Գլխավոր » TOP, Ազգային գաղափարախոսություն, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

ԳՐԱՆՏԱՍԵՐ ՓԵՐԵԶԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՏԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ

Ապրիլ 24, 2013թ. 23:37

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Ոչ միայն առանձին անհատների, այլեւ տվյալ ժողովրդի համար գալիս է մի պահ, որը անհրաժեշտ խորությամբ չվերլուծելու պարագայում կարող է դառնալ վտանգավոր եւ նույն այդ ժողովրդի համար` հղի անկանխատեսելի հետեւանքներով: Հիմա, մեր խորին համոզմամբ, նույնպիսի մի պահ է, իսկ դա չտեսնելը` քաղաքական հավկուրություն:
Հայաստանի անկախության տարիներին, անշուշտ, ունեցել ենք ձեռքբերումներ, անշուշտ, դարձել ենք պետություն, որ իր լավ ու վատով փաստացի գոյություն ունի. դեռ մի բան էլ ավելի:

Լավի բազմապատկման ու վատի չեզոքացման ժամանակն է: Լավը բազմապատկելու համար անհրաժեշտ է դրա գիտակցություն, վատի չեզոքացման համար անհրաժեշտ է այն նկատելու ունակություն: Սա, կարծես, չունենք: Անցած 20 տարում մեզանում արմատակալել են երեւույթներ, որոնք շոշափելիորեն վտանգում են Հայաստանի ապագան, այսինքն՝ ազգային անվտանգությանն առնչվող հարցեր են:
Մենք համառորեն չենք նկատում, որ այս տարածքում բազմացել են ուժեր ու անհատներ, որոնց գործունեության նպատակն ամենեւին էլ Հայաստանի անվտանգությունն ու բարգավաճումը չեն. լրիվ հակառակը: Այսինքն՝ գործ ունենք օտարածին հոգեւոր կլինիկաների գործակալների հետ, որոնք թիզ առ թիզ քայքայում են հայաստանյան դեռեւս միասնական հոգեւոր-մշակութային դաշտը: Եվ ամենուրեք:

Մեկը կարո՞ղ է ասել, որ այսօր ունենք ազգային որեւէ հերոս, որը լինի հայրենասիրության, գիտության, հոգեւոր գոյության խորհրդանիշ: Միասնության խորհրդանիշ, որին փորձեին ձգտել մանավանդ Հայաստանի վաղվա քաղաքացիները: Վերացրին բոլորին:
Ո՞ւմ օրինակով ենք այսօր դաստիարակում սերնդին, եթե Նժդեհն արդեն կասկածելի վարք է ցուցաբերել (թողեց-գնաց), Անդրանիկը այն հերոսը չէ, որ գովերգվում է նույնիսկ երգերում, Տիգրան Մեծը եվրոպական չափանիշների մեջ դժվար է տեղավորվում, Վարդան Մամիկոնյանը խիստ կասկածելի կերպար է, Ներսես Աշտարակեցին հայ առաջադեմ մտքի թշնամի էր, Վազգեն Վեհափառը կոմունիստների կամակատար էր, իսկ Խրիմյան Հայրիկ չի էլ եղել: Վիկտոր Համբարձումյան էլ չի եղել, ոչ էլ Մերգելյան, Օրբելիներ եւ այլք:
Սրա անունը պատմական անբարոյականություն է եւ ծրագրված գրանտակերություն:

Այսինքն՝ ծրագրված պայքար է տարվում այն ամենի դեմ, ինչ կարող է ունենալ միավորիչ դեր, սերնդին դաստիարակելու հավաքական կերպար: Բոլորս էլ հիշում ենք. սովետի ժամանակ չեղած կերպարներ էին ստեղծել, որոնք օրինակ էին սերունդների համար: Իրենք էլ գիտեին, որ դրանք հորինված են, բայց օրինակ էին, որոնց ձգում էին:
Զոյա Կոսմոդեմյանսկայան եղել է թե ոչ, Աստծուն է հայտնի, բայց հարենասիրության մարմնացում էր, որին դպրոցից սկսած հավատացնում էին: Ուլյանով Լենին մանկասպանը մանուկներին միավորող կերպար էր` նկարն էլ երեխաների բաճկոններին: Ստեղծել էին. ո՞վ էր ինչից տեղյակ: Բայց գիտակցված էր բազմաշերտ բնակչությանը միավորող կերպարների նկարագրով ամրապնդելու ճշմարտությունը: Եվ մեխանիզմն աշխատում էր:

Մենք չունե՞նք, բայց ոչ հորինված: Ուղղակի մենք մեր եղածը պատվերով քայքայում ենք, որ չլինեն: Ուրիշներն իրենց չեղածն են ստեղծում:
Ասացեք, խնդրեմ, մի ազգային հերոս, որ աներկբայորեն ընդունվի հայ մանավանդ մտավորականության կողմից։ Կա՞: Բոլորին վարկաբեկել են ստահոդ փաստերով: Վերջերս տեղեկացա, որ իրեն եկեղեցիների ճարտարագետ ապազգային մի «գետ» (առաջ կարծում էի` իսկապես) հայդուկներին անվանել է «էշի նահատակ»: Իմ պապը հայդուկ է եղել, ա’յ ավանակ, տոհմս ինչո՞ւ ես վիրավորում. որ մարդը հազարավոր հայերի է փրկել-հասցրել Արեւելյան Հայաստան ու գնդակահարվել թուրք եղբայրների դեմ կռվելո՞ւ համար:

Հաջորդ թիրախը եկեղեցին է` հայոց հոգեւոր սյունը, բայց նմանների բարոյականության մեջ տեղավորվում է նաեւ հավատի տունը քայքայելը, քանի որ վճարվող ծառայությունների պարագայում մեծապես արժեքավորվում է նաեւ թուրք գեներալների «ինտելեկտուալ» բարձրագույն աստիճանը, իսկ մենք Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին դառնում ենք այդ մարդակերության մեղավորը: Հիմա չասե՞նք, որ արանքում փող կա: Աղանդավոր զոմբիները բավական չէին, հիմա էլ մտավորականի դիմակով հայատյացներն են ասպարեզ եկել:
Ընդհանրապես մեզանում ստեղծվել է մի վիճակ, երբ «հայրենասիրություն» բառն արտաբերելը մի տեսակ երկչոտ է ստացվում, քանզի առավել արդիականը «հոմոսեքսուալիստների շքերթն» է: Հիշենք մոռացված Նժդեհին, ըստ որի, հայրենասիրություն չկա, կա հայրենապաշտություն: Հենց սրա բացակայությունն է մեր տունը քանդում:
Երիցս ճիշտ է հոգեբան Կարինե Նալչաջյանը, երբ ասում է. «Առանց արժանապատվության մարդուն որեւէ մեկը չի հարգում, իսկ հայրենասիրությունն այլ բան չէ, քան կոլեկտիվ արժանապատվություն»: Չընդունե՞նք: Կամ չասե՞նք, որ նույն այդ արժանապատվության բացակայությամբ է պայմանավորված հեռուստահաղորդման ժամանակ Տիգրան Մեծին փնովելն ու հայոց թագուհիներին վարկաբեկելը այսօրվա եվրոպական արժեհամակարգի տեսանկյունից:

Անունն ինչ ուզում եք դրեք` ազգագրագետ, փորձագետ թե էպոսագետ. երեւույթը նույնն է, ուստի իսկապես ազգային հեռուստատեսության գոյության դեպքում հենց նման հաղորդումները պետք է արգելել, որովհետեւ խեղում են սերնդի հոգեբանությունը: Եվրոպական արժեհամակարգը մեր աչքի լույսն է. քնում-արթնանում, մտածում ենք` հո սխալ չե՞նք քնել: Բայց երբ հետո սխալմամբ հեռուստացույց ենք միացնում ու լսում հայերի բերանից թուրք-ադրբեջանական մուղամ խղճի ազատության ու աղանդների լայնածավալ գործունեությանն ի պաշտպանություն, օրն սկսվում է զզվանքով: Զզվանքը հաղթահարելի է, բայց եթե հոգեւոր արժեքները քայքայելու գործընթացը պատվիրված է, այն դառնում է նաեւ վտանգավոր:
Ասացինք, որ սկսել են վարկաբեկել նաեւ եկեղեցին: Արծաթասեր կրոնավորների գոյությունը երբեւէ նորություն չի եղել, բայց գրանտասեր փերեզակների հավատի առեւտուրը անմիջապես կանխելու կարիք ունի:

Սա արտագաղթից վտանգավոր երեւույթ է, որ իրականացվում է ազգանունի «յան» վերջավորություն ունեցող պատվիրվածների կողմից: Բայց «յան տալը» երբեք չի նշանակում նետվել հակառակորդի գիրկը` նորմալ գրկից զրկված լինելու պատճառով: Սա է, որ անհանդուրժելի է: Սեփական մաղձը չի կարելի տարածել ժողովրդի պատմության վրա: Ամեն ինչ, վերջապես, մաքրվելու է, ու երեւալու է «ովի ինչը»: Մանավանդ` ինչ գնովը: Մեր ժողովուրդն իր պապերից ժառանգած ճշմարտությունները չի մոռանալու ու չի հանդուրժելու «լսումներում» ու «քննարկումներում» սեթեւեթող ազգուրացներին:
Թքել կարելի է նաեւ հետմահու:


Դիտել TOP, Ազգային գաղափարախոսություն, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն