱՅԻՆ ՑՈՒՑԱԿԻ ՀՄԱՅՔԸ

Մարտ 19, 2013թ. 13:57

աթոռԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Դեռ փետրվարին Նիկոլ Փաշինյանը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջ դրեց իր հեղափոխական սցենարներից մեկը` ձեւավորել ստվերային կառավարություն: «Ժառանգության» առաջնորդը փետրվարին մերժեց առաջարկը, նկատելով. «Ես հարգում եմ Նիկոլի առաջարկը, բայց չարժե»:
Ռուբեն Հակոբյանն էլ մերժումը հետեւյալ կերպ ձեւակերպեց. «Դա լավ, բարի ցանկություն է, բայց ստվերային կաբինետի մասին հայտարարելը չի նպաստի այս գործընթացներին: Հայաստանի քաղաքական մշակույթի ներկայիս իրավիճակում ստվերային կառավարության մասին առաջարկությունը նպատակահարմար չէ»:
Սակայն օրերս պարզվեց, որ ընդամենը մեկ ամսում Հայաստանի քաղաքական մշակույթը հարթակի առաջնորդների համար հասել է այնպիսի «մակարդակի», որ ստվերային կառավարության ստեղծումը դարձել է հույժ պարտադիր: Այսինքն` Նիկոլ Փաշինյանը այնուհանդերձ կարողացավ համոզել «Ժառանգությանը». շտապ, մինչ հանրապետության նախագահի պաշտոնակալության օրը` ապրիլի 9-ը, գլուխ բերել «ստվերայինը»:
Անցած կիրակի Ազատության հրապարակում տեղի ունեցած հերթական հանրահավաքի ժամանակ Փաշինյանն անցավ գործի` հրապարակի «հաստատմանը» ներկայացնելով ստվերային կառավարության ցանկը: Շրջանառության մեջ դրեց միանգամից 70 «պոտենցիալ» նախարարների անուններ, որոնց ընտրությունը «հատ-հատ» կատարել էր պատգամավորը:
Ստվերային ցուցակը, որ կարճ ժամանակ անց հայտնվեց ֆեյսբուքյան հանրույթի քննարկումների կիզակետում, հասցրեց շատերին մտահոգել: «Եթե նման մարդիկ են ստվերային կառավարության «պոտենցիալ նախարարները», կնշանակի Հովհաննիսյանը պրոֆեսիոնալների թիմ չունի»:
Իսկ ցուցակի ողջ «հմայքն» այն է, որ ապագա նախարարացուների գերակշիռ մասը կա՛մ ՀԱԿ-ականներն են, կա՛մ ՀԱԿ-ի համակիրներ, որոնց մեջ, ի դեպ, իրենց պատվավոր տեղն ունեն արեւմտյան գրանտակերները:
Փաշինյանական «ստվերային բեմադրությունը», սակայն, վերածվեց զավեշտի այն պահին, երբ պարզվեց, որ ցուցակում տեղ գտածների մի զգալի մասը, լսելով իր անունը, «անակնկալի» է եկել ստվերային նախարար դառնալու հեռանկարից:
Օրինակ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքցիների հետ այս հարցի շուրջ մի լա՜վ կատակեց ու անկեղծացավ, թե երբեք պետական կարիերայով չի տառապել: Չնայած դրան, ընկերները շարունակում էին հանգիստ չթողնել` կարո՞ղ ենք քեզ դիմել որպես նախարարի, որ մեր հարցերին լուծում տաս:
Ցուցակում իր հայտնությունից ոգեւորվածների թվում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, որը նախ հիշեց իր կառավարության անդամ եղած «հին ու բարի ժամանակները», հետո էլ թե` «ստվերային կառավարության անդամ երբեք չեմ եղել, ու դա ինձ համար նոր», նաեւ գայթակղիչ երեւույթ է: Եվ հիմա փորձելու է նախ «յուրացնել», թե դա իրականում ի՞նչ է նշանակում, հետո արձագանքել:
Նիկոլի մատուցած անակնկալից հաճելիորեն լուսավորվել էր մի կարճ ժամանակ կառավարության անդամ աշխատած ու պաշտոնից ազատվելուն պես ընդդիմություն դարձած Արտակ Զեյնալյանը. «Նիկոլը լա՛վ է արել անունս հնչեցնելով, որովհետեւ դա իր ազատությունն է»:
Սակայն ստվերային կառավարության շուրջ հորինված բեմադրությունն այսքանով չի ավարտվում: Պարզվեց, որ նիկոլյան «դավին անտեղյալ է» նույնիսկ Ազատության հրապարակի առաջնորդը: Երեկ այդ մասին Րաֆֆի Հովհաննիսյանը խոստովանեց հերթական ասուլիսի ժամանակ, ասելով` որեւէ ցանկ իրեն չի ներկայացվել, իսկ կատարվածը հասկանալու համար նախ պետք է փորձի «վերլուծել ու մարսել»: Թե դա որքանո՞վ կհաջողվի «Ժառանգության» առաջնորդին, այն էլ ծոմապահության պահին, դժվար է ասել:
«Այն, ինչ կատարվում է Ազատության հրապարակում, գունավոր հեղափոխությունների դասական դրսեւորում է»,- սրանում համոզված է ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը, սակայն կարծում է, որ պետք չէ արհեստական աժիոտաժ ստեղծել ու մտահոգվել: «Թող ստվերային կառավարություն ձեւավորեն ու կառավարեն օպերայի շրջակայքի ամբոխին»:
Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ հիշեցրեց, թե աշխարհում, ինչպես, օրինակ, Անգլիայում, ընդունված է, որ ընդդիմությունը ձեւավորի ստվերային կառավարություն:
Բայց արդյոք Հայաստանն իրեն կարո՞ղ է Անգլիայի նման շռայլություն թույլ տալ ու հանդես գալ երկփեղկված գործադիրով. «Խնդիրն էլ հենց դա է. Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, ուրեմն լուծումը ոչ թե պետք է լինի ստվերային կառավարւթյան ձեւավորումը, այլ ազգային համախմբումը` ընտրված նախագահի շուրջ»:
Ստվերային կառավարության շուրջ բոլոր խոսակցությունները համարելով քաղաքական զավեշտ, Համլետ Հարությունյանը նկատեց, թե այս թատրոնը կարող է այնքան խորանալ, որ մեկ էլ տեսար Անդրիաս Ղուկասյանն էլ իր հերթին որոշեց մի երդմնակալություն էլ ինքը կազմակերպել, ասենք, 3-րդ մասի հրապարակում. «Ես ամաչում եմ, որ ոմանք, ինչ-ինչ քաղաքական «պրյոմներով» ու ծիծաղելի քայլերով, փորձում են էժանացնել ե՛ւ ընտրությունները, ե՛ւ նախագահի ինստիտուտը: Ամո՛թ է»:
«Ստվերային ցուցակի» ՀԱԿ-ական ծագումը նկատի ունենալով՝ հանրապետական մեկ այլ պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ արձագանքեց` սա ՀԱԿ-ի համար առիթ է վերակենդանացնելու սեփական ռեսուրսները: Իսկ «Ժառանգությանը» խորհուրդ տվեց` անիմաստ քայլերի փոխարեն կազմակերպված մասնակցել ավագանու ընտրություններին:
Նկատենք, որ պատգամավորներից շատերն անիմաստ էին համարում խոսել անգամ «լուսա-ստվեր» կառավարության մասին, իսկ ոմանք էլ նախընտրում էին հումորով արձագանքել, թե` «հրապարակի ընդդիմությունը չի՞ պատրաստվում ստեղծել, ասենք, Սահմանադրական դատարան, Տեղական ինքնակառավարման մարմիններ եւ այլ կարեւոր գերատեսչություններ»:
Թողնենք պատգամավոր Փաշինյանի երեւակայությանը:


Դիտել TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն