ՉԿԱ ԼԵԶՎԱԿԻՐԸ` ՉԿԱ ԵՎ ԼԵԶՈՒՆ
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հայոց ցեղասպանության մասին խոսելիս հիմնականում արձանագրում ենք հայության ֆիզիկական ոչնչացման փաստը. քիչ ենք խոսում հայ ժողովրդի մշակութային արժեքների սպանդի` էթնոցիդի մասին: Եվ երբեւէ չենք բարձրաձայնել լեզվական ցեղասպանության մասին:
Բայց ունեցել ենք մշակութային վիթխարի կորուստներ, իսկ մշակույթի բարձրագույն արտահայտությունը, ավելին՝ ժողովրդի լինելիության հիմքը, լեզուն է: Մենք խոսում ենք հայոց եկեղեցիների ավերի մասին, բայց չենք խոսում լեզվի կորստի մասին, իսկ առանց լեզվի չկա ոչ ժողովուրդ, ոչ հայրենիք:
Միջազգային ընդունված եզրույթով` լեզվական ցեղասպանությունը կոչվում է լինգվոցիդ: Վարչական, քաղաքական, տնտեսական միջոցառումների այն ամբողջությունն է, որի նպատակն է ոչնչացնել տվյալ լեզուն իր գործածության տարածքում: Փաստն այն է, որ ցեղասպանության հետեւանքով հայ ժողովուրդը կորցրեց իր երկրորդ գրական լեզուն` արեւմտահայերենը, ինչպես նաեւ արեւմտյան բազմաթիվ բարբառներ:
Բարբարոս քոչվորը գործեց իրեն հատուկ ձեռագրով` չկա լեզվակիրը` չկա եւ լեզուն: Թուրքիայում իրականացվեց պետականորեն ծրագրված, բազմաշերտ, համակողմանի մտածված ցեղասպանություն, որի նպատակն էր արմատախիլ անել այն ամենը, ինչը կարող էր հիշեցնել երկրի բնիկ տերերի` հայերի գոյությունը:
1915 թվականին Թուրքիայի կառավարությունը տարածեց մի հրահանգ, որով արգելվեց խոսել հայերեն: Լեզվաոչնչացման պետական քաղաքական ծրագրի իրականացման վերահսկողությունը հանձնարարվեց մոլլաներին:
Արեւմտյան Հայաստանը մեր հայրենիքի մեծ մասն է. բնականաբար, արեւմտյան բարբառներն էլ կազմել են հայոց բարբառների զգալի մասը: Տասնյակ բարբառներ ենք անվերադարձ կորցրել: Խորհրդային ժամանակներում ԳԱԱ-ն նպատակ ուներ ստեղծելու լեզվագիտական ատլաս, որը ներկայացներ, թե ցեղասպանության հետեւանքով դեպի ո՞ւր տեղահանվեց, որտե՞ղ ապաստանեց այս կամ այն բարբառը կրող հայ բնակչությունը, ո՞ր բարբառակիրներին է հաջողվել պահպանել իրենց բարբառը:
Սակայն այդ նախաձեռնությունն այդպես էլ չվերաճեց գործի: Այսօր մենք չունենք անգամ բարբառների համահավաք, ամբողջական մի ժողովածու:
Խոսում ենք ցեղասպան Թուրքիային միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու անհրաժեշտության մասին` մոռանալով, որ բարբառագիտական ատլասը կլիներ իրավական այն փաստաթղթերից մեկը, որով միջազգային դատարանում կհնչեցվեր հարցը` ո՞ւր անհետացավ այս բարբառներով խոսող ժողովուրդը:
Փաստն այն է, որ մեր արեւմտյան բարբառների 30 տոկոսը կարելի է համարել անվերադարձ կորած: Բայց մենք պարտավոր ենք գնալ եղածի հետքերով եւ փրկել այն, ինչ կա:
Նաեւ բարբառագիտության բնագավառում մեծ ավանդ ունեցող լեզվաբան Գուրգեն Սեւակը գրել է. «Մեզանում բարբառներն ուսումնասիրված են լայնությամբ, բայց ոչ խորությամբ». խոսքը հենց խորությամբ ուսումնասիրության մասին է: Բարբառների խորքային ուսումնասիրությունը շատ կարեւոր է նաեւ լեզվի ու այն կրող ժողովրդի պատմության կնճռոտ էջերի բացահայտման առումով. չէ՞ որ բառը տվյալ ժողովրդի կենսագրությունն է:
Մշակութային ցեղասպանության դրսեւորում է նաեւ Արեւմտյան Հայաստանում արդեն մեկ դար շարունակվող տեղանունների թրքացումը: Տեղանունների նենգափոխումը եղել եւ մնում է թուրքական կառավարության քաղաքականության բաղադրիչ մասը, որը ոչ այլ ինչ է, քան ուրիշինը յուրացնելու քոչվորի մտայնության պետական դրսեւորում: Վերանվանելու մոլուցքը, որ շարունակվում է մինչեւ այսօր, միայն լեզվական երեւույթ չէ: Չէ՞ որ տեղանունները նաեւ ազգի հիշողություն են, պատմական իրականություն, ուստի թուրքական կառավարության թիրախ:
Թուրքիայի ռազմական նախարար Էնվերի` 1915թ. հունվարին արձակած հրամանի առաջին կետում գրված է. «Օսմանյան տերության մեջ անվանափոխել հայերեն, հունարեն, բուլղարերեն աշխարհագրական բոլոր անվանումները: Ոչինչ չպետք է հիշեցնի ոչ մուսուլման ժողովրդի գոյությունը»:
Հետագա տարիներին Էնվերի հրամանը դարձավ պատգամ Թուրքիայի բոլոր իշխանությունների համար. հրահանգը սրբորեն կատարվում էր: Դրա տրամաբանական շարունակությունը 1957թ. տեղանունների փոփոխության պետական հանձնաժողովի ստեղծումն էր:
Տասնամյակներ շարունակ ինքներս մեզ հանգստացրել ենք, թե չնայած հայրենիք ենք կորցրել ու աշխարհասփյուռ դարձել, սակայն կարողացել ենք պահպանել մեր լեզուն, մեր մշակույթը: Բայց բնօրրանից պոկված հայն ի վիճակի՞ է անաղարտ պահել իր լեզուն: Դրսում` օտարի արժեքային համակարգում, դու ստիպված ես հարմարվել ու դրանով իսկ կորցնել ինքնությունդ. այն քո մեջ կմաշվի, զավակիդ մեջ կվերանա, թոռանդ մեջ այլեւս չի էլ հիշվի: Օտարության մեջ մենք պահպանել ենք միայն մեր մշակույթի հիշողությունը:
Ասում ենք, որ ունենք երկու գրական լեզու` արեւելահայերեն ու արեւմտահայերեն: Բայց իրականում արեւմտահայերենը նախկին գոյությունը չունի, այն պահպանվել է միայն գրական ստեղծագործություններում: Այլեւս չկա Պարոնյանի, Սիամանթոյի, Դուրյանի, Վարուժանի արեւմտահայերենը: Որովհետեւ լեզուն կրող ժողովուրդը ոչնչացվեց իր իսկ բնօրրանում: Իսկ եղածն ընդամենը արեւմտահայերենի բեկորներ են, որ կարողացել է պահպանել ցեղասպանությունից փրկված հայը: Եվս 15-20 տարի, եւ այդ բեկորներն էլ չեն լինելու:
Մնացածը հեքիաթ է, իսկ լավագույն դեպքում` գեղեցիկ միջոցառում:













