Գլխավոր » Politics, TOP, Լրահոս, Վերլուծական, Տնտեսություն

ԵՎՐՈՊԱՆ ՓՈԽՈՒՄ Է ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Մարտ 27, 2013թ. 12:23

evropa ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Մոտենում է քաղաքակրթության ճգնաժամը

Եթե ոմանց թվում է, թե բանկային ավանդների մասնակի բռնագանձման Եվրամիության պահանջը Կիպրոսի խորհրդարանի կողմից մերժելուց հետո իրավիճակն այնտեղ հստակացավ, ապա ստիպված ենք հիասթափեցնել։ Կիպրոսը ընդամենը սկիզբն է։ Մեկ անգամ փորձելով (թեկուզեւ անհաջող), Եվրամիությունն արդեն կանգ չի առնի։ Քանզի փոխվել են սկզբունքները, որոնցով ապրում էր Եվրոպան։

Եվրամիությունը փորձեց թալանել կիպրոսյան բանկերի ավանդատուներին 2 մլրդ դոլարով։ 10 մլրդ դոլար վարկի դիմաց նա ցանկանում էր ստիպել Կիպրոսի նոր նախագահ Անաստասիադիսին համաձայնվել ավանդների մասնակի բռնագանձմանը. 6,75%՝ 100 հազար եվրոյից ցածր գումարից, եւ 9,9%՝ 100 հազարը գերազանցող գումարից։

Ավելի ուշ սկսվեց քաղաքական սակարկումը, թվերը մշտապես փոխվում էին, իսկ հետո Կիպրոսի խորհրդարանն ընդհանրապես մերժեց օրինագիծը։

Բայց այստեղ կարեւոր է բուն սկզբունքը։ Եվ ահա հենց այդ սկզբունքի մասին էլ արժե խոսել։
Պատճառը, որով Եվրամիությունը ուզում էր թալանել կիպրոսյան ավանդատուներին, պարզ է. Կիպրոսում շատ են կեղտոտ փողերը (նախեւառաջ՝ ռուսական), եւ եվրոպական բանկերն ուզում են իրենք տիրանալ այդ փողերին։ Դա պայքար չէ կեղտոտ փողերի դեմ. դա պայքար է կեղտոտ փողերի համար։

Որեւէ այլ կերպ Կիպրոսին պարտադրվող բռնագանձումը պարզապես բացատրել հնարավոր չէ թվաբանական հաշվարկներով։ Նույնիսկ Հունաստանը փրկում են առանց բռնագանձումների. անցած հոկտեմբերին Հունաստանը Եվրամիությունից եւ ՄԱՀ-ից ստացավ 8 մլրդ եվրո հերթական, վեցերորդ վարկը։ Իսկ հունական պարտքերի համեմատ Կիպրոսի պարտքերը չնչին են։

Կրկնում ենք, ամենակարեւորն այստեղ սկզբունքն է։ Եվրոպան, որտեղ ժամանակին մասնավոր սեփականությունն անձեռնմխելի էր, որը հենց դրա շնորհիվ էլ դարձավ աշխարհի առաջին տարածաշրջանը, զբաղվում է սեփականության բռնագրավմամբ։

Նման բաներ նախկինում էլ եղել են Եվրոպայի պատմության մեջ։ Մերթ ինչ-որ Վենետիկ Ջենովայի հետ պատերազմի ժամանակ հարկադիր փոխառություն կսահմաներ իր քաղաքացիներից, մերթ Գերմանիայում Առաջին համաշխարհային պատերազմից հետո հիպերինֆլյացիա կսկսվեր։ Բայց դրանք բոլորը, ինչպեսեւ սնանկացուցիչ հարկերը, պետական մեծ պարտքը եւ այլն, տեղի են ունեցել պատերազմի հետեւանքով։ Պետությունը պիտի գոյատեւեր ամեն գնով, եւ նա թալանում էր քաղաքացիներին։

Ի՞նչ է, հիմա պատերա՞զմ է։ Մենք ինչ-որ բան բա՞ց ենք թողել։ Որտեղի՞ց այդ խելահեղ պարտքերն ու սնանկացնող հարկերը։ Ֆրանսիան հենց նո՞ր է ավարտել պատերազմը Գերմանիայի հետ։ Իտալիայի ներսում Լոմբարդիան պատերազմել է Սիցիլիայի դե՞մ։

Ո՛չ։ Պարզապես տասնամյակներ շարունակ եվրոպական քաղաքական գործիչները խոստանում էին ընտրողին շատ ավելին, քան նա վաստակում էր։ Եվրոպական ֆինանսական ճգնաժամը տնտեսության ճգնաժամ չէ. դա քաղաքակրթության ճգնաժամ է։

Եվրոպական քաղաքակրթությունը, որ ժամանակին հիմնված էր սեփականատիրոջ նկատմամբ հարգանքի վրա, ներկայումս հիմնված է սոցիալիզմի, կարգավորման եւ բյուրոկրատիայի վրա։ Իսկ սոցիալիզմը միշտ ավարտվում է բռնագրավումներով։

«Բոլորի համար բարօրության պետության» կուշտ ու հանդարտ կյանքը, ինչպիսին պատկերացնում էին միասնական Եվրոպան դրա ճարտարապետները, մոտեցել է ավարտին։ Այսօր դա ակներեւ է բոլորին։ «Բոլորի համար բարօրություն» չստացվեց։ Ամենատարբեր կարգի ճգնաժամերն ու բախումները հասան այնպիսի սրության, որ արդեն խոսում են գալիք քաոսի, սահմանների վերաձեւման, նոր պետությունների ի հայտ գալու մասին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, ինչն արդեն, այսպես ասած, օրակարգում է։
Այո, Եվրամիությունում կան գործիչներ, որոնք հորինել են հիանալի կարգախոս. «Տարածաշրջանների, այլ ոչ թե պետությունների Եվրոպա»։ Գեղեցիկ է հնչում։ Եվ գաղտնի հաշվարկն ակնհայտ է. թույլ տարածաշրջանները կառավարելն ավելի հեշտ է։
Բայց թե ինչի կփոխարկվի այդ գործընթացը իրականում, ոչ ոք չգիտի։ Մանավանդ որ այն կգումարվի տնտեսական ու հոգեւոր ճգնաժամին, հարուստների եւ աղքատների միջեւ սրվող հակամարտությանը, ժողովրդագրական խնդիրներին եւ այլն։

Ներկայիս եվրոպական քաղաքական գործիչներն ի վիճակի չեն առաջադրել նոր գաղափարներ. նրանք հույս ունեն, թե խավարը կցրվի ինքնաբերաբար, ամեն ինչ կկարգավորվի եւ կդառնա ի շրջանս յուր։ Ոչ միայն քաղաքական գործիչները, այլեւ եվրոպական բոլոր էլիտաները, դատելով ամենից, անհամարժեք են մարտահրավերներին, որոնց բախվում են իրենց պետությունները։

Արեւմուտքի հին աշխարհը՝ ազատություն տենչող եւ բռնապետությունն ատող մարդկանց կերպարներով, չարագործներով ու հերոսներով, այլեւս անիմաստ է։ Ըստ երեւույթին, մարդն էլ՝ որպես անհատ, Արեւմուտքում այլեւս իմաստ չունի։ Մարդուն այնտեղ, ամենայն հավանականությամբ, չեղյալ են հայտարարել։

Նրա փոխարեն սահմանել են հարկեր, իրավունքների եւ պարտականությունների մասին օրենքներ, առեւտրական եւ զբոսաշրջության կենտրոններ, հանգստի եւ զվարճանքի վայրեր։ Բիզնես, կրթություն, վարկեր եւ տեղեկատվություն։ Այլեւս չկա մեղք եւ սրբություն. կան ցանկություններ, դրանց իրականացման հնարավորություններ։

Այդ նախկինում էր մարդը մեղսավոր, երբ դեռ մարդ էր։ Չէ՞ որ մեղքը մարդկային հասկացություն է։ Այժմ, երբ նա պաշտոնապես ո՛չ տղամարդ է, ո՛չ կին, այլ պարզապես քաղաքացի եւ գործընկեր (սեռը կարեւոր չէ), մեղք գոյություն չունի։

Վերջերս Ֆրանսիայում ընդունված «Ամուսնություն բոլորի համար» օրենքը փաստացի չեղյալ է հայտարարում Քաղաքացիական օրենսգրքում «մայր» եւ «հայր», «տղամարդ» եւ «կին» հասկացություններն ու սահմանում անսեռ արարածների հասկացություններ. «Ա ծնող», «Բ ծնող»։
Պատմությունն ավարտվեց։


Դիտել Politics, TOP, Լրահոս, Վերլուծական, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն