ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՃԱԿԱՏՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Մեր հարցերին ի պատասխան՝ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցին եւ հայ-ադրբեջանական շփման գծում կուտակվող «մութ ամպերին» անդրադառնում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ
-Մարտի վերջին Մինսկի խմբի համանախագահները եկան Ստեփանակերտ եւ Երեւան, նախօրեին ժամանեցին Բաքու, այսօր նորից գալիս են Արցախ։ Ի՞նչ սպասելիքներ ունեք միջնորդների այս այցից։
-Հատուկ սպասելիքներ չունենք։ Ընդհանրապես տեսանելի ապագայում բանակցային գործընթացում հնարավոր փոփոխությունների, նոր զարգացումների մասին խոսելը շատ վաղաժամ է։ Ուղղակի այս անգամ այնպես ստացվեց, որ համանախագահները եկան Արցախ եւ Հայաստան, բայց չգնացին Ադրբեջան՝ այնտեղ զբաղված էին Նովրուզ-Բայրամի տոնակատարություններով, եւ Ադրբեջանի ղեկավարության խնդրանքով այցը հետաձգվեց մինչեւ ապրիլ։
-Ի՞նչ գիտեք Բաքվում տեղի ունեցած հանդիպումների մասին։
-Դատելով արձագանքներից՝ Ադրբեջանի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չի եղել։ Վստահ եմ, համանախագահները եւս մեկ անգամ շեշտել են վիճահարույց բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։ Սա հիմնական «մեսիջն» է, որ միջնորդներն ամեն անգամ բերում-հասցնում են նախեւառաջ Ադրբեջանի ղեկավարությանը։
-Ձեր կարծիքով, ինչո՞վ են պայմանավորված եւ ի՞նչ նպատակ են հետապնդում հակառակորդի վերջին «զորաշարժերը»՝ զինտեխնիկայի եւ զինվորական հատուկ ստորաբաժանումների կուտակումները շփման գծում։
-Ադրբեջանը պարբերաբար դիմում է նման քայլերի՝ զորքերի տեղաշարժեր եւ այլն։ Դրանով, նախ, փորձում են ներքաղաքական ինչ-որ խնդիրներ լուծել, մյուս կողմից՝ շանտաժի ենթարկել համանախագահներին։ Եթե նկատել եք, համանախագահների յուրաքանչյուր այցից առաջ, նույնիսկ նրանց այստեղ գտնվելու պահին, նախագահների հանդիպումներից առաջ կամ հետո, ադրբեջանական կողմը սադրանքներ է հրահրում շփման գծում՝ նպատակ ունենալով ազդել միջազգային հանրության վրա եւ ինչ-որ դիվիդենտներ քաղել դրանից։
Այդ «զորաշարժերը» կապված են նաեւ Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների հետ։ Նման սադրանքների դիմելով՝ Ալիեւը միջնորդ երկրներին փորձում է ցույց տալ, թե ինքն է ադրբեջանական զինված ուժերում կայունություն պահպանելու հիմնական երաշխավորը, որպեսզի միջազգային հանրությունը աչք փակի ժողովրդավարության, մարդու իրավունքների աղաղակող խախտումների վրա, թեպետ ամենամեծ ապակայունացնողը տարածաշրջանում հենց ինքն է ու իր վարած քաղաքականությունը։
Բացի դրանից, ինչ-որ ձեւով այս ամենը կապված է Հայաստանի հետընտրական զարգացումների, նախագահի երդմնակալության արարողության հետ։
-Ադրբեջանցիները փորձում են օգտվե՞լ իրավիճակից, թե՞ հակառակը՝ ջանում են ուղղորդել հայաստանյան ներքաղաքական պրոցեսներն իրենց ցանկալի հունով։
-Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը։ Պարզ է, որ ինչքան թուլանա հայոց պետականությունը, այնքան նրանց ախորժակը մեծանալու է՝ դա միանշանակ է։ Այդուհանդերձ, այս պահի դրությամբ որեւէ լուրջ վտանգ չեմ տեսնում, քանի որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կարծես թե կայունանում է։ Ուղղակի Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս իր ապակառուցողական քաղաքականությունը։
-ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Միտրոֆանովը կարծիք է հայտնել, թե Ղարաբաղյան հակամարտությունը «մոտենում է ռազմական փուլին»։
-Հակամարտությունը միշտ էլ կարող է մտնել ռազմական փուլ, բայց դա կախված է մեր մարտական պատրաստվածությունից. եթե պետությունը եւ բանակը ուժեղ են, ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մղվում է հետին պլան։ Փաստն այն է, որ այսօրվա դրությամբ մեր բանակը պատրաստ է ոչ միայն կասեցնելու թշնամու հարձակումը, այլեւ, հարկ եղած դեպքում, խաղաղություն պարտադրելու հակառակորդին։
Այլ բան է, որ Ադրբեջանը որակապես փոխել է իր ռազմատենչ քաղաքականությունը, դարձել ավելի անհանդուրժողական, եւ ավելի բացահայտ է խոսում իր ֆաշիստական նկրտումների մասին։
-Թուրքիայի նախկին արտգործնախարար Չեթինի ասելով՝ թուրքական կողմը «ցանկանում է կրկին աշխուժացնել հակամարտության կարգավորումը»։ Ինչի՞ վրա են հույս դնում թուրքերը՝ վերստին հիշեցնելով իրենց չբավարարված «միջնորդական հավակնությունների» մասին։
-Թուրքիան որեւէ իրավական կամ բարոյական հիմք չունի իր վրա նման առաքելություն վերցնելու։ Իր անհիմն հավակնությունները բարձրաձայնելիս թուրքական կողմը պետք է գործով ապացուցի, որ շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ












