Էրեբունին խոսում է մեր նախնիների հզորության մասին
Շուտով Երևանում կանցկացվեն ավանդական դարձած Էրեբունի-Երևան տոնակատարությունները` նվիրված Էրեբունու հիմնադրմանը: Ճշտելու համար, թե մեր համաքաղաքացիներն ինչ գիտեն Էրեբունու հիմնադրման և սպասվող միջոցառումների մասին, նրանցից մի քանիսին դիմեցինք հարցով` ի՞նչ խորհուրդ ունի տոնը Ձեզ համար: Ոմանք ծանոթ չէին ոչ ամրոցի հիմնադրմանը, ոչ սպասվող տոնակատարություններին, սակայն հնարավորությունը բաց չթողնելով` իրենց անտեղյակությունը բարդեցին «համապատասխան մարմինների» վրա` չնշելով, թե հատկապես որ մարմնին նկատի ունեն:
Ահա թե ինչ պատասխաններ տվեցին մեր հարցին տարբեր տարիքի, մասնագիտության և տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդիկ:
-Գիտեմ, որ Արգիշտի առաջինը Ք. ա. 782 թվականին ներկայիս Երևանի տարածքում հիմնել է քաղաք և բնակեցրել 6.600 ռազմիկների` իրենց ընտանիքներով: Բայց թե ինչ տոնակատարություններ են լինելու` չգիտեմ,- ասաց Հասմիկ Ստեփանյանը:
-Գիտեմ, որ այս տարի նշելու ենք Էրեբունու հիմնադրման 2791-ամյակը: Ինչպես նաև այն, որ Արգիշտին արձանագրության մեջ գրել է` ի բարօրություն մեր երկրի և ի տապալումն թշնամյաց երկրների,- ասաց Սոնա Հարությունյանը:
-Գիտեմ, որ տոնախմբություն է լինելու: Բայց չգիտեմ` կմասնակցե՞մ, թե ոչ,- ասաց Արեգնազ Ալեքսանյանը:
-Ընկերներիս հետ կմասնակցեմ, քանի որ ինձ համար մեծ տոն է: Յուրաքանչյուր երևանցու, ու ոչ միայն երևանցու, պարտքն է մասնակցել տոնակատարություններին: Անգամ եթե ֆիզիկապես ներկա չեն լինում` գոնե պետք է սրտանց ուրախանան, քանի որ այդ օրը յուրահատուկ խորհուրդ ունի,- ասաց Անուշիկ Մելքոնյանը:
-Անցյալ տարի մասնակցել եմ միջոցառումներին, այս տարի ևս կմասնակցեմ, քանի որ ինձ շատ դուր եկավ,- ասաց Սաթենիկ Խաչատրյանը:
-Ինձ թվում է` տոնն այն չէ, երբ համերգ է լինում Հանրապետության հրապարակում: Ոչ էլ իմ պարտքն է` մասնակցել տոնակատարությանը կամ գնալ այդ համերգը նայելու: Ինձ թվում է` այդ տոնակատարությունը կարելի է ավելի հետաքրքիր կազմակերպել,-ասաց Տաթև Դանիելյանը:
– Մեծ ցանկություն չունեմ մասնակցելու այդ տոնակատարությանը: Ինձ թվում է` աղմուկ կլինի և վատ կազմակերպված: Ցանկալի կլինի, որ նույն երգիչ-երգչուհիների շրջանակում չլինի,- ասաց Հասմիկ Հախվերդյանը:
-Նման գումար ծախսելու փոխարեն կարելի է բերդը վերակառուցել,- ասաց Մանե Գրիգորյանը:
-Երբևէ չեմ մասնակցել, բայց ինձ թվում է` հետաքրքիր կլինի: Այս տարի կմասնակցեմ,- ասաց Վահագն Եգանյանը:
–Դա մեծագույն տոն է համայն հայության համար: Երբ մեր նախնիների կողմից հիմնադրվեց Էրեբունին, Հռոմն անգամ չկար: Չհիշել և չմասնակցել նման տոնակատարությանը, կարելի է ասել, մեղք է: Այսօր կարևոր է նաև նման հրաշք ամրոցին առավել մեծ ուշադրություն դարձնելը, քանի որ այն խոսում է մեր նախնիների հզորության, մեր անցած ճանապարհի և, ինչո՞ւ չէ, նաև հարատևման մասին,- ասաց Սուսաննա Նադարյանը:
Արմենուհի Կարեյան












