Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Քրդական պետության բացակայությունը` «հակահայ պահվածքի հետեւանք»

Ապրիլ 17, 2013թ. 23:59

«Քրդական պետության բացակայությունը նաեւ հենց իրենց` քրդերի, նախորդ դարասկզբին դրսեւորած հակահայ պահվածքի հետեւանք է», – Zaman օրաթերթի կիրակնօրյա համարում նման կարծիք է հայտնել ամենահայտնի ժամանակակից թուրք գիտնականներից մեկը` Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր,
սոցիոլոգ եւ պատմաբան Դողու Էրգիլը:

Գիտնականը հիշեցնում է, որ 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքված Սեւրի պայմանագիրը նաեւ անկախ Քուրդիստանի ստեղծում էր նախատեսում, ինչին սակայն քրդերն այն ժամանակ գերադասեցին
ընդդիմանալ:

«Քրդերն անկախ պետության ստեղծում չէին ցանկանում մի քանի պատճառով: Դրանցից առաջնայինը նույն տարածքներում անկախ Հայաստանի ստեղծման մտադրությունն էր: Քրդերը ցանկանում էին
կանխել իրադարձությունների նման զարգացումը», – նկատում է թուրք գիտնականը` միաժամանակ նշելով, որ Օսմանյան կայսրության հպատակ հանդիսացող քրդերի հակահայ պահվածքը զգացվում էր
դեռ մինչեւ Սեւրի պայմանագրի ստորագրումը` 1915 թվականի ցեղասպանության շրջանում:

«Քրդերը համագործակցեցին թուրքերի հետ հայերին վտարելու, նրանցից հետո մնացած ունեցվածքն ու սեփականությունը յուրացնելու հարցում», – նշում է Էրգիլը` մանրամասնելով. – «Արեւելյան
Անատոլիայում հայերն ու քրդերը միշտ կողք կողքի են ապրել: Քրդերը, սակայն, ակտիվորեն համագործակցեցին թուրքական պաշտոնական շրջանակների հետ` առաջատար դեր խաղալով թե հայերի
արտաքսման, եւ թե նրանց ունեցվածքի ու հողերի հետագա վերաբաշխման հարցում: Կային անգամ հայեր, որոնք իրենց երեխաներին հավատափոխ էին անում եւ հանձնում քրդական ընտանիքներին:
Քրդերի համար շատ հստակ էր` հայերի վերադարձը կնշանակի այդ ամենի վերանայումն ու
վերադարձը»:

Թուրք գիտնականի խոսքով` այն ժամանակ իրադարձությունները զարգանում էին իսլամի դրոշի ներքո, ինչը շատ հասկանալի ու ընդունելի էր քրդերի համար, սակայն, երբ Աթաթուրքի օրոք մեկնարկեց
թուրքական ազգային պետության կառուցումը, հայերից ազատված հողերը հռչակվեցին թուրքական:

«Քրդերին անտեսեց այն նույն պետությունը, որի ստեղծմանն իրենք մեծապես նպաստել էին», – նշում է Էրգիլը:

Էրգիլը համարվում է ազգային խնդիրներով զբաղվող ամենահեղինակավոր թուրք գիտնականներից մեկը: Նա առաջինն էր, որ 1995 թվականին ծավալուն մի աշխատություն հրապարակեց` նվիրված քրդական հիմնախնդրին: 2012-ին էլ նա հանդես եկավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սեփական ծրագրով, որի հիմքում դրված էին ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը,

Թուրքիայի կողմից հայերից պաշտոնապես ներողություն խնդրելն ու Ցեղասպանության զոհերի ժառանգներին` որոշակի դրամական փոխհատուցում մուծելու առաջարկը: Այս վերջին կետը կյանքի
կոչելու համար գիտնականն անգամ առաջարկում էր Թուրքիայում հատուկ գերատեսչություն ստեղծել:
azatutyun.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն