ՔԱՆԻ ԴԵՌ ՕՐԵՆՔ ՉԿԱ, ՀՈՒՆՁՔԻ ՏԵՐՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՆ Է
Հայաստանում գործող աղանդավորական տարաբնույթ կազմակերպությունների ծավալած գործունեությունը վտանգավոր ու սպառնալի ձեւեր է ընդունում: Դրսի ուժերի կողմից կառավարվող հոգեւոր ոլորտի զենքը` աղանդը, հրապարակ է նետվել ու կատաղի պայքար է մղում մեր պետական կրոնի, Հայ Առաքելական եկեղեցու դեմ, ոտնահարելով հայ ժողովրդի ազգային, պետական ու հանրային շահերը:
Աղանդավորական կառույցների ցանցում առավել հեշտությամբ հայտնվում են Հայաստանի գյուղերի ու փոքր քաղաքների բնակիչները: Պատկերը խիստ մտահոգիչ է Չարենցավան քաղաքում: Առանց այն էլ արտագաղթից դատարկված քաղաքում չկա մի ընտանիք, որի անդամները որեւէ աղանդավորական կառույցի հետեւորդ չլինեն:
Քայքայիչ աղանդների գործունեության ուսումնասիրմամբ զբաղվող փորձագետներից մեկը նկատեց, թե Չարենցավանում ընտանիքներ են քայքայվում «կրոնական» հողի վրա: Եթե տան անդամներից մեկը մորմոն է, մյուսը` եհովական, պատկերացնո՞ւմ եք, թե նման ընտանիքում ինչպիսի լարված վիճակ է տիրում:
«Եհովայի վկաները», մորմոնները, 50-ականներն ու «Կյանքի խոսք» աղանդավորական կառույցները ցեցի պես մասնատել ու իրար մեջ են բաժանել ոչ միայն բնակիչներին, այլեւ քաղաքի ողջ տարածքը. ուր նայում ես` այս կամ այն աղանդավորական կառույցի շքեղ շենքն է աչքի զարնում` իր հողատարածքներով:
Ցավոք, այս պատկերը միայն Չարենցավանին բնորոշ երեւույթ չէ: Աղանդավորական կազմակերպություններն ամուր հաստատվել են նաեւ Վանաձորում, Ստեփանավանում, Աշտարակում, Արտաշատում, Սյունիքի մարզի տարբեր քաղաքներում ու գյուղերում: Կան գյուղեր, որոնք ամբողջությամբ ընդգրկված են այս կամ այն աղանդի ցանցում: Եվս 1-2 տարի, ու անկարող կլինենք կասեցնել անկումը:
Եվ չնայած օրեցօր ահագնացող վտանգին, առ այսօր վերջնականորեն ձեւավորված չէ անգամ աղանդավորական կառույցների հետ հարաբերվելու իրավական դաշտը, էլ ուր մնաց, որ ի զորու լինենք նրանց դեմ պայքարելու: Չունենք փորձագետներ, չկան ոլորտի մեջ մասնագիտացած իրավաբաններ:
Արդյոք սա մեզ հատուկ անտարբերության հետեւա՞նք է, թե՞ առավել լուրջ խնդրի հետ գործ ունենք` դիմադրության: Պարզվում է, այդպես է որ կա: Ուսումնասիրությունների համաձայն, ԱՊՀ երկրների շարքում հատկապես փոքր Հայաստանում է, որ գրանցված են այսչափ մեծաքանակ օտարածին «կրոնական» կառույցներ, գործում են «օթյակներ», որոնք զբաղված են աղանդավորական հզոր լոբբինգով ու կատաղի պայքար են մղում իրավական դաշտի կայացման դեմ:
Արդեն 2 տարի է, որ քննարկվում է 1990-ականներից փոփոխությունների բազմաթիվ փուլեր անցած «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի հերթական նոր նախագիծը, բայց շարունակաբար չի արժանանում միջազգային կառույցների հավանությանը: Նպատակն ակնհայտ է` Հայաստանին պարտադրել աղանդավորական կառույցներին տրվող այնպիսի արտոնություններ, որպիսիք լիովին մերժելի են հենց իրենց երկրներում:
Օրենքի նախագիծը ներկայումս գտնվում է արդադադատության նախարարությունում, սակայն կառավարությանն առընթեր Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետն ու ՄԻՊ խորհրդականը հայտնեցին, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը երկար ժամանակ է՝ ոչ մի տեղեկություն չունեն նախագծի ճակատագրից, չնայած ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ:
Վարչության պետ ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆՆ անդրադարձավ նաեւ մի շարք մտահոգությունների: «Կան կազմակերպություններ, որոնք սկզբնապես գրանցվել են որպես կրոնական, բայց հետագայում ներկայացել են իբրեւ հասարակական, բարեգործական կազմակերպություններ: Սակայն նախագիծը չի հստակեցնում նրանց կարգավիճակը»:
Այս առնչությամբ Քայքայիչ աղանդների վերականգնողական կենտրոնի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ առաջարկեց, «Կարդացեք Ջոն Քոլեմանի «300-ի կոմիտե» գրքի վերջում նշված այն կառույցների ցանկը, որոնք աջակցում են 300-ի կոմիտեին, դրանք բանկային, բարեգործական, մշակույթի, գրանտային կառույցներ են: Եվ հետո դա համադրեք հայաստանյան կառույցների ցանկին. դրանք բոլորը գործում են մեր երկրում»:
Այսպես. մորմոնների բարեգործական ծրագրերով տարեկան 130-150 մլն ԱՄՆ դոլար էր պտտվում: Մեխանիզմը սա է. տվյալ ապրանքն արժե 100 ԱՄՆ դոլար, բայց որպես բարեգործական գնահատվում է 5 ԱՄՆ դոլար, այն մտնում է Հայաստան ու որպես այդպիսին ազատված է հարկային դաշտից. հասցեատերը աղանդավորական որեւէ կառույց է: Կառույցի ղեկավարները ստացած 1000 ապրանքից հինգը տալիս են անդամներին, 95-ը մտնում է վաճառքի շուկա եւ իրացվում 100 ԱՄՆ դոլարից բարձր արժեքով: Պատկերացնո՞ւմ եք, թե ի՜նչ գումարների հետ գործ ունեն:
«Խարբերդում գործում է «Աստծո զինվորներ» կոչվող եկեղեցին, այստեղ կանանց օգտագործում են որպես մարմնավաճառներ, տղամարդկանց` ծառաներ: «Եկեղեցու» «տիրամայրը» երկու անգամ դատապարտվել է խուլիգանության եւ խարդախության համար: Եվրոպան աղմուկ բարձրացրեց ի պաշտպանություն սրա, չորս ամիս անց ազատվեց: Այսօր Խարբերդում փողոցների ու մի քանի բնակարանների սեփականատեր է»:
Անդրադառնանք մյուս խնդրին` աղանդավորական տաճարների կառուցման իրավունքի հարցին: Ինչպես նկատեց Վարդան Ասծատրյանը, «փողը շատ հարցեր է լուծում», իսկ դրա պակասը չունեցող, դրսից ֆինանսավորվող աղանդավորական կառույցներն այսօր Հայաստանի տարբեր շրջաններում զբաղված են տաճարաշինությամբ: Մինչդեռ հայ մտավորականների բողոքի ձայնը չի լսվում, փոխարենը որոշներն ուղղակի վայնասուն են բարձրացնում, երբ Հայ Առաքելական եկեղեցին իր ժողովրդին հասանելի լինելու համար եկեղեցիներ է կառուցում:
Քանի որ այս հարցում եւս չկա իրավական հստակություն, ուրեմն. «Եթե հանկարծ կրոնական կառույցներից որեւէ մեկի մտքով անցնի տաճար ունենալ Հանրապետության հրապարակում` կարող են հասնել իրենց նպատակին», ձեռքները բռնող չկա` կվճարեն ու կկառուցեն: Այդպես եղավ եւ Վանաձորում. Եհովայի վկաները, չնայած ժողովրդի բողոքին, այնուհանդերձ կարողացան գլուխ բերել իրենց «տաճարի» կառուցումը: «Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում մանկական խաղահրապարակը տրամադրվել էր նրանց շինության կառուցման համար: Հարցը պետք է շտապ կարգավորվի օրենքով»:
Նախագծից հանվել է նաեւ կրոնական կառույցին տրվող կոնկրետ սահմանումը: Իսկ դրա բացակայությունը թույլ չի տա հստակ պատկերացում ունենալ, թե իրականում ի՞նչ կազմակերպության մասին է խոսքը: «Օրինակ, ասում են՝ պատկանում է ինչ-որ համաշխարհային կրոնի, իսկ ո՞րն է այդ համաշխարհայինը, դե եկեք ու հիմա էլ «համաշխարհայինի» սահմանումը տվեք»:
Ոչ պակաս մտահոգիչ է եւ այն, որ նախագծից հանվել է նաեւ փորձագիտական եզրակացության գործառույթը: Վարդան Ասծատրյանի կողմից առաջարկ է եղել ստեղծել փորձագիտական հանձնաժողով, որը նախապես կուսումնասիրի գրանցվել ցանկացող կազմակերպության գործառույթներն ու կտա փորձագիտական եզրակացություն:
Տեղին է եվրոպաների հրահանգների հլու կամակատարներին մի կարեւոր փաստ հիշեցնել: ԵԽ13/61 բանաձեւում ամրագրված է հետեւյալ կետը. Հայաստանում ստեղծել անկախ տեղեկատվական կենտրոն` կրոնական կառույցների մասին քաղաքացիներին տեղեկություն տրամադրելու համար:
Սակայն կառույցը մինչ օրս գոյություն չունի, իսկ դա նշանակում է, որ ինքներս մեր ձեռքով մեր ժողովրդին զրկել ենք տեղեկատվություն ստանալու եւ ընտրություն կատարելու իրավունքներից:













