Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՎՐԱ

Ապրիլ 12, 2013թ. 11:47

4565_140507ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Այս երկու օրում սոցցանցերում, ֆեյսբուքի հայախոս տարածքում անթիվ «աղոթքագետներ» ու ծպտյալ ինկվիզիտորներ բացահայտվեցին։ Ծաղրաբանելու եւ զազրախոսելու, հընթացս դատելու եւ այպանելու պատրաստ չարացած մարդկանց ու կեղծանձերի (այսպես կոչված՝ «ֆեյք») կոհորտաներ ու լեգեոններ։ Ու բոլորը վրա էին տվել Ամենայն Հայոց կաթողիկոսի վրա։ Ի՞նչ է եղել։

Մինչ այժմ մի քանի աղմկահարույց կամ պարզապես աղմկարար ակցիաներով աչքի ընկած «Չենք լռելու» նախաձեռնությունը ապրիլի 10-ին «Յութուբ» ցանցում զետեղել է մեկ րոպե տեւողությամբ մի տեսահոլովակ։ Հատկանշական է, որ տեսահոլովակում պատկերված է մեկ տարի առաջ՝ 2012թ. ապրիլի 24-ին արձանագրված դեպք։

Իսկ «դեպքն» էլ այն է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, հոգեհանգստյան ծիսակարգի ընթացքում, «Տէրունական աղօթքը» ասելիս, չի արտասանում «…որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց» արտահայտությունը։

Եվ ահա, տեսանյութով արձանագրված այդ դիպվածը սոցցանցերում, անգամ մամուլում «համազգային» քննարկման առիթ ու առարկա է դարձել։ Ու ասես մի կենտրոնից արձակված հրահանգով, մերօրյա հավատաքննիչները վայրիվերո եւ սանձարձակ հարձակում են սկսել Ամենայն Հայոց կաթողիկոսի վրա։
Փաստորեն պիտի երկու անգամ ավելի հաճախ ասենք «Հայր մեր»-ը, որ ամեն բակում մի երկու-երեք հատ մարդակուլ խարույկ չի մխում, իսկ վարչական շրջանների հրապարակներն էլ «զարդարված» չեն ցից հանված հերետիկոսներով: Կամ էլ, «ազգովի» պրեզիդենտ, դատախազ, դատավոր, վարչապետ, հավաքականի մարզիչ ու լրագրող լինելուց հետո, երեւի իսկապես «ազգովի» կաթողիկոս կամ գոնե տերտեր դառնալու հերթն էր: Ափսոս, որ ազգովի նույնչափ չենք ուզում պետություն լինել:

Անշուշտ, ընդդեմ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի այս «վերբալ» հարձակումը, եթե կուզեք՝ «տրավլյա»-ն, մի շարք հարթություններ ունի՝ սկսած հուզաբարոյականից, վերջացրած հոգեւոր անվտանգության խնդիրներով։ Եվ դրանց դեռ կանդրադառնանք։

Մինչ այդ նշենք, որ երեկ մեր թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով նշված փաստի վերաբերյալ ծավալված «քննարկումներին», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց. «Վեհափառի այդ հուզումը մարդկայնորեն հասկանալի է ու հասկանալի չէ այն սրիկայաբար շահարկելը»:

Եվ կարելի է ասել, որ տեր Վահրամը դեռ մեղմ է արտահայտվել։ Չնայած երբ նրա նման հավասարակշռված ու զուսպ հոգեւորականն է ծավալված զազրախոսությունը գնահատում որպես «սրիկայաբար շահարկում», դա բավականին խիստ է հնչում։ Ու նաեւ տեղին է ասված։
Իսկապես էլ, ի՞նչ է կատարվել։ Կաթողիկոս Գարեգին Ներսիսյանը «Տէրունական աղօթքի» մի արտահայտություն բաց է թողել։ Նա էլ մարդ է, եւ ինչպես ցանկացած մարդ, կարող է հուզմունքի կամ մեկ այլ պատճառով ինչ-որ բառ այնպես չասել, կարող է անգամ հարյուր հազար անգամ ասած աղոթքը կրկնելիս վրիպել։

