Գլխավոր » Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ

Ապրիլ 6, 2013թ. 20:09

զինվորՊաշտպանության նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի մոտ հակառակորդի կողմից զինտեխնիկայի եւ հատուկ ստորաբաժանումների կուտակումներ են նկատվում: Փորձագետների գնահատմամբ, այն հստակ նպատակներ ունի. հիմքում, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումների վրա ներազդելն է: Այս թեմայի շուրջ է մեր զրույցը ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ:

Ի՞նչ հիմքեր կան ենթադրելու, թե ադրբեջանական կողմը մտադիր է նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության նախօրեին հայ-ադրբեջանական սահմանում ապակայունացնել իրավիճակը, դրանով իսկ ներազդելով հայաստանյան ներքաղաքական զարգացումների վրա:
-Տարիներ շարունակ Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի հանրապետությունների դեմ վարում է քարոզչական պատերազմ, ու ենթադրյալ դիվերսիայի ձեռնարկումը պետք է դիտարկել այդ քաղաքական-քարոզչական ստրատեգիայի համատեքստում:
Ո՞րն է այս պահին սահմանին լարվածություն ստեղծելու թշնամու նպատակը: Մեր երկրում, հետընտրական զարգացումներով պայմանավորված, կա որոշակի ներքաղաքական լարվածություն, թշնամու նպատակն է օգտվել դժգոհության ալիքից եւ այն ուղղորդել հանրապետության նախագահի ձեռնարկումների դեմ, որոնք վերաբերում են Արցախի պաշտպանությանն ու պետական սահմանի ամրապնդմանը, ինչպես նաեւ Հայաստանում առաջացնել հակաարցախյան տրամադրություններ:
Սերժ Սարգսյանը Արցախի պաշտպանության գաղափարի կրողն է, իսկ թշնամու նպատակն է թուլացնել ազգային շահերին հավատարիմ գործչի դիրքերը երկրում: Սահմանին հայ զինվորի զոհվելու լուրը շատ ցավոտ է ընկալվում մեր հասարակության կողմից, հետեւաբար Ադրբեջանը կփորձի հասարակության զգացմունքները խաղարկել այսպիսի սցենարով. դիվերսիոն գործողությամբ հայկական կողմին զոհեր պատճառել ու երկրի նախագահին դարձնել քավության նոխազ, թե ունեք նախագահ, որը չի զիջում Արցախը, դրա համար էլ զոհեր են լինում: Տվեք Արցախը` ապրեք խաղաղ:
Սա այն պարտվողական, ինքնակործան քարոզչական թեզն է, որ թշնամին տարիներ շարունակ փորձում է մեզ ներարկել: Հետեւաբար մեր նպատակը պետք է լինի բացահայտել թշնամու դավադիր սցենարները, մեր բնակչությանն իրազեկել այդ քարոզչական ակցիայի էությունը եւ փոխարենը զարգացել այն պարզ թեզը, որ անկախ քաղաքական հայացքներից, հայրենիքի պաշտպանությունը սուրբ գործ է բոլորիս համար, ուրեմն չպետք է թույլ տանք, որ թշնամին ի շահ իրեն օգտագործի մեր ներքին լարվածությունը:
Պետք է գիտակցենք, որ մեր գոյության գրավականը հայոց հզոր բանակն է, ամուր սահմանն ու ազատագրված Արցախը: Ընդհանրապես դիվերսիոն գործողության հաջողության գրավականը անկանխատեսելիությունն է, ու քանի որ հայկական կողմը բացահայտեց թշնամու սցենարը, կարելի է ասել, որ Ադրբեջանի մտադրությունը ձախողված է:
-Այնուհանդերձ, թշնամու հնարավոր սադրանքը կանխելու համար պետք է որ առավել ակտիվացվեն երկրի պաշտպանությանն ուղղված միջոցառումները:
-Անշուշտ: Մեր պետական սահմանի մարտական պահպանությունն այսօր առավել ուժեղացված ռեժիմով է իրականացվում: Եվ ընդհանրապես, սահմանի մարտական պահպանությունն անընդհատ գործընթաց է եւ կատարելագործվում է հրադադարի հաստատումից ի վեր:
Անցած տարի սահմանի ողջ երկայնքով ձեռնարկվեցին ծավալուն աշխատանքներ, որոնց նպատակն էր հակադիվերսիոն պաշտպանության համակարգի ձեւավորումը: Գործընթացն անմիջականորեն վերահսկում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Եվ այսօր հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ունենք լրացուցիչ ամրացված հակադիվերսիոն պաշտպանության համակարգ: Ինչի հետեւանքով նկատելիորեն նվազել է մեր տարածք թշնամու աննկատ ներթափանցելու եւ հայկական հենակետերին մոտենալու հավանականությունը:
-Կարծիք կա, թե հայ-ադրբեջանական սահմանում ստեղծվող լարվածությանը նպաստում է Ռուսաստանը, իբրեւ նպատակ ունենալով Հայաստանի միջոցով պատժել Ադրբեջանին: Սա հակառուսական տրամադրությունների հայտնի շարքի՞ց է, թե՞ իրական հիմքեր կան:
-Ցավոք, մեզանում հակառուսական դիրքորոշում ձեւավորելու միտում կա, կարծում եմ, սա էլ նույն շարքից է: Հայ-ադրբեջանական սահմանի առաջին գիծը մշտապես լարված է եղել, թշնամու դիպուկահարները կրակել են հայկական հենակետերի վրա, հետո պատժվել, միառժամանակ լռել, ու դարձյալ սկսել: Այսինքն՝ անկախ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ջերմ կամ սառը բնույթից, ադրբեջանական սահմանային դիվերսիան մշտապես եղել է:
Այնպես որ բացառում եմ Ռուսաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Հայաստան երկդիմի խաղը` Հայաստանի միջոցով Ադրբեջանին պատժելու սցենարը: Ավելին` այս իրավիճակում, երբ շարունակվում է պահպանվել Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների անորոշությունը, իսկ Ադրբեջանն իր ամբարտավան քայլերով Ռուսաստանին ասում է` հեռացիր մեր երկրից, Հայաստանի դերն ավելի է բարձրանում: Ռուսաստանը հերթական անգամ համոզվում է, որ տարածաշրջանում իր հուսալի դաշնակիցը Հայաստանն է:
-Չնայած Ադրբեջանն անվերջ խոսում է պատերազմի վերսկսման մասին, բայց արդյոք այդ երկիրն իրականում պատրա՞ստ է դրան: Ի դեպ, փորձագետների կարծիքով, նոր պատերազմի սանձազերծումը կհանգեցնի Ադրբեջանի վերջնական մասնատմանը:
-Ինքս էլ այդ տեսակետի կրողն եմ: Այսօր ակնհայտորեն ակտիվանում է Ադրբեջանի բնիկ ազգերի` թալիշների, լեզգիների, ավարների ազգային ինքնագիտակցությունը, իսկ հնարավոր պատերազմն ուղղակիորեն կհանգեցնի բնիկների ազգային ազատագրական պայքարի վերելքին:
Մի շատ կարեւոր ընդգծում անեմ. անդրկովկասցի թուրքերի Ադրբեջան կոչվող արհեստական պետությունը հիմնված է խորքային էթնիկական հակասությունների վրա: Եվ միայն ավտորիտար ուժի պարտադրանքով է, որ այն որպես պետություն դեռ գոյատեւում է: Հնարավոր պատերազմը կթուլացնի այդ երկրի հիմքերը, դրանով իսկ կթուլանա ալիեւյան կլանի ավտորիտար պարտադրանքը, ու բնիկ ազգերին այդ պետական կազմավորման մեջ պահելու ոչ մի գործոն այլեւս չի մնա, քանզի չկան ո՛չ քաղաքակրթական, ո՛չ լեզվամշակութային ընդհանրություններ, որի շուրջ հնարավոր լինի հավաքել այդ ազգերին:
Կարծում եմ՝ Ադրբեջանում, մասնավորաբար ալիեւյան շրջապատում հոյակապ գիտակցում են, որ նման արկածախնդրությունը ոչ միայն կազդարարի իրենց իշխանության ավարտը, այլեւ կդնի Ադրբեջանի մասնատման սկիզբը: Սա էլ այն զսպող հանգամանքներից է, որը ալիեւյան կլանին թույլ չի տալիս խոսքից անցնել գործի:
-Ճի՞շտ են այն տեղեկությունները, թե ներկայումս Ադրբեջանում արձանագրվող հակաիշխանական դժգոհությունների պատճառներից մեկն էլ երկրի զինված ուժերում խաղաղ պայմաններում գրանցվող զոհերի պատկառելի թիվն է:
-Չեմ ուզում գույները խտացնել, որովհետեւ մեր ուժը չպետք է պայմանավորված լինի թշնամու թուլությամբ, բայց փաստերը վկայում են, որ ադրբեջանական բանակում խայտառակ պատկեր է: Սարսափելի չափերի են հասել ծառայակիցների բռնաբարության դեպքերը, կոռուպցիայի ու ամենաթողության մակարդակը: Վերահսկողությունը ստորին օղակներում ցածր մակարդակի վրա է. միջին հրամանատարն իրեն թագավոր է զգում:
Տեղեկացնեմ, որ Ադրբեջանի իշխանությունները հայ-ադրբեջանական սահմանի առաջին գիծ են բերում հիմնականում բնիկ ազգերի ներկայացուցիչներին, ու դա է պատճառը, որ զոհերի մեջ գերակշիռ մաս են կազմում բնիկները: Քիչ չեն եղել դեպքերը, երբ բնիկ ազգի ներկայացուցիչները հայկական գերությունը նախընտրել են ադրբեջանական բանակում ծառայությունից:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն