Գլխավոր » Regions, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆՈՐ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵՆ ՄՈԳՈՆԵԼ

Ապրիլ 1, 2013թ. 23:37

Ավիկ-ՄարությանԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` մենք ավելի քիչ ենք խոսում ցեղասպանությունից, քան ադրբեջանցիները

Հիշենք, թե ինչ վայնասուն բարձրացրին «Խոջալուի ցեղասպանության» մասին: Քաղաքականությունը սրանց գիտության, մանավանդ պատմաշինության պատվիրատուն է, հանգամանք, որ պատմությունը դարձնում է շինծու, իսկ դրան լծված խեղճուկրակներին սկզբում` ծիծաղելի, հետո` արգահատելի: Պետությունն էլ ապահովում է երկրի պատմագողական մտքի պատրանքը` համաժողովներ, գրքեր, թանգարաններ, ցուցահանդեսներ, գործուղումներ:
Եվ անպատիժ մնացող այս քաղաքագետ-պատմաբաններն այնպիսի լկտիությամբ են ստում, որ երբեմն շվարում ես, քանի որ այդ այլակերպ տխմարություններին համապարփակ պատասխան տալն իրոք անհնարին է:
Բայց սրանք լսարան ունեն` սեփականաշնորհված ժողովուրդը եւ բանից անտեղյակ աշխարհը:
Հիմա էլ մի ուրիշ ցեղասպանություն են մոգոնել, որ կոչել են Ադրբեջանի հյուսիսում գտնվող Գուբայի 1918թ. ցեղասպանություն: Ըստ «աղբյուրների», այն իրականացրել են հայ դաշնակցականները` Ստեփան Շահումյանի գլխավորությամբ: Կոտորել են տասնյակ հազարավոր մարդկանց` չնայած նրան, որ 1918թ. այդ ավանում բնակվել է 20 հազար մարդ: Այդ 20 հազարն էլ, ի դեպ, միայն, այսպես կոչված, ադրբեջանցիներ չեն եղել:
Աշխարհի ականջին հիմա սրա մասին են գոռում: «Ցեղասպանության» զոհերի հիշատակին արձան-բան են դրել եւ այսօր հարգում են չգիտես ում հիշատակը:
Բայց կարեւորը սա չէ. պատմության կեղծարարությունը մեզ համար նորություն չէ: Էականն այն է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ սրանք ցեղասպանությունների մի ամբողջ շարք են հորինել եւ շարունակում են հորինել` ի հակադրություն: Այսինքն՝ կատարվել է «աշխատանքի բաժանում». թուրքերը զբաղվում են Մեծ եղեռնի ժխտմամբ ( ի դեպ, այս գործին լծվել են նաեւ իրենց մտավորական համարող որոշ հայեր), իսկ Ադրբեջանը` հայերի կազմակերպած «ցեղասպանություններ» մոգոնելով: Նպատակը նույնն է` հնարավորինս չեզոքացնել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջազգային արձագանքը:
Այս կապակցությամբ, ադրբեջանական մամուլը հեղեղված է հրապարակումներով, ուր անընդհատ շրջանառվում է «հայերը եւ բոլշեւիկները» արտահայտությունը: Իր բնույթով սա համեմատաբար նոր երեւույթ է:
Այսինքն՝ պատմական զարգացման ուղին խելոք շարունակող առաջադեմ ադրբեջանցիներին «հայերն ու բոլշեւիկները» ցեղասպանության ենթարկեցին, իսկ պատահաբար ողջ մնացածներին պարտադրեցին խորհրդային կարգեր: Տեսեք` ուր են հասել. Աթաթուրք-Լենին հանցագործությունը մի կողմ է դրվել, ադրբեջանցիների «ցեղասպանությունը» բերվել է մեջտեղ: Կարծես հայերն են հավաքել այսօր Ադրբեջան կոչվող պետությունը:
Եվ ոչինչ պատահական չէ. գործ ունենք պետականորեն ծրագրված եւ նպատակադիր իրականացվող քաղաքականության հետ: Իսկ այդ քաղաքականությունը արդյունք տալիս է: Այսօր այդ նույն Գուբա է եկել նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լիվինգսթարը: Հրավիրվել է միջազգային գիտաժողով` նվիրված Գուբայի «ցեղասպանությանը»: Թե ինչի մասին են զեկուցումներ կարդալու գիտաժողովի մասնակիցները, Աստված գիտե, բայց փաստն այն է, որ չեղած տեղից բան են սարքում, դնում միջազգային հանրության սեղանին:
Իսկ մենք միայն դեպքից դեպք ենք հիշում Սումգայիթը, Բաքուն, Նախիջեւանը, հայ փախստականներին:
Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Մութալիբովը վերջերս անթաքույց հայտարարեց, որ տխրահռչակ Գորբաչովը իր խորհրդով է Արցախում նախաձեռնել «Կոլցո» օպերացիան, որը թուրքի խորամանկությամբ կատարված քայլ էր, իբր «պերեստրոյկան» փրկելու նպատակով:
Իսկ իրականում դա նշանակում էր հայկական գյուղերի բնակչության հայաթափում, կոտորած: Խորհրդային բանակը զրահատեխնիկայով շրջափակում էր հայաբնակ գյուղերը, որ բնակչությունը չփախչի, եւ գյուղ էին մտնում Ադրբեջանի հատուկջոկատային մարդակերները:
Այսպես է եղել, բայց այս մասին էլ գրեթե չենք խոսում:
Նախագահ Սերժ Սարգսյանը օրերս ուղերձ հղեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած «Հայոց Ցեղասպանություն. մարտահրավերներ 100-ամյա տարելիցի նախաշեմին» գիտաժողովին, որում ասվում էր. «Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին հրատապ խնդիր է մեր հետագա անելիքներին, մասնավորապես աշխարհի տարբեր անկյուններում անցկացվելիք միջոցառումների օրակարգի մշակմանը, նաեւ բացթողումներին անդրադառնալը, որոնց վերացումը մեզ հնարավորություն կտա, առավել համապարփակ ու խորքային մոտեցում ցուցաբերելով, հավուր պատշաճի կազմակերպել Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները եւ դրանց միջազգային հնչեղություն տալ»:
Անշուշտ այդպես է. բացթողումները պետք է վերացնել: Մեր խորին համոզմամբ, այս հարցում Հայաստանի գլխավոր բացթողումը «տեղեկատվական բացթողումն է», միջազգային տեղեկատվական:
Բոլոր հայերն էլ գիտեն ճշմարտությունը, հարցը միջազգային հնչեղությունն է, ինչպես նշել է նախագահը:
Վաղուց եկել է մեր ազգային նպատակների իրականացման ուղղությամբ համատեղ գործելու ժամանակը: Ժամանակն է, որ կորուսյալ հայրենիքի առասպելը շոշափելիորեն ընկալվի որպես իրական պահանջատիրություն, տանտիրոջ տունդարձի իրավունք եւ չափածո խոսքից վերածվի իրավական փաստաթղթերի:
Պահանջատիրության իրական գաղափարը պիտի սնուցվի Հայաստանի անկախ Հանրապետությունում` բոլոր մակարդակներով` պետական, հասարակական, քանզի համազգային խնդիրը չունի այլ հասցեատեր, քան ժողովուրդը:


Դիտել Regions, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն