Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ, Ցեղասպանություն

Մեզ պետք չէ’ ցեղասպանության ճանաչում առանց հատուցման

Ապրիլ 23, 2013թ. 14:08

ՙՀայոց Աշխարհ՚-ի հարցազրույցը ՙՄոդուս Վիվենդի՚ կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ

-Այն, որ աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին համախմբվում է ոչ միայն սգալու անմեղ զոհերի հիշատակը, այլև բարձրաձայնելու հայոց պահանջատիրության մասին, նշանակո՞ւմ է, արդյոք, որ հայությունն սկսել է գիտակցել` ճանաչումների շրջանն ավարտված է, եկել է խնդրի իրավական փուլը:
-Ցավոք, ոչ, առ այսօր չկա այդ գիտակցումը, նկատելի են ընդամենը դրա սաղմերը: Մարդիկ սկսել են հարց տալ` ի՞նչ է տալու ցեղասպանության ճանաչումը, և արդյո՞ք դրանից բխում է հատուցում: Արդյո՞ք, եթե Օբաման արտասանեց genoside բառը, դրանից կփոխվի ամերիկյան քաղաքականությունը: Ոչինչ չի փոխվելու, որովհետև ԱՄՆ-ն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. առաջին անգամ 1951-ին, իսկ 80-ականերին այն երկու անգամ վերահաստատել է Ռեյգանը: Կանադայի խորհրդարանի երկու պալատները ևս ճանաչել են, կառավարությունն էլ հանդես է եկել հայտարարությամբ, բայց դրանից ոչինչ չի փոխվել: Մինչդեռ սփյուռքի համայնքները ժամանակի և ֆինանսների մեծ մասը շարունակում են ծախսել միայն ճանաչման գործընթացի վրա: Փոխարենը վարձեն իրավաբանների, ֆինասավորում են միայն քաղաքական գործիչների. Ջոն Քերին դրա վառ օրինակն է: Նա իր ողջ կյանքում հանդես է եկել հայամետ հայտարարություններով, հայերից ստացել բազմամիլիոն նվիրատվություններ, քվեներ, բայց հենց դարձավ պետքարտուղար` 24 ժամում տեսակետը փոխեց: Այսինքն, ԱՄՆ-ում ոչ թե պաշտոնյան է որոշում քաղաքականությունը, այլ կա որոշված քաղաքականություն, որով պաշտոնյաները պարտավոր են առաջնորդվել:
-Ժամանակն է, որ հայությունն իր ջանքերն ուղղի գործընթացը իրավական հարթություն տեղափոխելուն: Եվ ուրեմն, ինչի՞ց պետք է սկսել, արևմտահայությունը, որ ցեղասպանության հետևանքով հայրենիք է կորցրել, կարո՞ղ տարածքների հատուցման պահանջ բարձրացնել:
-Թյուր կարծիք կա, թե մեր հողերի տերը արևմտահայերն են, այդպես չէ: Նրանք իրենց հողակտորների կամ համայնքային սեփականության տերերն են, բայց հայրենիքի տերը Հայաստանի Հանրապետությունն է: Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով այդ տարածքը տրվել է ոչ թե հայ ժողովրդին, այլ Հայաստանի Հանրապետությանը:
-Այսինքն, մեր հողերի պահանջատերը Հայաստանի Հանրապետությունն է, հետևաբար, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, մեր երկիրն ինչպե՞ս կարող է հանդես գալ:
-Հայաստանի Հանարպետությունը Միջազգային դատարան պետք է դիմի ոչ թե տարածքները մերը լինել-չլինելու, այլ կարծիք հայցելու նպատակով: Այսինքն, արդյո՞ք, իրավարար վճիռն առ այսօր ուժի մե՞ջ է, թե` ոչ: Բնականաբար, ուժի մեջ է, մեզ ընդամենը պետք է ստանալ այդ կարծիքը: Ապա դիմել ՄԱԿ-ի քաղաքական մարմին` Անվտանգության խորհուրդին ու ասել, մեր ձեռքում է իրավական մարմնի եզրակացությունը, դե հիմա ինքներդ որոշեք` ի՞նչ միջոցներով պետք է հասնել իրավարար վճիռի իրականացմանը:
-Օսմանյան կայսրության հայազգի քաղաքացիների և համայքային կազմակերպությունների իրավունքներն ամրագրված են եղել երկրի գործող օրենսդրությամբ: Այդ փաստաթղթերը պահպանվա՞ծ են, կարո՞ղ են օգտակար լինել հատուցման գործընթաց սկսելիս:
-Այո, պահպանված են, իսկ հատուցման գործընթացը պետք է բաժանել երեք մակարդակի: Նախ, Օսմանյան կայսրության հայազգի անհատ քաղաքացիներն ունեցել են սեփական գույք, ինչը հաստատում են թաբուները` սեփականության վկայականները: Դրանց զգալի մասը պահպանված է թուրքական արխիվներում, մի մասն էլ մարդկանց մոտ է: Եթե աշխատենք այդ ուղղությամբ` արխիվներից վերցնենք ու պատճենահանենք այդ փաստաթղթերը, կկարողանանք հարյուր հազարավոր հայցերով մտնել դատարաններ, ինչպես արեցին հրեաները Լեհաստանում, Ռումինիայում: Այ, դա կլինի ռեալ գործ: Մյուսը համայնքային գույքն է: Հայերն ունեցել են եկեղեցիներ, դպրոցներ: Այն գումարները, որոնք այսօր ծախսվում են ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա, եթե հատկացնենք ու 50 օսմանագետներ պատրաստենք, նրանց գործուղենք Երուսաղեմ` սեփականության վկայականները օսմաներենից անգլերեն թարգմանելու համար, վարձենք իրավաբաններ, ապա կարող ենք սկսել մեր մյուս դատական գործընթացը: Ինչ վերաբերում է տարածքներին, կրկնում եմ դրանց իրավատերը Հայաստանի Հանրապետությունն է, մեր հողերը մենք կարող ենք հետ բերել թուրքական բռնազավթումից միայն իրավական ճանապարհով` Վիլսոնյան իրավարար վճիռով: Ուշադրություն դարձրեք, ինչո՞ւ այլ պետությունների սահմանների հարցերը որոշվեցին խաղաղության պայմանագրերով, մինչդեռ հայ-թուրքական սահմանը որոշվեց իրավարար վճռով, մի փաստաթուղթ, որն անբեկանելի է ու ենթակա չէ վերաքննարկման: Դա պատահական չէր, Վուդրո Վիլսոնը լավ էր հասկանում, որ Հայաստանին կարող են ստիպել նոր պայմանագիր ստորագրել ու հրաժարվել սահմաններից, դրա համար սահմանների հարցը որոշեց դատական վճռով, որը տասնամյակներ հետո էլ կարող է իրավական հիմք ծառայել գործընթացների համար: Դա փայլուն գործիք է մեր ձեռքում, մնում է, որ հայերս կարողանանք այն օգտագործել:
-Տարիներ շարունակ խոսում և ներկայացնում եք այդ կարևորագույն փաստաթուղը, ինչպե՞ս կարող ենք այն օգտագործել Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ:
– 2015-ի նախաշեմին մենք կարող էինք պահից օգտվել ու մեծ հնչեղություն տալ այս փաստաթղթին, ցավոք, այդ պահը ես արդեն համարում եմ անցած: Մենք չենք կարող այլևս որևէ լուրջ բան անել, ժամանակ չկա, և 15-ը կլինի ընդամենը սինվոլիկ, ձևական միջոցառումների թվական: 2011-ին Հայոց ցեղասպանության 100 ամյակի պետական հանձնաժողովի առաջին նիստում, նախագահ Սերժ Սարգսյանը ի պատիվ իրեն, ուշադրություն հրավիրելով Վիլսոնի իրավարար վճռի վրա, ասաց, որ այն մեզ համար շատ կարևոր փաստաթուղթ է: Բայց այն մարդիկ, ովքեր պետք է նախագահի դիրոքորոշումը կենսագործեին, միս ու արյուն տային, ոչինչ չեն արել: Վերջերս դարձյալ, նախագահը հետաքրքիր մտքեր ասաց իր ուղերձում, այն շատ ավելի պահանջատիրական էր, քան պետական հանձնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը, չնայած պետք է որ հակառակը լիներ:
-Ի դեպ, հանձնաժողովի աշխատանքներից դժգոհ հեռացան և Հայաստան ժամանած սփյուռքահայերը:
-Որովհետև գործ չեն տեսնում: Հանձնաժողովի նպատակն է գիտական կոնֆերանսներ հրավիրելը, ցուցահանդեսներ կազմակերպելը: Այսինքն, հավաքվելու են, խոսեն ու գնան: Մյուս կետով ասվում է` պայքարել ժխտողականության դեմ: Սա խիստ վտանգավոր եմ համարում: Թուրքիան մեզ թելադրում է իր օրակարգը, այսինքն, ինքը ժխտում է ու մեզ ստիպում, որ մենք շեղվենք մեր բուն նպատակից ու կենտրոնանանք ժխտումը ժխտելու վրա: Թուրքերը սարսռացին, լսելով պետական մակարդակով ստեղծված հանձնաժողովի մասին ու սկսել են պայքարել, վստահ եմ, որ իրենց պայքարը կլինի ավելի արդյունավետ, քանի որ և’ լուրջ մասնագետներ, և’ ֆինասներ են հատկացրել: Ստացվում է, որ մեր աշխատանքը արդյունք չի տալիս, բայց թուրքերին դրդում է ավելի արդյունավետ աշխատելու:
-Իսկ ի՞նչ տեղեկություններ ունեք թուրքական հակաքայլերի մասին:
-Նրանք ունեն լուրջ ծրագրեր, ֆիլմեր են նկարահանում, հայկական համայնքներում զբաղված են պառակտիչ գործունեությամբ. գտնելով ՙչափավոր՚ հայացքների տեր հայերի` լրագրողների, ՀԿ-ի ներկայացուցիչների, մտավորականների, նրանց հրավիրում են Թուրքիա կերուխումի, բարձրակարգ հյուրանոցներ առաջարկում, սրանք էլ գալիս ու սկսում են ասել, թե Թուրքիան փոխվե~լ է:
Ես էլ եմ կողմ հաշտեցմանը, բայց դա կլինի անկեղծ ու մնայուն, եթե խարսխված լինի արդարության վրա, պարտադրանքի վրա հաշտեցում չի կարող լինել: Թուրքիան, առնվազն, 2 ինստիտուտ է պահում, տարեկան 12 մլն դոլար ծախսում, իսկ մենք անգամ լուրջ մասնագետներ չունենք: Հարյուրավոր մարդիկ մեզ մոտ քաղաքագիտությունից դիսերտացիաներ են պաշտպանում, բայց ո՞ւր են նրանք, ի՞նչի են պետք նրանց գիտական կոչումները, եթե չպետք է ծառայեն ազգային պայքարին:
Հավանական եմ համարում, որ թուրքերը 2015-ին ընդառաջ կճանաչեն հայոց ցեղասպանությունը, կառավարական մի պատվիրակություն էլ կգա ու հարգանքի տուք կմատուցի Ծիծեռնակաբերդի համալիրում: Դրանից հետո Արևմուտը մեզ կասի` ճանաչում չէիք ուզո՞ւմ, ստացաք, իսկ Թուրքիան Արևմուտքին կներկայանա որպես զարգացած դեմոկրատական երկիր: Բնականաբար, շահեց Թուրքիան:
Այսօր ակնհայտ փոփոխություն կա թուրքերի մոտեցումներում. նրանք, որոնք խոսում են ցեղասպանության ճանաչման մասին, այդ թվում Թաներ Աքչամը, երբեք չեն խոսում հատուցման մասին, մի բան էլ մեզ են համոզում չխոսել այդ մասին, պատճառաբանելով, թե կխանգարեք Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը: Այսինքն, միջոցը դարձնում են նպատակ: Բայց մեզ պետք չէ’ ցեղասպանության ճանաչում` առանց հատուցման:
-Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը չի՞ կարող հանգեցնել նաև հատուցման:
-Իհարկե ոչ: Կասեն, նման պարտավորություն չունենք, իսկ այն ինչ դուք հայրենիք եք համարում, Օսմանյան կայսրության տարածք է, և վերջ: Եվ միայն Վիլսոնյան իրավարար վճիռն է, որ հստակ ապացուցում է, որ Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրության տարածք չէ, այն հայության հայրենիքն է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն