Երկու Կաթողիկոսները համատեղ հայտարարությամբ Թուրքիայից պահանջում են Ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հատուցել
Այսօր համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Առաջինը:
Մայր Աթոռից ստացված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ 2015 թ. “հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ի սփյուռս աշխարհի նշելու է 100-րդ տարելիցը Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության:
Անհատական սեփական կալվածքների հետ Օսմանյան կայսրության ենթակայության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, ինչպես և Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայությունը կորցրեց նաև եկեղեցապատկան կալվածքներ` եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրոնական, կրթական ու բարեսիրական կենտրոններ, մշակութային ու կրոնական մեծ արժեք ունեցող իրեր` խաչքարեր, ձեռագրեր, սրբանկարներ և այլն:
Ցեղասպանության ենթարկված ու բռնի միջոցներով տեղահանված հայ ժողովրդին պատկանող բոլոր կալվածքները սեփականացվեցին Թուրքիո պետության կողմից` ”լքյալ կալվածքներ” անվան տակ: Ցեղասպանությունից 98 տարիներ անց Թուրքիո ներկա պետությունը` որպես իրավահաջորդը Օսմանյան կայսրության, ոչ միայն մերժում է իր նախորդների ծրագրած ու իրագործած ցեղասպանությունը, այլև շարունակում է իր հակահայ քաղաքականությունը` բռնագրավված պահելով հայ ժողովրդի կրոնական ու մշակութային արժեքները` եկեղեցապատկան կալվածքներն ու իրերը:
Հետևաբար, կոչ ենք ուղղում Թուրքիո պետությանը և պահանջում. Ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների և մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց, վերադարձնել հայ ժողովրդին` որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները և հոգեվոր-մշակութային արժեքները:
Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին մեր բոլոր կարելիությունները ի գործ պիտի դնենք` միասնաբար իրականացնելու հայ ժողովրդի պահանջները` հանուն արդարության և հայության իրավունքների պաշտպանության”, – նշված է Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսների համատեղ հայտարարության մեջ:
24, ապրիլ, 2013թ.