Հետո՞։ Պետք է ուրեմն դրա վրա հրճվել, ատամները ցցել կամ մատները տնկել ու քաղքենիաբար վրա տալ, ծեքծեքալով՝ «կաթողիկոսը «Հայր մեր»-ը չգիտի…» ու նման բանե՞ր։ Այսինքն՝ անել ու ասել այն ամենը, ինչ այս օրերին դիտարկվում էր սոցցանցային գրառումներում եւ որոշ լրատվամիջոցների էջերո՞ւմ։
Իսկ որտե՞ղ եւ ե՞րբ է վրիպումը տեղի ունեցել։ Ապրիլի 24-ին, Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, Անմար կրակի մոտ։ Հնարավո՞ր է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հուզված է եղել այդ պահին, ինչպես ամեն մի նորմալ հայ մարդ է հուզվում ա՛յդ օրը, ա՛յդ վայրում։
Այո, ծիսակարգը մնում է ծիսակարգ։ Բայց դրանից բարձր բաներ էլ կան։

Ավելին՝ նույնիսկ խորհրդանշական է, թե հատկապես ո՛ր արտահայտությունը չի արտասանել Վեհափառը՝ «…որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց»։ Ովքեր գրաբար չգիտեն, նշենք՝ «…ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ»։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում աղոթքի այս տողերը նույնիսկ մի տեսակ չեն հնչում, որովհետեւ այդ պահին ամեն մի հայի մտապատկերում այն հանցանքն է, որ մեր ազգի դեմ գործել է ցեղասպան թուրքական կառավարությունը։ Ու ինչքան էլ քրիստոնյա լինես, այդտեղ, այդ պահին սիրտդ ու հոգիդ ընդվզում են լեզվիդ դեմ։

Արժե դիտարկել նաեւ «Չենք լռելու» նախաձեռնության պահվածքը, որ շատ ավելի ուշագրավ է։
Ի՞նչ է ստացվում։ Մեկ տարի առաջ կաթողիկոսը, հուզված լինելու կամ մարդկայնորեն ընկալելի որեւէ այլ պատճառով, վրիպել է։ Ու հայտնվել են մարդիկ, որ 37 թվին նաեւ հայ հոգեւորականների դեմ «ստուկաչություն» անողների պես կամ նրանց հոգեթոռները լինելով, մի ամբողջ տարի իրենց մաղձատոպրակում մտապահել են այդ դրվագը։ Լռել ու պապանձվել են, ծպտուն չեն հանել։

Եվ հիմա, կատարվածից մեկ տարի անց, մեկ էլ, հո՛պ, «կոմպրոմատը» դրել են շրջանառության մեջ։ Բա եթե այդպես «չլռողներ» էիք, մի տարի, կես տարի առաջ մի բան ասեիք, ինչո՞ւ էիք պապանձվել։
Թե՞ ուղղորդիչներին հենց ապրիլի 10-ին էր պետք այդ «նյութը» շրջանառել։ Ինչո՞ւ հիմա։ Պատճառները կարող են մի քանիսը լինել։ Բայց ենթադրում ենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ հիմա ձեռնարկված այս քարոզչական հարձակման հիմնական պատճառներից մեկն էլ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը Գարեգին Երկրորդի մասնակցությունը, օրհնանքը եւ ելույթն էին։
Այսինքն՝ ինչ-որ մեկը քաշել է լեզվանի խամաճիկների ցանցաթելիկները, եւ խնդրեմ՝ «Յութուբում» հայտնվել է «վարկաբեկիչ» տեսանյութը, հաջորդող «բոմբ» ու «խարազանիչ» վայվլիկով, քաղքենիական ծեքծեքումներով։

Գուցե ոչ հիմնական, բայց մշտապես առկա պատճառներից մեկն էլ կարող է լինել աղանդավորական վարկածը։ Հայ Առաքելական եկեղեցու, առավել եւս Հայոց հոգեւոր առաջնորդի դեմ ուղղված ցանկացած քայլ, ինքնըստինքյան, ուժեղացնում է մեր հասարակությունը մի քանի կողմից ծվատող զանազան աղանդների ու հոգեորսների դիրքերը։ Եթե չլռող «տեսահոլովակչիները» այդքան բան չեն գիտակցում, ապա վայ իրենց։ Եթե գիտակցաբար են անում, ապա վայ մեր հոգեւոր անվտանգության վիճակին։
Տողերիս հեղինակը, ստուգապես, ամենալավ հայ քրիստոնյան չէ։ Բայց Հայոց կաթողիկոսի դեմ, անկախ նրա անձից, նման հարձակումը, իմ համոզմամբ, նենգություն է որ կա։
Տեր, այդ ձեւական չլռողներին փրկիր չարից, գուցե նրանք չեն գիտակցում, թե ի՛նչ են անում։


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն