ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցը Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆԻ հետ
-Առկա է այն մտահոգությունը, թե Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ճգնաժամերի, պատերազմների հետևանքով մենք կորցնում ենք մեր կարևոր հայկական համայնքները: Այս առումով լուրջ խնդիր կա Սիրիայում: Իսկ ի?նչպիսին է իրավիճակը Լիբանանի պարագայում:
– Ի տարբերություն Սիրիայի, Լիբանանում պատկերը փոքր-ինչ այլ է, չնայած այնտեղ ևս քաղաքական դաշտը բևեռացված է, տեղի են ունենում ռազմական բախումներ, բայց բանակը կարողանում է կանխել և թույլ չտալ, որ դրանք վերաճեն համալիբանանյան պատերազմի: Սակայն այս լարվածությունը նպաստում է ցավալի իրողությանը` հայ համայնքի արտահոսքին: Մերձավորարևելյան հայկական գաղութներն անփոխարինելի դերակատարում են ունեցել և ունեն հայապահպանման գործում, դրանով իսկ ակնհայտ է նրանց ռազմավարական նշանակություն: Բայց քանի որ այսօր հայ երիտասարդը երկրում որևէ հեռանկար չի տեսնում, փոխարենը կա անորոշություն, ստիպված հեռանում է` ուսանելու կամ աշխատանք ձեռք բերելու, նաև նորմալ կենցաղ վարելու ակնկալիքով:
– Հայաստանում եղան մարդիկ, ովքեր Սիրիայում տեղի ունեցող պատերազմական գործողությունների լարված օրերին խոսում էին հայկական համայնք զանգվածային հայրենադրաձություն կազմակերպելու օգտին: Նման մոտեցումն ընդունելի համարո?ւմ եք:
– Իհարկե` ոչ, քանի որ բացի հայության ֆիզիկական անվտանգության խնդրից, առկա է նաև գաղութի` համահայկական տեսանկյունից ռազմավարական նշանակությունը: Հետևաբար, մենք պետք է աշխատենք մերձավորարևելյան մեր համայնքներն ամրացնելու ուղղությամբ: Կարծում եմ, քայլերից մեկը կլինի հստակ հայեցակարգի մշակումը: Չնայած այն բարդ գործ է` թե կազմակերպական, թե’ ֆինանսական տեսանկյունից: Բացի այդ, կա նաև հոգեբանական գործոնը: Լիբանանահայերը, սիրիահայեր, եգպտահայերն ու իրաքահայերը այդ երկրների լիրաժեք քաղաքացիներ են ու ճգնաժամերի պաճառով թողնել-հեռանալը ճիշտ չի ընկալվի, տեղացիները կմտածեն, թե երկիրը հայերի համար երկրորդական կացարան է եղել: Բայց ամենևին այդպես չէ, քանի որ ամեն մի հայի համար այս երկրները նաև հայրենիքն են:
– Ըստ տեղեկությունների, Մերձավոր Արևելքում Արևմուտքի, մասնավորաբար,ԱՄՆ-ի կողմից իրականացվում է քրիստոնեական համայնքների կազմաքանդմանն ուղղված հատուկ քաղաքականության: Եվ որ Թուրքիան էլ օգտվելով հարմար առիթից իր հերթին փորձում է ամեն ինչ անել հայ համայնքների կազմալուծման համար:
-Այո, իրականացվում է Մերձավոր Արևելքի մասնատման ծրագիրը, դա են հուշում նաև շրջանառվող քարտեզները: Ծրագրի իրականացմանն ուղղված քայլ է նաև տարածաշրջանում ծայրահեղ իսլամականության հետևողական արմատավորումը: Ինչն էլ նպաստում է քրիստոնյա տարրի արտահոսքին: Հատկապես, Սիրիայում ու Լիբանանում նկատելի է թուրքիական գործոնի գերաշխուժացում: Դրան էր միտված նաև Անկարայի, իբր հակաիզրայելական քայլերը, արաբական աշխարհի համակրանքը սիրաշահելու նպատակով: Եվ որոշ երկրներ հավատացին թուրքական կեղծիքին: Բայց Սիրիայում խմորումները սկսվելուն պես, Անկարան, որ Սիրիայի հետ խոսում է ժողովուրդների եղբայրության մասին, 180 աստիճանով շրջվեց ու սկսեց հովանավորել հակակառավարական ուժերին` ապստամբներին: Այսինքն, Սիրիա-Թուրքիա աննախադեպ մերձեցումը վերածվեց աննախադեպ թշնամանքի:
– Այդ փաստերը պետք է, որ արաբական աշխարհին սթափեցնեն` ի ցույց դնելով Թուրքիայի իրական դեմքը:
– Իհարկե, մենք ևս, տարբեր առիթով հիշեցնում ենք այդ մասին, զգուշացնելով Լիբանանին չներքաշվել Թուրքիայի կողմից առաջարկվող մերձեցման կամ խաղաղասիրական բնույթի որևէ գործողության մեջ:
-Հայտնի է, որ Թուրքիան իր` աշխարհի տարբեր երկրներում գտնվող թուրքական համայնքներն օգտագործում է տվյալ երկրի վրա ներազդելու համար: Հյուսիսային Լիբանանում ևս կա թրքախոս ազգաբնակչություն, որքանո?վ է այն ներգրավված Անկարայի քաղաքական հաշվարկներին:
– Իրոք, կա մի քանի հազարանոց թուրքախոս հանրույթ: Եվ այն Լիբանանում գործող թուրքական դեսպանատան միջոցով ամբողջությամբ գտնվում է Անկարայի անմիջական վերահսկողությանն տակ: Թուրքիայի նպատակն է այն վերածել կազմակերպված համայնքի և օգտագործել որպես լուրջ քաղաքական գործոն: Սրանով կարծում եմ ամեն ինչ ասված է…
-Հետաքրքիր է, ինչ քաղաքականություն է իրականացնում Թուրքիան մի երկրում, որը արաբական պետությունների շարքում միակն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
– Հենց դրանով իսկ Թուրքիան Լիբանանում ժխտողական քաղաքականություն կիրառելու բացահայտ հնարավորություն չունի: Անկարան ուղղակիորեն չի հակադարձում հայկական խնդիրներին, այլ վարում է շատ նուրբ մարտավարություն: Անկարող լինելով Լիբանանում ժխտել հայոց ցեղասպանությունը, և այդ ուղղությամբ իրականացնել, փոխարենը տեղի ադրբեջանցիների միջոցով այլ մարտավարական խաղերի է դիմում, օրինակ, քարոզում իբր հայերի կողմից իրականացված, այսպես կոչված, Խոջալուի <ցեղասպանության> մասին: Նաև ապատեղեկատվություն տարածում ղարաբաղյան հիմնախնդրի առնչությումբ:
-Ադրբեջանաթուրքական տանդեմը մշտապես փորձում է ապակողմնորոշել իսլամական աշխարհին և արցախյան ազատագրական պայքարը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն: Ըստ տեղեկությունների, արաբական աշխարհը կեղծիքի խայծը կարծես կուլ է տվել:
– Ցավոք, Ադրբեջանի ու Թուրքիայի հակաքարոզչությունն իր որոշակի ազդեցությունը գործել է: Սա շատ լուրջ ու բարդ խնդիր է, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից կրոնական հանգամանքի շահարկումը բավականին պարարտ հող է գտել Լիբանանում, իսկ ճշմարտության քարոզումը դարձրել դժվարին գործ:
Հայտնի է, որ Լիբանանը ևս մասնակցում է իսլամական երկրների վեհաժողովներին, որտեղ Թուրքիայի օժանդակությամբ ընդունվում են Ադրբեջանի կողմից ներկայացված ամենաթունդ հակահայկական բանաձևերը:
Մենք անում ենք հնարավորը, որ գոնե Լիբանանը կամ չմասնակցի նման նախագծերի քվեարկություններին, կամ մասնակցության դեպքում քվեարկի ձեռնպահ: Ու դա մեզ մասամբ հաջողվում է: Սա նշանակում է, որ Լիբանանի ղեկավարությունը հաշվի է նստում հայ համայնքի` Լիբանանի քաղաքացիների տրամադրությունների ու դիրքորոշումների հետ:
Չմոռանանք մեր առավելության մասին, եթե Թուրքիան Լիբանանի մի քանի հազարանոց թուրքախոս բնակչությանը փորձում է վերածել կազմակերպված համայնքի, ապա հայերս այդ երկրում ունենք հարյուր տարվա վաղեմության համայնք, որը ներկայացված է լիբանանայան պետական կառույցներում` խորհրդարան, կառավարություն, և կարող է կամրջի դեր կատարել Հայաստան-Լիբանան հարաբերությունների առավել սերտացման գործում:
Առիթից օգտվելով ուզում եմ մի կարևոր հարց բարձրացնել: Թուրքիայից շաբաթը 5-6 անգամ թռիչք է իրականացվում Բեյրութ-Անկարա երթուղով: Այս ակտիվությունը նպաստում է լիբանանցիների հոսքին դեպի Թուրքիա: Մինչդեռ այս պահին չկա գեթ մեկ թռիչք Երևան-Բեյրութ ուղղությամբ: Դա արդար չէ, մանավանդ երբ Լիբանանում ունենք կազմակերպված հայ համայնք, կնքվել են Հայաստան-Լիբանան բազմաթիվ միջպետական պայմանագրեր, բայց մենք չենք կարողանում ակտիվ աշխատել:
Սրան էլ գումարվում է Արմավիայի գնեցուցակը, վատ աշխատանքը` ուշացումները, դրանք շատ լուրջ խոչընդոտներ են երկու երկրների հարաբերություեների զարգացմանը: Սա նաև լուրջ ռազմավարական խնդիր է: Մինչդեռ տրանսպորտային կապը շատ կարևոր է և լիբանանահայությանը հայրենիքի հեռտ կապելու և ընդհանրապես տուրիստական նպատակներով դեպի Հայաստան լիբանանացիների հոսքն ապահովելու, այդ թվում և ներդրումային ծրագրերին խթանելու առումով: Մինչդեռ Թուրքիան ակտիվորեն իրականցնում է այս բոլոր քայլերը, նպաստելով թուրքական գործոնի աշխուժացմանը: Մտավախություն ունեմ, որ շուտով կսկսվեն նաև Բաքու-Բեյրութ թռիչքները, և մենք ուշանալու իրավունք չունենք:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












