ԵԿԵՂԵՑԻՆ ՔԱՅՔԱՅՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ
Վա՜յ-վու՜յ, մեր տառապած եկեղեցին, որը դարեր շարունակ հայ ժողովրդի համար պետականության դեր է ստանձնել, որը ստալինիզմի տարիներին մարտիրոսվել է, հիմա վարկաբեկվում ու բզկտվում է աղանդավորների կողմից:
Այս ցավալի խոսքերը բոլորը գիտեն եւ օգտագործում են, երբ պետք է լինում սրտացավ ու հայրենասեր երեւալ կամ մեր պատմությանը գիտակ: Իսկ երբ պակասում են այն թիրախները, որոնց վրա կարելի է անպատիժ հարձակվել, միշտ ձեռքի տակ է անպաշտպան եկեղեցին, որի ուղղությամբ ուզածդ մեկը կարող է ցեխ նետել: Հերիք չէ, որ եկեղեցին անպաշտպան է, ի պաշտոնե էլ ներողամիտ կլինի, պարտավոր է: Էլ ի՞նչ է պետք, որպեսզի քննադատես, վիրավորես, քարը քարին չթողնես եւ քեզ տերմինատոր զգաս:
Վերջին երկու տասնամյակի ընթացքում մամուլում գրեթե չեն հանդիպել կառուցողական քննադատություններ, որտեղ նշվեին եկեղեցու պարտավորությունները եւ ըստ այդմ ընդգծվեին, թե կոնկրետ ո՞ր հարցում է եկեղեցին թերանում կամ ի՞նչ բարեփոխումների կարիք ունի. չէ՞ որ դա էլ է ոլորտ: Բայց այս հարցերը աշխատատար են, ո՞ւմ է պետք գլուխ ցավեցնել, եթե բերանին եկածը բավարար է հրապարակելու եւ սենսացիաների գնորդներին հեշտությամբ գոհացնելու համար:
Քննադատողներից ոմանք պահանջում են, որ եկեղեցին միջամտի քաղաքական գործընթացներին, այս մարդիկ փորձում են եկեղեցուն իրենց հայեցողությամբ նոր գործառույթ վերագրել եւ արդեն բողոքում են, թե ինչո՞ւ դա չի իրականացվում: Եկեղեցու միակ առաքելությունը մարդկանց հոգիներն առ Աստված ուղղելն է, եւ մեզ միայն պակասում էր, որ նման առաքելություն ստանձնած մարդիկ խառնվեն քաղաքական քաշքշուկներին: Կամ՝ որ եկեղեցին պետք է պաշտպանի իր ժողովրդին, կարծես ժողովուրդը պարսիկների տիրապետության ներքո է:
Մյուսները համարում են, որ եկեղեցականները չպետք է լավ ապրեն. բիզնես ունենան: Ոչ լավ ապրելը, ոչ բիզնես ունենալը մեղք չեն պարունակում, «Աստվածաշուչը» չի դատապարտում բարեկեցությունը. Սողոմոնն ու Դավիթը անսահման հարստություն են ունեցել:
Վերջերս հարցազրույց վերցրի մեր մի քահանայից: Սեղանին նոութբուք էր, ձեռքին՝ այֆոն։ Իմ առաջին արձագանքն էր՝ վատ չէ՜, բայց հետո մտածեցի, թե որքան կընկճվեի, եթե նրա սեղանին պենտիում 2 եւ առաջին սերնդի կոտոշիկով հեռախոս տեսնեի: Ինչո՞ւ պետք է ուզենանք, որ մեր եկեղեցականները վատ ապրեն, որովհետեւ բիզնե՞ս ունեն. կողմնակի եկամո՞ւտ:
Իսկ եթե կարտոֆիլ ցանեն, իրենց ընտանիքի ֆինանսական հոգսը թեթեւացնելու համար, չենք դատապարտի, չէ՞, բայց հրուշակեղենի արտադրամաս ունենալն արգահատելի է: Ինչո՞ւ, երկուսն էլ բիզնես են, բիզնես անգլերեն նշանակում է գործ:
Այլ բան է, եթե բացահայտվեն անթույլատրելի բիզնեսներ, վեր հանվեն անմաքուր ճանապարհներ, եթե շատ մեծ է դատապարտելու ցանկությունը, կարելի է գտնել թաղի ամենաաղքատ մարդկանց եւ պարզել՝ բիզնեսմեն եկեղեցականն օգնո՞ւմ է նրանց, թե՞ ոչ:
Նախանցած տարի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը վերադարձավ Վրաստանից՝ հայոց եկեղեցիների համար շահավետ պայմանավորվածություններ ձեռք բերած: Այնքան շահավետ, որ վրացիների դժգոհությունն ու բողոքն էր հարուցել: Հայաստանում այդ լուրը լուսաբանվեց՝ վերջին պլան մղելով ձեռքբերումը եւ առաջին պլանում ներկայացնելով կաթողիկոսի անհարիր շարժումները եւ վատ ռուսերենը: Ընդ որում՝ ներկայացրած տեսանյութն ուշադիր նայելով՝ հասկանում ես, որ մեծ ցանկության դեպքում միայն կարելի է նման թերություններ գտնել եւ դրանով ոչնչացնել էական ձեռքբերումը:
Բայց, պարզվում է, այդքանով քարկոծումը չի ավարտվել: Վերջերս «Շանթ» հեռուստաընկերության «Կիրակնօրյա հորիզոն» ծրագրում տեղ էր գտել շատ հարգված մեր մտավորականներից մեկի՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի յութուբյան տեսանյութը, որտեղ վերջինս բացահայտումներ էր անում Արամ Ա կաթողիկոսի մասին եւ քննադատում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի կեցվածքը, պահվածքը, տարօրինակ արտահայտությունները՝ կապված չար ուժերի հետ:
Չեմ կարծում, թե նման մտավորականը կարող էր զրպարտել, բայց կարծում եմ, որ նման մտավորականը կարող էր անձամբ զգուշացնել կաթողիկոսին, բարեկամաբար դիտողություն անել, ինչո՞ւ չէ՝ որպես մտավորական պահանջել, եթե ինչ-որ բան շտկելու նպատակ ուներ եւ արդյունքի չհասնելու դեպքում միայն անցնել նման ցնցող հրապարակային բացահայտումների:
Հարց է առաջանում. ի՞նչ նպատակ ուներ այդ բացահայտումը, կաթողիկոսի՞ն էր ուզում կարգի հրավիրել, թե՞ կարգալույծ անել: Վերջերս մեր գործընկերներից մեկը հոդված էր պատրաստել, որտեղ քննադատում էր հայտնի մի կնոջ տգեղ պահվածքը, այնքան տգեղ, որ անգամ նշել էր, թե վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը, սակայն երկար մտածելուց հետո հոդվածը չհանձնեց տպագրման, այլ ուղարկեց այդ անձնավորության էլփոստին, նրան բավարարում էր, որ վերջինս իրեն կողքից տեսնի, շտկի վարքագիծը, ոչ թե վարկաբեկվի:
Մի՞թե Ամենայն Հայոց կաթողիկոսը նման վերաբերմունքի արժանի չէր: Չէ՞ որ նկարագրված վարքի համար կաթողիկոսը կարգալույծ չի արվի, այդպիսով միայն հերթական հարվածը կհասցվի մեր եկեղեցու հեղինակությանը:
Ինչո՞ւ, ո՞ւմ է դա անհրաժեշտ, առանց այն էլ Հայաստանում 300000 աղանդավորների գոյության պայմաններում, որոնց մասին հետո խոսելիս մեր մտավորականները բավարարվելու են ողբերգական արտահայտություններ անելով: Եկեղեցականներն ունեն տասնյակ թերություններ, ինչպես նաեւ թերություն ունենալու իրավունք, կարելի է դրանց անդրադառնալ, շտկել, բայց կարելի է եւ դրանցից յուրաքանչյուրն օգտագործել եկեղեցուն եւս մի հարված հասցնելու համար:
ՍՈՆԱ ՄԵԴՈՅԱՆ












