ՊԵՏՔ ՉԷ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԴՆԵԼ «ԿԱՄ… ԿԱՄ»-Ի ՀԱՐՑԸ
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Մեզանում որոշակի շրջանակներ համառորեն շրջանառում են այն գաղափարը, թե վաղ թե ուշ Հայաստանը ստիպված կլինի կանգնել ընտրության առաջ` Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն: Այս հարցի շուրջ զրուցեցինք ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ։
-Կարծում եմ, մենք պետք է խուսափենք «կամ… կամ» հարցադրումից եւ խնդիրը դիտարկենք «եւ… եւ»-ի դաշտում, մանավանդ որ ներկայիս իրավիճակը հօգուտ վերջինիս է: Այստեղ խոսքն ամենեւին «ում դեմ»-ի մասին չէ, այլ, հակառակը, «ում հետ»-ի, ընդ որում, տարբեր ձեւաչափերի շրջանակներում:
Ես մինչ օրս չեմ հիշում մի դեպք, որ մեր առաջ դրված լինի ընտրություն կատարելու կտրուկ պահանջ, որ այս կամ այն ուղղության կողմից լինի ճնշում, թե որոշեք՝ ո՞ր կողմի հետ եք. ա՞յս, թե՞ այն: Այսինքն, առայժմ Հայաստանի հետ վերջնագրերի լեզվով չեն խոսում:
-Այս առումով հստակություն մտցրե՞ց նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը։
-Գիտեք, մարդիկ եթե ցանկություն ունենան հարցը սպեկուլյացիայի առարկա դարձնել, միեւնույն է, դա կշարունակեն անել, անկախ նրանից, թե ի՞նչ է ասվել: Բայց մենք պետք է հաշվի նստենք իրականության հետ. Հայաստանը, ոչ միայն քաղաքական, այլեւ իր աշխարհագրական պայմաններով, ինչ-որ իմաստով, դատապարտված է համագործակցության ոչ թե մեկ, այլ մի քանի գործընկերների հետ: Այսինքն՝ համագործակցություն մի քանի ճակատներով: Դիվերսիֆիկացիան` հարաբերությունների բազմազանությունը, մեզ համար ուղղակի անհրաժեշտություն է:
Մի կարեւոր ընդգծում կատարեմ. Հայաստանը կարողանում է երկու կողմերի համար հանդես գալ որպես վստահելի գործընկեր. մենք ե՛ւ կանխատեսելի ենք` դրական իմաստով, ե՛ւ հուսալի: Եվ այն, որ այսօր Հայաստանի հետ ռուսաստանյան եւ եվրոպական ուղղությունները մշակում են հստակ գործողությունների ծրագրեր, փաստում է մեր հուսալի, վստահելի գործընկեր լինելու մասին ու վերահաստատում, որ համագործակցության այս ձեւաչափը պահպանվելու է:
-Ասացիք` առայժմ վերջնագրերի լեզվով չեն խոսում, կնշանակի կարող է գալ եւ այդ պահը, երբ մեզ կպարտադրվի՞ ընտրություն կատարել:
-Ի դեպ, ասեմ, որ Եվրամիությունը ներկայացնող դիվանագետները, չինովնիկները հաճախ են հայտարարում, թե համագործակցության երկու ձեւաչափերն իրենց համար անընդունելի են, թե պետք է լինի կա՛մ մեկը, կա՛մ մյուսը: Չնայած դրան, այսօր Հայաստանի համագործակցությունն ընթանում է ե՛ւ եվրաինտեգրման, ե՛ւ Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում: Երբ ստեղծվի այլ իրավիճակ, ու ակնհայտ դառնա, որ այս երկու իրողություններն իրարամերժ են, այդ ժամանակ էլ կմտածենք հնարավոր ընտրության մասին:
Ի վերջո, ընտրություն կայացնողը Հայաստան պետությունն է, եւ անհրաժեշտության դեպքում Հայաստանը դա կանի՝ հաշվի առնելով սեփական շահերը: Իսկ առայժմ մեր ընտրությունը կատարված է` մենք զարգացնում ենք հարաբերություններ երկու կողմի մեր գործընկերների հետ, եւ նրանցից ակնկալում դրական վերաբերմունք։ Առայժմ այս քաղաքականությունը մեզ հաջողվում է եւ իրեն լիովին արդարացնում:
-Ի տարբերություն եվրոպական չինովնիկների, ռուսական կողմից նման պարտադրանքներ չկան: Այս հանգամանքը շեշտեց նաեւ Սերժ Սարգսյանը։
-Իրոք, ռուսական կողմը պաշտոնապես նման պայման չի դրել: Նաեւ ասեմ, որ Մաքսային միության անդամ դառնալու հարցում կան փաստարկներ, որոնք ապացուցում են, որ տվյալ պահին այդ միության անդամ դառնալը Հայաստանի համար հնարավոր ու նպատակահարմար քայլ չէ: Հետեւաբար վերստին հաստատվում է Հայաստանի այսօրվա քաղաքականության ճշմարտացիությունը` հնարավորի սահմաններում երկու ուղղություններով էլ զարգացնել հարաբերությունները:
Ընդգծեմ, որ այս քաղաքականությունը բխում է նաեւ հայ արտադրողների շահերից, քանի որ նրանք ազատ կարող են դուրս գալ եւ՛ ռուսական, եւ՛ եվրոպական շուկաներ, այս ուղղությամբ այսօր հստակ աշխատանք է կատարվում:
-Այն, որ, ըստ Սերժ Սարգսյանի, հնարավոր չէ մեր ռազմական անվտանգության խնդիրները կապել ՀԱՊԿ-ի հետ, Ռուսաստանի հետ, իսկ տնտեսական, քաղաքական մեր հետագա ճակատագիրը կապել մեկ այլ երկրի կամ միության հետ, նշանակո՞ւմ է, որ Հայաստանն այնուհանդերձ առաջնությունը տալիս է իր ռազմավարական գործընկերոջը:
-Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն առաջնային նշանակություն ունի մեզ համար: Բացի դրանից, ԽՍՀՄ փլուզումից հետո ա՛յս տարածաշրջանում, ա՛յս շուկայում ռուսական կապիտալը մշտապես իրեն լավ է զգացել: Ստացվում է, որ հայ-ռուսական հարաբերություններում քաղաքականն ու տնտեսականը ամուր փոխկապակցված են:
Մինչդեռ եվրոպական ուղղությամբ դեռ նոր ենք հարաբերություններ ձեւավորում: Եվ եթե Եվրոպայի հետ մեր գործընկերային հարաբերությունները ստացվելու են, ուրեմն դրան պետք չէ խանգարել, նաեւ պետք չէ, որ մյուս կողմը դրան խանդով վերաբերվի:
Ավելին՝ եթե կարողանում ենք այս երկու ճակատներով ճկուն աշխատել, ուրեմն հարկ չկա, որ ինքներս էլ արհեստականորեն դնենք «կամ… կամ»-ի հարցը, քանի որ դրանով մենք ուղղակիորեն կջարդենք ստեղծված բարենպաստ պայմանները:












